Ք․ա․ 9-րդ դարում Վանա լճի ավազանում ստեղծվեց և աստիճանաբար հզորացավ համահայկական առաջին թագավորությունը։ Աստվածաշնչում այդ թագավորությունը հայտնի է Արարատ անունով, իսկ ասորեստանցիները այն կոչում էին Ուրարտու։ Նրա արքաները երկիրը կոչում էին Նաիրի, իսկ տեղական լեզվում, սեպագրերում այն կոչվում է Բիայնիլի, որը կապված է Վան անվան հետ։ Այդ պատճառով պատմագիտության մեջ այս պետությունը կոչում են Վանի թագավորություն։ Որպես հզոր արքա հիշատակվում է Սարդուրի 1-ինը (Ք․ա․835-825թթ.), որը հաջողությամբ դիմակայել է ասորեստանյան արշավանքներին։ Ք․ա․ 830-ական թվականների վերջին Սարդուրի 1-ինը Վանա լճի արևելյան ափին հիմնադրեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը։ Այն հսկայածավալ բնական ժայռի վրա կառուցված անմատչելի ամրոց է։ Դրա վերաբերյալ արքան թողել է մի քանի արձանագրություն, որտեղ ներկայանում է որպես <<մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա, Նաիրի երկրի արքա>>:
Իշպուինի Արքա՝
Սարդուրի I- ին հաջորդեց նրա որդին՝ Իշպուինին (Ք․ա․ մոտ 825-810թթ.)։ Նրա և որդու՝ Մենուայի արած գործերի շնորհիվ Վանի թագավորությունը էլ ավելի հզորացավ և ողջ Հայաստանը միավորվեց։ Նա ստեղծեց արհեստավարժ բանակ։ Կատարվեց կրոնական բարեփոխում։ Ստեղծվեց միասնական դիցարան, որը գտնվել է <<Մհերիդուռ>> ժայռի վրա։

Մենուա Արքա՝
Մենուայի գահակալության ժամանակ (Ք․ա․ 810-786թթ.) Վանը ավելի է հզորանում։ Վանա լճի արևելքում նրա օրոք կառուցվեց 72 կմ երկարությամբ ջրանցք, որը հայտնի է <<Շամիրամի ջրանցք>> անունով։ Մենուայի հաղթական արշավանքների շնորհիվ հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը միավորվում է պետության մեջ, ավելին ՝ գերիշխանություն է հաստատվում Ուրմիայից հարավ և Եփրատից արևմուտք, հաղթանակներ տանում Ասորեստանի նկատմամբ և դառնում տարածաշրջանի հզոր պետությունը։

Արգիշտի 1՝
Թագավորել է Ք․ա․ 786-764թթ.։ Արշավանքներից մեկի ժամանակ գրավել է Բաբելոնիան, որով երեք կողմից՝ հյուսիսից, արևելքից և հարավից շրջափակեց Ասորեստանը։ Արգիշտի 1-ինի իշխանությունը տարածվել է մինչև Փոքր Ասիան՝ Պարսից ծոց։ Ք․ա․ 782 թ. նա հիմնեց Էրեբունի բերդաքաղաքը, իսկ վեց տարի անց՝ քաղաք- ամրոց Արգիշտիխինիլին։

Սարդուրի 2՝
Սարդուրի Բ-ի գահակալման տարիների գլխավոր իրադարձություններն ամփոփվել են մի ընդարձակ տարեգրությունում։ Տարեգրության բնագրերը պահպանվել են որմնախորշի հարավային և արևելյան պատերին (42 տող), կից բացված մեծ քարակոթողին և դրա հիմքին (253 տող), ինչպես նաև մերձակա ժայռին և Վանա Սուրբ Պողոս եկեղեցու պատի շարվածքում հայտնաբերված երկրորդ մեծ քարակոթողին (ջարդված է և թերի)։ Սարդուրի Բ-ի մասին, թեև միակողմանի, բայց կարևոր տեղեկություններ են պահպանվել նաև Ասորեստանի Թիգլաթպալասար III թագավորի արձանագրություններում։
