Այսօր՝ հունվարի 25-ին, ընդհանուր պարապմունքից հետո ջոկատով հավաքվեցինք, ամփոփեցինք կատարած աշխատանքները, գրանցեցինք արդյունքները և ուղևորվեցինք Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան՝ նախագիծ կատարելու։ Մենք ընկեր Արտակի հետ պայմանավորվել էինք, որ պետք է այցելեինք այդ համալսարանը, որպեսզի այնտեղ մասնագետի հետ քննարկենք այդ ոլորտը, այդ արվեստը, հարց ու պատասխան անենք, թորման փորձն կատարենք ու վերադառնանք հետ։ Նախօրոք նաև պայմանավորվել էինք, թե որ նախագծերի շրջանակներում ենք այցելություններ անում։ Ժամը 10:30 շարժվեցինք և 20 րոպեից արդեն այնտեղ էինք։

Մուտք գործելով համալսարան, մեզ ողջունեցին, ուղեկցեցին ՀԱԱՀ-ի լաբորատորիաներ։ Քոլեջն ինքն իրենով շատ հետաքրքիր վայր էր, սակայն այն ուսումնասիրելու ու հուզող հարցեր նրա մասին տալու ժամանակ չունեցանք, քանի որ շտապում էինք։ Մտնելով լաբորատորիա, ծանոթացանք սարքերի, գործիքների հետ։ Այնտեղ դեռևս կատարում էին փորձեր ու անալիզներ։ Դրանից հետո գնացինք համտեսի սրահ, որտեղ և սկսվեց քննարկումը, մասնագետի հետ խոսակցությունը։ Մասնագետը ներկայացավ, պատմեց իր կարիերայի, կրթության մասին, պատմեց թե ինչպես է աշխատում այդ համալսարանում, ինչպիսի հաջողություններ է գրանցել և ընդհանուր ինչպես է ոլորտի վիճակը Հայաստանի Հանրապետությունում։ Մեզ դուր եկավ նրա ներկայացրածը, մենք տպավորված էինք այն բանով, որ այդքան քիմիա ու ֆիզիկա են «օգտագործում» այդ լաբորատորիաներում՝ հստակ ու մաքուր գինի ստանալու համար։ Իրոք որ, տպավորիչ էր։

Երեսուն-քառասուն րոպե անց, դուրս եկանք համալսարանից ու վերադարձանք դպրոց՝ մասնակցելու ինտելեկտուալ խաղին։ Այո, մենք նախօրոք պայմանավորվել էինք, որ մասնակցելու էինք այդ ինտելեկտուալ խաղին, թեկուզ և ուշանայինք։ Խաղը կազմակերպել ու վարում էր ընկեր Էմանուելը՝ Ավագ ու Միջին դպրոցների աշխարհագրության ուսուցիչը։ Հարցերը, ինչպես միշտ, բարդ էին, սակայն այն դեպքն էր, երբ պատասխանը «հարցի մեջ էր»։ Այս խաղը որոշել էին վարել մեզ անսովոր ձևով՝ միավորների նվազմամբ՝ ըստ հուշումների քանակի։ Այսինքն խաղի 10 փուլերի ընթացքում, յուրաքանչյուր հարցին կար 5 հուշում, ըստ որի իջնում էին բալերը։ Եթե թիմը պատասխանը ճիշտ գուշակում էր առաջին փորձից, ստանում էր 5 բալ, երկրորդ փորձից՝ 4 բալ և այդպես շարունակ։ Մենք 10-ը հարցից պատասխանեցինք 8-ին, սակայն շատ լավ ու գովելի արդյունք արձանագրեցինք, և մենք՝ ինքներս, շատ գոհ էինք մեր կատարած աշխատանքից։ Իհարկե, դժվար էր պայքարել 10-երի, 11-երի ու 12-երի հետ, սակայն խաղը շատ զվարճալի էր ու տպավորիչ էր բոլոր մասնակիցների հրճվանքն ու ուրախությունը ամեն ճիշտ պատասխանից հետո։

Այսքան, մենք եզրափակեցինք այսօրը, ամփոփում անցկացրեցինք, զվարճացանք, խաղացինք, կիսվեցինք տպավորություններով և գնացինք տուն։ Շնորհակալություն ուշադրության համար․․․