ԾԱՊԼՎԱՐ, 14 դեկտեմբեր, 1908    

Սիրելի ընկերներ,

Պատկեր:Phanjuni pic 72.png

Պաշարման դրությունը կը շարունակվի և մենք ութ օրե ի վեր փակված կը մնանք դպրոցի շենքին մեջ զոր ամրացուցած ենք ռազմական պահանջմունքներու համեմատ։ Դպրոցական միության նախագահ Կարոյի մայրը՝ Սառա՝ եկավ միացավ մեր շարքերուն։ Մի խելոք պառավ կին է դա, որուն հետ պետք է խոսիլ նշանացի կերպով քանզի բոլորովին համր է։ Սառայի ներկայութենեն օգտվելով՝ անմիջապես ձեռնարկեցի կազմել «Ծապլվարի գիտակից տիկնանց ՀԱՌԱՋ ակումբ»–ը, և օժանդակ մարմին մը «Ծապլվարի հայ կանանց ԱՆՁՆՎԵՐ խումբ» անունի տակ։ Այս վերջին կազմակերպությունը հրամայողական պահանջք էր դարձած, որովհետև մի քանի օրե ի վեր թանչքե կը տառապեի և պետք ունեի մի անձնվեր կնոջ խնամքին։

Պատկեր:Phanjuni pic 73.png

Սիրելի ընկերներ,

Պաշարման դրությունը շարունակվում է, և մենք ութ օր ի վեր փակված ենք մնում դպրոցի շենքում՝ համեմատ ամրացած ռազմական պահանջմունքների։ Դպրոցական միության նախագահ Կարոյի մայրը՝ Սառան եկավ ու միացավ մեր շարքերին։ Մի խելոք, պառավ կին է, ում պետք է խոսել նշանացի կերպով, քանի որ բոլորովին համր է։ Սառայի ներկայությունից օգտվելով՝ անմիջապես ձեռնարկեցի կազմել «Ծապլվարի գիտակից տիկնանց ՀԱՌԱՋ ակումբ»–ը, և օժանդակ մարմին՝ «Ծապլվարի հայ կանանց ԱՆՁՆՎԵՐ խումբ» անունի տակ։ Այս վերջին կազմակերպությունը հրամայողական պահանջ էր դարձել, որովհետև քանի օր է ի վեր տառապում էի ու կարիք ունի անձնվեր կնոջ խնամքի։

——————————————————————————————

Թեև պաշարման վիճակի մեջ՝ սակայն անգործ չի մնացինք ութ օրե ի վեր։ Նախ և առաջ ցրվեցի, նորակազմ «Հառաջ» ակումբի միջոցով, մի պաշտոնական թռուցիկ կուսակցությանս Ծապլվարի մասնաճյուղին կողմե, ուղղված մեր թրքահայ, ռուսահայ, պարսկահայ և ամերիկահայ կոմիտեներու, ենթակոմիտեներուն և ընկերներուն։ Այդ թռուցիկով մանրամասն պարզեցի վերջին կարևոր դեպքերը, փաստացի կերպով ցույց տվի թե կուսակցությունս որքան խոհեմությամբ, զիջողությամբ և բարյացակամությամբ վարված էր, և ցավալի դեպքերուն ամբողջ պատասխանատվությունը ծանրացուցի մութ ուժերու սարքած դավադրություններուն վրա։ Այս գրությունը, որուն մեկ օրինակը կը ղրկեմ ձեզ, ինչպես պիտի տեսնեք՝ ունի տրամաբանական հիմք, հաստատ լոգիկա և որոշ հայեցակետ։

Պատկեր:Phanjuni pic 75.png

Թեև պաշարման վիճակի մեջ, սակայն ութ օր ի վեր անգործ չմնացինք։ Նախ և առաջ նորակազմ «Հառաջ» ակումբի միջոցով ցրեցի մի պաշտոնական թռուցիկ կուսակցությանս Ծապլվարի մասնաճյուղին կողմը, ուղղված մեր թրքահայ, ռուսահայ, պարսկահայ և ամերիկահայ կոմիտեներին, ենթակոմիտեներին և ընկերներին։ Այդ թռուցիկով մանրամասն պարզեցի վերջին կարևոր դեպքերը, փաստացի կերպով ցույց տվեցի, թե կուսակցությունս որքան խոհեմությամբ, զիջողությամբ և բարյացակամությամբ է վարվել, և ցավալի դեպքերում ամբողջ պատասխանատվությունը ծանրացել է մութ ուժերի սարքած դավադրությունների վրա։ Այս գրությունը, որի մեկ օրինակ կուղարկեմ Ձեզ, ինչպես պիտի տեսնեք, ունի տրամաբանական հիմք, հստակ տրամաբանություն և որոշ հայեցակետ։

——————————————————————————————

Հետո երևցավ մտավորական երիտասարդության կողմե մի թռուցիկ, ուղղված Ծապլվարի գործավորական դասակարգին։ Դա մի պերճախոս կոչ էր ընդհանուր գործադուլի, ինչ որ ներկա պայմաններու մեջ մի նվիրական պարտականություն էր ամեն գիտակից գործավորի համար, բայց ափսո՜ս որ պայտար Մկո տակավին չէ հասած այն բարձրության որ կարող ըլլա ըմբռնել մասնավորին շահն ընդհանուրի օգտին զոհելու պարտադրիչ սկզբունքը։    

Երրորդ թռուցիկը, հողային բանվորականության կողմե ստորագրված, անգամ մը ևս կը գոռացներ ընչազուրկ պրոլետարիատի բողոքը հողային քափիթալիզմի դեմ։

Պատկեր:Phanjuni pic 76.png

Հետո երևաց մտավորական երիտասարդության կողմից մի թռուցիկ, ուղղված Ծապլվարի գործավորական դասակարգին։ Դա մի պերճախոս կոչ էր ընդհանուր գործադուլի, ինչ որ ներկա պայմաններում մի նվիրական պարտականություն՝ ամեն գիտակից գործավորի համար, բայց ափսո՜ս, որ պայտար Մկոն տակավին չէր հասել այն բարձրության, որ կարողանար ըմբռնել մասնավորի շահն ընդհանուրի օգտին զոհելու պարտադրիչ սկզբունքը։

Երրորդ թռուցիկը՝ հողային բանվորականության կողմից ստորագրված, մեկ անգամ ևս ընչազուրկ պրոլետարիատի բողոքը հողային կապիտալիզմի դեմ էր հնչեցնում։

——————————————————————————————

Հետո երևցավ Քոմրաշ քուրտ գյուղի Կարլ Մարքս կլուբի մի ցնցող manifeste–ը, որ եղբայրական ձեռք կը մեկներ Ծապլվարի մեջ պատնեշի վրա կռվող իր գաղափարի ընկերակիցներուն։ Այս հայտարարությունը, որ տաք շունչով մը գրված էր, սրտապնդիչ տպավորություն գործեց առ հասարակ բոլոր ընկերներու վրա։

Հինգերորդը Ծապլվարի գիտակից տիկնանց «Հառաջ» ակումբի անդրանիկ թռուցիկն էր, որով հրավեր կ’ըլլար Ծապլվարի բոլոր տիկիններուն գալ բոլորվելու մեր շուրջը, դպրոցի գագաթը բարձրացող կարմիր դրոշակին տակ։

Հետո երևաց Քոմրաշ քուրդ գյուղի «Կարլ Մարքս» ակումբի մի ցնցող մանիֆեստը, որը եղբայրական ձեռք էր մեկնել Ծապլվարի պատնեշի վրա կռվող իր գաղափարի ընկերակիցներին։ Այս հայտարարությունը, որը տաք շնչով էր գրված, սրտապնդիչ տպավորություն գործեց առ հասարակ բոլոր ընկերների վրա։

Հինգերորդը Ծապլվարի գիտակից կանանց «Հառաջ» ակումբի անդրանիկ թռուցիկն էր, որով հրավեր էր լինում Ծապլվարի բոլոր կանանց գալ բոլորվելու մեր շուրջը՝ դպրոցի գագաթը բարձրացող կարմիր դրոշակի տակ։

——————————————————————————————

Վերջապես, երևցավ նաև Ծապլվարի հայ կանանց «Անձնվեր» խումբի թռուցիկը, սրտառուչ մի կոչ, ուղղված առ հասարակ բոլոր հայուհիներուն, որպեսզի փութան շուտով մի քիչ ամոքիչ տերևներ հավաքել և եփել։ Ասիկա մի համակրական ցույց էր դեպի կուսակցությանս Ծապլվարի ներկայացուցիչը որ, ինչպես ըսի, թանչքե կը տառապեր։ Այս փափուկ հոգածությունը պարտավոր ըրավ զիս անմիջապես միթինկ կայացնել և հրապարակային շնորհակալություն հայտնել՝ կուսակցությանս կողմե՝ հայ կանանց «Անձնվեր» խումբին։ Իմ ճառս Խև Ավո նշանացի կերպով թարգմանեց ընկերուհի Սառայի, որ շատ հուզված կ’երևար։

Բաց աստի, մյուս կողմե, բանակցություններ սկսված են Րես Սերգոյի և Տեր Սահակի հետ։ Րես Սերգո երեք օր առաջ եկավ և ուզեց որ դպրոցը թողունք, հաշտություն գոյացնենք և գյուղը հանդարտի։ Մինչև իսկ խոստացավ դպրոցն առ այժմ փակ պահել, ուսուցիչը ետ ղրկել և ինձ հանձնել դպրոցի տնօրենությունը, անպայման կերպով։

Պատկեր:Phanjuni pic 77.png

Վերջապես երևաց նաև Ծապլվարի հայ կանանց՝ «Անձնվեր» խումբի թռուցիկը, սրտառուչ մի կոչ, ուղղված առ հասարակ բոլոր հայուհիներին, որպեսզի շտապեն շուտով մի քիչ ամոքիչ տերևներ հավաքել և եփել։ Սա մի համակրական ցույց էր դեպի կուսակցությանս Ծապլվարի ներկայացուցչին, ով ինչպես ասեցի, մայասուլով էր տառապում։ Այս փափուկ հոգածությունը պարտավորեց նրան անմիջապես հանրահավաք կազմակերպել և հրապարակային շնորհակալություն հայտնել կուսակցությանս կողմի՝ հայ կանանց «Անձնվեր» խմբին։ Իմ ճառս՝ Խև Ավոն նշանացի կերպով խոսեց ընկերուհի Սառայի հետ, ով շատ հուզված էր երևում։

Բացի սրանից, մյուս կողմից բանակցությունները սկսվել էին Ռես Սերգոյի և Տեր Սահակի հետ։ Ռես Սերգոն երեք օր առաջ եկավ և ուզեց, որ դպրոցը թողնենք, հաշտություն կնքենք, և գյուղը հանդարտվի։ Մինչև իսկ խոստացավ դպրոցն առ այժմ փակ պահել, ուսուցչին հետ ուղարկել և ինձ հանձնել դպրոցի տնօրինությունը՝ անպայման կերպով։

——————————————————————————————

Այդ խաղաղական առաջարկներն ի հարկե կարելի չէր ընդունիր — մենք կ’ուզեինք գաղափարական պայքար, հեղափոխական գործունեություն և ոչ թե անշարժություն և մեռելություն։    

— Մենք ամենքս ալ հայ ենք, եղբայր ենք, ինչո՞ւ սիրով չապրինք իրարու հետ, ինչո՞ւ կռիվ ընենք,— կը կրկներ այդ կեղտոտ պուրժուան որ կարող չէր ըմբռնել թե կյանքի էական պայմանն էր կռիվը, թե դասակարգային պայքարը անհրաժեշտ էր ընկերվարության հաղթանակին համար, և թե առանց արյունահեղության կարելի չէր մի լավ բան դուրս բերել։

Պատկեր:Phanjuni pic 66.png

Այդ խաղաղական առաջարկներն, իհարկե, չէր կարելի ընդունել — մենք ուզում ենք գաղափարական պայքար, հեղափոխական գործունեություն, այլ ոչ թե անշարժություն և մեռելություն։

— Մենք՝ ամենքս հայ ենք, եղբայր ենք, ինչու՞ սիրով չապրենք իրար հետ, ինչու՞ կռիվ անենք, — կրկնում էր այդ կեղտոտ բուրժուան, ով չէր կարող հասկանալ, թե կռիվը կյանքի էական պայմանն է, թե դասակարգային պայքարը անհրաժեշտ էր ընկերվարության հաղթանակի համար, և թե առանց արյունահեղության չէր կարելի մի լավ բան դուրս բերել։

——————————————————————————————

Երկարորեն բացատրեցի իրեն որ ինք, իբրև պուրժուազիայի ներկայացուցիչ, պարտավոր է լինել մեր կատաղի հակառակորդը և իբրև այդ՝ պետք է դիմե կեղտոտ միջոցներու, հրամայողական պարտք էր իրեն համար ոստիկանության աջակցության դիմել և մեզ բռնի դուրս հանել դպրոցեն և այլն։    

Րես Սերգո պատասխանեց թե իբրև գյուղապետ երբեք չպիտի թույլատրեր որ ոստիկան բերվեր և կը նախընտրեր մեռնիլ՝ քան թե ներքին կռիվներու համար կառավարության դիմում ընել։    

Կը տեսնե՞ք որ այդ կեղտոտ արարածը նույնիսկ կարող չէ ունենալ իր դասակարգին պահանջած սև ոգին։ Ի զո՛ւր կրկնեցի թե մեր մեջ պետք է մղվեր դասակարգային կատաղի կռիվ, թե իրենք պարտավոր են մեզ դեմ գործածել բոլոր կեղտոտ զենքերը, մատնություն, դավաճանություն, զրպարտություն և ի հարկին դիմելու էին բռնի միջոցներու, թե առանց ատոր կարելի չէր ունենալ պուրժուազիական կեղտոտ դասակարգը, որուն գոյությունը անհրաժեշտ է, անոր դեմ մղելու համար հեղափոխական ազնիվ պայքարը։

Պատկեր:Phanjuni pic 78.png

Երկարորեն բացատրեցի իրեն, որ ինքը՝ իբրև բուրժուազիայի ներկայացուցիչ, պարտավոր է լինել մեր կատաղի հակառակորդը և իբրև այդ՝ պետք է դիմի կեղտոտ միջոցների, հրամայողական պարտք էր իր համար ոստիկանության աջակցությանը դիմելը, մեզ բռնի դպրոցից դուրս հանելը և այլն։

Ռես Սերգոն պատասխանեց, թե իբրև գյուղապետը երբեք չպիտի թույլատրի, որ ոստիկան բերվի և նախընտրում է մեռնել, քան թե ներքին կռիվների համար կառավարությանը դիմում գրել։

Տեսնու՞մ եք, որ այդ կեղտոտ արարածը նույնիսկ չէր կարող ունենալ իր դասակարգին պահանջված սև ոգին։ Ի զու՜ր կրկնեցի, թե մեր մեջ պետք է մղվեր դասակարգային կատաղի կռիվ, թե իրենք պարտավոր են մեր դեմ գործածել բոլոր կեղտոտ զենքերը, մատնությունը, դավաճանությունը, զրպարտությունը, և իհարկե պիտի դիմեին բռնի միջոցներին, որովհետև առանց դրանց չէր կարելի ունենալ բուրժուազիական կեղտոտ դասակարգը, որի գոյությունը անհրաժեշտ է, նրա դեմ հեղափոխական ազնիվ պայքարն մղելու համար։

——————————————————————————————

— Մենք եղբայր ենք, մենք քրիստոնյա հայեր ենք, մենք պետք է իրար սիրենք, միաբանությամբ ապրինք,— կ’ըսեր ու կ’ըսեր այդ ապուշ արարածը։    

Համենայն դեպս, ես հաստատ մնացի կռիվի ասպարեզին վրա։ Պայքար հառաջ բերելու համար այնքան ջանքերե վերջ, չէի կրնար մի հիմար գյուղացիի խաղաղասիրական զգացումներուն զոհել մեր երեք ամսվան ամբողջ ջանքերն և գործունեությունը։ Դա շատ վատ ազդեցություն պիտի գործեր մեր շարքերուն վրա։    

Վաղը ինձ մոտ կու գա Տեր Սահակ նոր բանակցություններու համար;    

Վճռական քայլը կ’առնվի այն ատեն, և այդ հիմար Րես Սերգո վերջապես կը ստիպվի դիմել կառավարություն և ոստիկանական միջամտություն հրավիրել, ինչ որ անհրաժեշտ է մեր պայքարի վերջնական հաղթանակին համար։    

Փոսթը եկավ, նամակներ և թերթը եկան, հրահանգներ եկան, բայց փող չկա։ Խնդրեմ ուշադրություն դարձրեք այդ կենսական հարցի վրա։

Պատկեր:Phanjuni pic 79.png

— Մենք եղբայր ենք, մենք քրիստոնյա հայեր ենք, մենք պետք է իրար սիրենք, միաբանությամբ ապրենք, — ասում էր ու ասում էր այդ ապուշ արարածը։

Համեմայն դեպս, ես հաստատ մնացի կռվի ասպարեզում։ Պայքարն առաջ բերելու համար այնքա՜ն ջանքեր էր հարկավոր, ես չէի կարող մի հիմար գյուղացու խաղաղասիրական զգացումների համար զոհել մեր երեք ամսվա ամբողջ ջանքներն ու գործունեությունը։ Դա շատ վատ ազդեցություն պիտի գործեր մեր շարքրերի վրա։

Վաղը ինձ մոտ կգա Տեր Սահակը՝ նոր բանակցությունների համար;

Վճռական քայլը կառնվի այն ժամանակ, երբ այդ հիմար Ռես Սերգոն վերջապես ստիպված կլինի դիմել կառավարություն և ոստիկանական միջամտություն հրավիրել, ինչ որ անհրաժեշտ է մեր պայքարի վերջնական հաղթանակի համար։

Փոստը եկավ, նամակներն ու թերթը եկան, հրահանգները եկան, բայց փող չկա։ Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք այդ կենսական հարցի վրա։