Ենթական պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին։ Նախադասության մեջ ենթական միշտ արտահայտվում է ուղղական հոլովով։

  • Գոյականով — Ալեքսը լսում է։ Գրիչը գրում է տառերը։
  • Դերանունով — Ես գնացի։
  • Թվականով — Ութը (փոխանվանաբար) մեծ է մեկից։
  • Դերբայ /անորոշ/ — Լողալը (փոխանվանաբար) օգտակար է։
  • Դերբայ /հարակատար/ — Զարդարածը (փոխանվանաբար) գեղեցիկ է։
  • Դերբայ /ենթակայական/ — Գործողը (փոխանվանաբար) նա է։

Զեղչված ենթակայով նախադասություն՝

Արջը քնել է բնում ու երազում է մեղր։

Նախադասության գլխավոր անդամներ, ենթակա

Դուրս գրել ենթականները, թե ինչով են արտահայտված։

Լուսաբացի շողքը երդիկից ներս էր ընկել, կարպետի վրա կաթնագույն շրջան գծել, երբ Սաքանը զարթնեց, տրեխները հագավ:

  • Շողքը — իրանիշ գոյականով արտահայտված ենթակա։
  • Սաքանը — անձնանիշ գոյականով արտահայտված ենթակա։

Ասյայի մոտով անցնելիս նա տեսավ սպիտակ շորը, վիզը, ուսի մի մասը, ուսի վրա սպիտակ շորի բարակ մի կտոր: Արագ մոտեցավ դռանը, մանգաղն առավ, դուրս եկավ:

  • Նա — անձնական դերանունով արտահայտված ենթակա։

Տան առաջ, առվի մոտ երեսը լվաց, սրբեց չուխի ծայրով, իջավ ձորը, այգում խոտ քաղելու: Ճանապարհին Սաքանը մի միտք էր անում՝ մե՞րկ էր քնել Ասյան, թե շապիկ կար հագին. եթե շապիկ կար, ինչո՞ւ ուսը բաց էր, գուցե կողքի սպիտակ շորը նրա շապի՞կն էր:

  • Սաքանը — անձնանիշ գոյականով արտահայտված ենթակա։
  • Շորը — իրանիշ գոյականով արտահայտված ենթակա։
  • Ասյան — անձնանիշ գոյականով արտահայտված ենթակա։

Կովը շուտ-շուտ գոմի դռանն էր նայում, հորթուկին լիզում, վիզը ախոռի փայտերին քսում, քերում: Տանն արդեն զարթնել էին, տեղաշորը հավաքել, կինը օջախն էր վառել, թեյի պատրաստություն էր տեսնում, երբ Սաքանը թարմ խոտի երկու խուրձ շալակին եկավ տուն:

  • Կովը — իրանիշ գոյականով արտահայտված ենթակա։
  • Կինը — անձնանիշ գոյականով արտահայտված ենթակա։
  • Սաքանը — անձնանիշ գոյականով արտահայտված ենթակա։

Խոտի խուրձը կովի առաջ շաղ տալիս Ասյան էլ էր կանգնած Սաքանի կողքին: Նա ծիծաղում էր, երբ հորթը դունչը մեկնում էր կանաչ խոտին, հոտոտում և ոտքերը երերալով փախչում, գլուխը թաղում մոր կուրծի մեջ:

  • Ասյան — անձնանիշ գոյականով արտահայտված ենթակա։
  • Նա — անձնական դերանունով արտահայտված ենթակա։
  • Հորթը — իրանիշ գոյականով արտահայտված ենթակա։