Պոնտոսի թագավոր Միհրդատ 6-րդը ստեղծել էր ուժեղ պետություն Սև ծովի ավազանում և նպատակ ուներ Հռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից և Հունաստանից։ Նույն շահերն ունենալով՝ Տիգրան 2-րդն ու Միհրդատ Պոնտացին Ք․ա․ 94թ. դաշինք են կնքում, որն ամրապնդվում է Տիգրան 2-րդի և Միհրդատի դուստր՝ Կլեոպատրայի ամուսնությամբ: Դաշնագրի համաձայն՝ հայ-պոնտական զորքերը Ք․ա․ 93 թ. նվաճեցին Կապադովկիան, որի տարածքն անցնում էր Պոնտոսին, իսկ շարժական գույքն ու գերիներն անցնում էին Հայոց թագավորությանը։ Ք․ա․ 87 թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա։ Ջախջախելով պարթևական զորքերին՝ հասավ Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն։ Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն նրա գրաված տարածքները, այլև նրան շնորհեց <<Արքայից արքա>> տիտղոսը։ Պարթևները ընդունեցին նրա գերիշխանությունը։ Հայաստանին միացվեց Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան, որով սահմանակից դարձավ Սելևկյան պետությանը, որն այդ ժամանակ չափազանց թուլացել էր։ Սելևկյան ավագանու և ժողովրդի խնդրանքով Ք․ա․ 84թ. Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյան գահին և իշխեց 17 տարի։
