Արշակ 2-րդ՝

Արշակ 2-րդը (350-368թթ.) վարում էր ինքնուրույն քաղաքականություն։ Ներսես կաթողիկոսի միջնորդությամբ Հռոմի կայսը թույլատրեց Հայաստան վերադառնալ արքայի եղբոր որդիներին՝ Գնելին և Տիրիթին։ Գնելն ամուսնացել էր Անդովկ Սյունու աղջկա՝ Փառանձեմի հետ, որին սիրում էր նաև Տիրիթը։ Նա Արշակին տրամադրում է Գնելի դեմ։ Սակայն Գնելի սպանությունից հետո մահապատժի է ենթարկվում նաև Տիրիթը։ Արշակն ամուսնանում է Փառանձեմի հետ։ 354 թ. Ներսես Ա-ն Աշտիշատում հրավիրում է հայ եկեղեցու առաջին ժողովը, որտեղ ընդունվում են հոգևոր և աշխարհիկ կյանքին առնչվող որոշումներ և կանոններ։ Դրանց համաձայն՝ կառուցվում են նաև վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ։ Նրանք նաև ընդունում են կանոն, ըստ որի իշխանները, թագավորը և մեծահարուստները պետք է զիջողական և գթասիրտ լինեն իրենց հպատակների, ծառաների ու հասարակ ժողովրդի հանդեպ։ Դրան ի պատասխան հարգալից, հնազանդ և հավատարիմ պետք է լինեն հպատակներն ու ծառաները իրենց տերերին։

Արշակը Կոգովիտում հիմնում է Արշակավան քաղաքը, որտեղ թույլատրում է բնակություն հաստատել բոլոր ցանկացողներին։ Դա առաջացնում է նախարարների դժգոհությունը, քանի որ քաղաք մտնելուց առաջ բոլոր մարդիկ ազատվելու էին պարտքերից։ Նախարարները հարձակվում և ավերում են քաղաքը։ 359թ . վերսկսված հռոմեա-պարսկական պատերազմի ժամանակ Շապուհ 2-րդը օգնություն է խնդրում Արշակից։ Հայոց զորքը Մծբին քաղաքի մոտ պարտության է մատնում Հռոմեական զորքին։ Շապուհն առաջարկում է Արշակին ամուսնանալ իր դստեր հետ, բայց Արշակը մերժում է։ Շապուհը թշնամանում է Արշակի հետ։ Սրա մասին ներկայացված է <<Արշակ և Շապուհ>> վիպերգում։ Վերադառնալով Հայաստան՝ արքան վերականգում է դաշինքը Հռոմի կայսեր հետ, որն ամրապնդվում է Արշակի և կայսերական ընտանիքից Օլիմպիայի ամուսնությամբ։ Սակայն շուտով Օլիմպիա թագուհուն թունավորում են։ Պարսկա-հռոմեական պատերազմն ավարտվում է հռոմեացիների պարտությամբ։ 363 թ. կնքված հաշտությամբ Հռոմը պարտավորվում է չօգնել հայերին։ Հռոմեացի պատմիչ Ամմիանոսն այդ պայմանագիրն անվանել է <<ամոթալի>>:

Արշակ II — Սիլվա Ալոյան

Հայկական զորքերի հաղթանակները՝

Սասանյան զորքերը ներխուժում են Հայաստան։ 363 թ. Գանձակ (Շահաստան) քաղաքում սպարապետ Վասակ Մամիկոնյաի զորքը ջախջախում է պարսիկներին։ Շապուհը դիմում է խորամանկ քայլի։ Նա իր կողմն է գրավում Մերուժան Արծրունուն՝ խոստանալով նրան տալ հայոց գահը։ Վերջինս ուրանում է քրիստոնեությունը և զրադաշտություն ընդունում։ Հաջորդ հարձակման ժամանակ պարսիկներին ուժեղ դիմադրություն է ցույց տալիս Անգեղ բերդը։ Չկարողանալով գրավել այդ ամուր բերդը՝ նրանք մտնում են Դարանաղի գավառ ու գրավում Անի բերդը, որտեղ գտնվում էին Արշակունի թագավորների աճյուններն ու գանձերը։ Բացի Սանատրուկ թագավորի գերեզմանի՝ պարսիկները թալանում են մնացածներն ու գերեվարում թագավորների ոսկորները։ Սակայն հայոց 60-հազարանոց զորքը Վասակ սպարապետի գլխավորությամբ ջախջախում է թշնամուն, ազատում թագավորների ոսկորներն ու վերաթաղում Արագածի լանջին՝ Աղձք գյուղում։

Հաջողության չհասնելով պատերազմում՝ պարսից Շապուհ արքան իր մոտ է հրավիրում Արշակին՝ իբր բանակցությունների։ 368 թ. Արշակ թագավորը և սպարապետ Վասակ Մամիկոնյանը մեկնում են Տիզբոն, որտեղ Շապուհը չի կատարում իր խոստումը։ Նա սպարապետին տանջամահ է անում, իսկ Արշակին ձերբակալում է Անհուշ բերդում, որտեղ էլ նա մահանում է։ Դրանից առաջ լինում է հետաքրքիր դեպք, որն յուրովի ու մանրամասնորեն նկարագրում է <<Արշակ և Շապուհ>> վիպերգը։ Այդ նույն ժամանակում թշնամին պաշարում է Արտագերս ամրոցը, որտեղ հերոսական դիմադրությունը գլխավորում է Փառանձեմ թագուհին։ Նա հույս ուներ, որ Հռում մեկնած որդին՝ Պապը կվերադառնա և կօգնի դիմակայել, սակայն պարսիկները ներխուժում են ամրոց, ոչնչացնում ողջ մնացածներին և խոշտանգելով սպանում թագուհի Փառանձեմին։ Այդ ընթացքում դավաճան Մերուժան Արծրունին և նրան միացած Վահան Մամիկոնյանն ավերածություններ էին գործում, ատրուշաններ կառուցում և ժողովրդին պարտադրում մեզդեզական կրոնը։ Ուրացյալ Վահանին սպանում է նրա որդին՝ Սամվելը։ Այս իրադարձությունները նկարագրված են Րաֆֆու <<Սամվել>> վեպում։

Պապ թագավոր՝

Հռոմեական օգնական զորքով Պապը վերադառնում է և հաստատվում հայոց գահին (370-374թթ.)։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը երկիրը մաքրում է թշնամուց եւ լուծում Արշակ արքայի և իր հոր՝ Վասակ սպարապետի վրեժը։ 371 թ. տեղի է ունենում Ձիրավի ճակատամարտը (Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում)։ Հայոց 90-հազարանոց զորքը Մուշեղ սպարապետի հրամանատարությամբ ջախջախում է պարսկական զորքին։ Դավաճան Մերուժանը գերի է ընկնում և ասպետ Սմբատ Բագրատունին նրան մահապատժի է ենթարկում։ Պապ թագավորը կատարում է բարեփոխումներ։ Հոգևորականների հարազատներին պարտադրվում է կատարել պետական և զինվորական ծառայություն։ Կրճատվում է եկեղեցական հողատիրությունը։ 374թ. հռոմեական կայսեր հրամանով խնջույքի ժամանակ սպանում են Պապին, քանի որ դեմ էր նրա անկախ քաղաքականությանը։

Պապ թագավոր – Հայկ Աղլամազյան