Հատված Ա Գլուխ Ա – Առաջին գլխում մենք ծանոթանում ենք հերոսների՝ հրեուհու, խանութպանի տեսք ունեցող ծերուկի, պատուհանի կողքը առաջին և երկրորդ նստած ուղևորների, ինչպես նաև Հորդուբալի՝ գլխավոր հերոսի հետ։ Սկիզբը շատ հետաքրքիր է։ Հորդուբալը արդեն 15 օր է երթևեկում է ավտոբուսով ու մտածում է, թե երբ է այդ դժոխքը վերջանալու․ անդադար քրտինք, սեղմվածք, ցավ։ Զրույց բռնելով ուղևորների հետ, Հորդուբալը պատմում է, որ վերադառնում է տուն՝ Կրիվոյ՝ Ամերիկայից, որտեղ ապրել ու աշխատել է որպես հանքափոր ութ տարի։ Նա դուստր և կինն ուներ Կրիվոյում, որոնց անուններն էին Հաֆյա և Պոլանա։ Պոլանան անգրագետ էր, սակայն շատ հավատարիմ։ Երբ Հորդուբալը Ամերիկայում աշխատում էր, օրական յոթ դոլար էր ստանում՝ աշխատանքի դիմաց, իսկ ամսվա վերջ հիսուն, վաթսուն կամ էլ իննսուն դոլար էր ուղարկում կնոջը՝ ապրուստի, առևտուրի, ինչպես նաև կովերի ու այլ միջոցների համար։ Նա նրանց շատ էր կարոտում։ Երբ նա գնաց Ամերիկա՝ աշխատելու, նրա դուստրը՝ Հաֆյան, դեռ երեք տարեկան էր, իսկ հիմա դառնալու էր տասնմեկ։ Ամերիկան, իհարկե, հզոր երկիր էր, սակայն հանքափորի «դերը» Հորդուբալը չկարողացավ շարունակել։ Նա Ջոունսթոնում իր հայրենակից՝ Միխալ Բոբոկի հետ երկար տարիներ աշխատել էր, սակայն երբ վերջինս մահացավ, Հորդուբալը այլևս չկարողացավ նորմալ «լեզու» գտնել աշխատակիցների հետ, քանի որ իրենցից անգլերենին էր լավ տիրապետում միայն Բոբոկը։ Այդպես առաջին գլուխը ավարտվում է, մենք «ականատես» ենք լինում, ու կարելի է ասել, «զգում» ենք հերոսի ամեն շարժը, ամեն անհարմարությունը, որը նա ապրում է թե՛ տուն հասնելու ճանապարհին, թե՛ ավտոբուսի մեջ։

Գլուխ Բ — Երկրորդ գլուխը կարդալիս, ընթերցողը կարող է մտածել, թե գլխավոր հերոսը հալյուցինացիաների մեջ է, ու ըստ էության, նա չի էլ սխալվի։ Այս գլուխը նույնպես սկսվում է արտառոց կերպ, սակայն՝ շատ ավելի հետաքրքիր։ Այս գլուխը ես չեմ կարող անվանել առաջինի շարունակություն, քանի որ առաջին գլուխը ավարտվում է երկխոսության ավարտով, իսկ սա սկսվում է գյուղի ու հերոսի կնոջ հետ հանդիպման պատկերացումներից։ Գլխավոր հերոսը, ընկնելով “երազանքների գիրկը”, մտածում է, թե որն է լինելու իր և կնոջ առաջին հանդիպման երկխոսությունը։ Մտածում է, թե ինչպես պետք է “մոտենալ” Պոլանային, ողջունել նրան, խոսակցություն սկսել։ Նաև պատկերացնում է, թե ինչպես է նա դուռը թակելու կամ Պոլանայի աչքերը փակելու, որպեսզի վերջինս կռահի, թե ով է “եկել”։ Հորդուբալը պատկերացնում է, թե ինչպես է գյուղամիջով քայլելու, բոլոր վայրերը վերհիշելու։ Ընդհանրապես, խոսքն ու միտքը շարունակելով, պիտի նշեմ, որ Հորդուբալը այնքան էլ չէր մոռացել ութ տարի չտեսած իր գյուղը, նույնիսկ հիշում էր թունավոր առվակը, կովերին, խոզերն ու ագարակը, որը գտնվում էր իրենց տնից մի քիչ հեռու։ Նույնիսկ հալյուցինացիաների ժամանակ, մտածում էր, թե հանկարծակի կընկնի հարևանի տուն ու դրա համար նկատողություն կստանա ու կվռնդվի։ Սակայն, ավարտը ավելի հետաքրքիր է լինում։ Հորդուբալը վերջ ի վերջո ուշքի է գալիս, երազանքներից տեղափոխվում է իրականություն, ու սկսվում է նրանց առաջին երկխոսությունը։ Պետք է ասեմ, որ այս խոսակցությունը նույնպես հանկարծակի է սկսվում․ մենք “տեսնում” ենք, թե ինչպես է գլխավոր հերոսը տենչում հանդիպման մասին, ու հաջորդ դրվագը արդեն լինում է Պոլանայի ու քնից նոր արթնացած Հաֆյայի հետ խոսակցությունը՝ հանդիպումը։ Հեղինակը պատմում է, թե ինչպիսի զգացումներ է ապրում գլխավոր հերոսը․ անհանգստություն, վիշտ, կարոտ, լարվածություն, մտահոգություն։ Հիշում է, թե ինչպես է ութ տարի առաջ այստեղ ապրել, երեք տարեկան իր դստրեր հետ խաղացել, մեծացրել, կրթել ու դաստիարակել։ Ու երկար տարիներ Ամերիկայում անցկացնելուց հետո, նա գրեթե ամեն ինչ հիշում էր, կարծես, երեկ գնացել էր, այսօր՝ եկել։ Ամեն մանրուք, ամեն խոտ ու եզ, նա հիշում էր՝ երջանիկ արցունքները երեսին։ Այսպիսով՝ գլուխը ավարտվում է հետևյալ կերպ․ Հորդուբալը ցույց է տալիս իր սյութքեյսը (ճամպրուկը), որտեղ կան բազմաթիվ իրեր․ գիշերային լապտեր, նկարներ, հագուստ ու կոշիկներ, հանքափորի համար նախատեսված համազգեստ, սակայն այս բոլորը, իհարկե, հալյուցինացիաների մեջ, իսկ իրական պատկերը լինում է իր և կնոջ ջերմ հայացքների փոխանակությունը։

Գլուխ Գ — Ահա և երրորդ գլուխը՝ զարմանալի, նույնպես արտառոց, բազմաբովանդակ։ Սկզբից հերոսը, ինչպես երկրորդ գլխում, ընկնում է հալյուցինացիաների մեջ։ Չի կարողանում ի կատար ածել այն, ինչ մտածում էր․ գնալ գրկել Պոլանային, աչքերը փակել, ժպտալ ու ողջունել։ Այս ամենը նրա մոտ չի ստացվում, ու ջերմ ողջույնի ու գրկախառնության փոխարեն, նրանք մի առ ժամանակ իրար են նայում, ասես, փորձում են վերհիշել իրար ու միասին անցկացրած օրերը։ Հորդուբալը առանց զգուշացնելու մտնում է իրենց տուն, նկատելով, որ ամեն ինչ փոխվել է, թե՛ մահճակալները, թե՛ տան գույքը, թե՛ դրանց տեղերը։ Նա մի փոքր ուրախությամբ խոսում է Պոլանայի հետ, ու այդ ժամանակ ներս է մտնում Հաֆյան՝ Հորդուբալի տասնմեկամյա աղջիկը, ով սկզբից նույնիսկ հորը “տեղի չի բերում”, սակայն մտերմիկ խոսելուց ու նկարներ ցույց տալուց հետո, Հաֆյան ինքն է ցանկանում շփվել հոր հետ, ով որ “կորել էր” ութ տարի։ Հորդուբալը ժամանակ առ ժամանակ գովում է Պոլանային իր խիզախության, համարձակության, ինչպես նաև ինքնուրույնության համար, որին ի պատասխան ստանում է Պոլանայի մեղմ ժպիտը։ Նրանք շրջում են այգով, Հորդուբալը վերհիշում է անցած-գնացած օրերը, հիշում է, թե ինչպես է խոտ հնձել, կովերին ու ձիերին պահել, նույնիսկ տեղ-տեղ համեմատություն է անում այստեղի ու Ամերիկայի ձիերի միջև։ Գլուխը ավարտվում է Հորդուբալի փայտ կոտրատելով։

Գլուխ Դ — Չորրորդ գլուխը ավելի “հանդարտ” ու առանց կտրուկ փոփոխությունների անցավ։ Սկզբից ծանոթացանք նոր հերոսի՝ Շտեպան Մանյայի՝ գյուղացիներից մեկի հետ, ով որ Պոլանային Հորդուբալի բացակայության ժամանակ օգնում էր։ Նա “Տափաստան” կոչվող տեղանքից էր, աշխատում էր այստեղ երկար ժամանակ։ Նրա հայտնվելը անսպասելի էր, սակայն՝ կանխատեսելի, քանի որ ութ տարվա ընթացքում վստահորեն կգտնվեր մեկը, ով պատրաստ կլիներ օգնել Պոլանային։ Հորդուբալն ու Շտեպանը ծանոթացան ու կարճ ժամանակ հետո, արդեն իրար “դու”-ով են դիմում՝ “դուք”-ի փոխարեն։ Սա լուրջ առաջընթաց էր նրանց հարաբերություններում։ Հորդուբալի մոտ կային “ռասսիստական” մտածողություններ Շտեպանի հանդեպ, քանզի վերջինս սևամորթ էր։ Նրանք խոսում էին կովերի, ձիերի, խոճկորների ու խոզերի, եզների մասին, որոնք սեփական տնտեսության համար լավագույն միջոցն էին այդ գյուղում։ Որոշ վեճերում Շտեպանը միանգամայն հաղթում էր, իսկ Հորդուբալը միմիայն դրանից գրգռվում էր։ Մի պահ, նրանք սկսեցին վիրավորական ու ծաղրական ձևով դիմել իրար, որն, ըստ էության, միմիայն լարվածություն մտցրեց վեպի կոնտեքստի մեջ։ Սակայն շուտ հանդարտվեց վեճը, ու երկուսն էլ վերադարձան իրենց գործունեության բնականոն հունին։ 

Գլուխ Ե — Այս գլուխը սկսվում է ծանր աշխատանքից հետո երեկոյան ընթրիքով։ Հորդուբալն է սկսում աղոթք ասել՝ ընթրիքից առաջ, չէ որ, նա է արդեն տան տերը։ Նրանք ընթրում են, տեղ-տեղ խոսում տարբեր բաների մասին։ Հորդուբալն հանկարծակի իմանում է, որ նրա կինը հողատարածք է գնել ու վարել այն ամառվա ընթացքում։ Դա անսպասելի շրջապտույտ էր, չհաշված այն, որ նրանք բավականին գումար չունեին։ Նրանք խոսեցին մարգագետիններ վարելու մասին, ու այդտեղ վեճ սկսվեց, թե որ հողն է ավելի արդյունավետ՝ մշակման առումով։ Այդ պահին ներս մտավ Հաֆյան ու նստեց “քեռի” Շտեպանի ծնկներին՝ խոնարհվելով ու անընդհատ նրան նայելով։ Հորդուբալի սիրտը այդ պահին “ճմռթվում” էր, քանի որ այդպես քնքուշ ու նուրբ, նույնիսկ իր սեփական հորը չէր մոտեցել աղջնակը։ Շտեպանն էլ օգտվում էր պահից ու ամեն կերպ խոսացնում էր աղջնակին։ Նրանք խոսում էին արջերի ու նապաստակների մասին։ Հորդուբալը մտածում է, որ պետք է նվեր անել Շտեպանին, քանի որ այդ մարդը հոգատար ձևով խնամել է աղջնակին, աշխատել ու օգնել Պոլանային տարիների ընթացքում։ Այդ պահին, Հորդուբալը ճամպրուկից հանում է խաղալիք արջը, ամերիկյան դանակն ու ծխամորճը։ Կինը տեսնելով դանակն ու ծխամորճը, լաց լինելով դուրս է գալիս սենյակից՝ թողնելով աղջնակին ու երկու տղամարդկանց միայնակ։ Այսպես ավարտվում է և այս գլուխը։

Գլուխ Զ — Այս գլխում, Հորդուբալն արդեն լիովին “ինտեգրվել” է “նոր ու հին” շրջապատ ու որոշել է դա նշել՝ որպես վերադարձի տոն։ Նա հրաժեշտ է տալիս կնոջը, կարգադրելով, որ նա չսպասի իրեն, ու դուռը փակելով դուրս է գալիս տնից։ Գնում է գյուղի բար՝ նշելու։ Մտնելով ներս, նա զգում է որոշ տարօրինակ հայացքներ իր վրա, ու հանգամանքների բերումով, ժամանակ առ ժամանակ վաղեմի ծանոթի է հանդիպում, խոսում, “բամբասում” հետը։ Գլխում ծանոթանում ենք “Պյոսա” ու “Վասիլ Հերիչ” անուններով անձանց հետ, ովքեր Հորդուբալի մտերիմ ընկերներն էին։ Նա յուրաքանչյուրի հետ որոշ ժամանակ խոսում է, պատմում, թե ինչպես է օրերն անցկացրել Ամերիկայում, ու այսպես գլուխն ավարտվում է։

Գլուխ Է — Խմած ու հարբած Հորդուբալը վերադառնում է տուն, ճամփին մտածելով, թե ինչպես կարող է “գերել” Պոլանային։ Ինքն իրեն առաջարկներ է անում, դիտողություններ ու շարունակում է մտածել միմիայն Պոլանայի ու նրա քնքուշ ու նուրբ մարմնի մասին։ Վստահ լինելով, որ նա քնած է, Հորդուբալը մտնում է տուն ու տեղում սառում՝ առջևում՝ աթոռի վրա նստած Պոլանայի պատճառով։ Պոլանան հատուկ նրան սպասել էր ժամերով, որպեսզի նրա հետ խոսա ծառայի՝ Շտեպանի, կովերին ու այլ կենդանիներին պահելու պայմանների մասին։ Հորդուբալը փորձում էր ամեն կերպ խուսափել հարցերից ու գնալ քնելու, սակայն Պոլանան համառ էր ու չէր թողնում։ Վերջ ի վերջո, պատասխաններ ստանալուց հետո, Պոլանան թույլ տվեց ամուսնուն գնալ քնելու՝ խրճիթ։ Խրճիթ գնալու ճանապարհին ու դրանից հետո, Հորդուբալին տանջում էր Պոլանայի արտաբերած միտքը, թե․ “դու գնա խրճիթ, քանի որ տան տերը դու ես”։ Նա այս նախադասությունները ընդունեց ու որակեց որպես ակնարկ այն ժամանակ, երբ տեսավ Հաֆյային մեղմ քնած խրճիթում ու որոշեց չխանգարել։ Նա հետդարձի ճանապարհին էլի ու էլի մտածում էր Պոլանայի մասին, թե ինչպես է նրան գրկելու, համբուրելու։ Հասնելով չարդախ, նա կամացուկ սկսեց շշնջալ, փնտրել Պոլանային։ Լսվում էր հևոց, որը գալիս էր անկողնու կողմից։ Մի ակնթարթում, Հորդուբալի բոլոր կանխատեսած ակնարկները վերածվեցին փոշու ու անհետացան “խավարի” մեջ։ Պոլանան վախեցած էր, քանզի չգիտեր, թե դա ով է։ Կարող էր թվալ, որ դա սովորական “դավաճանության” տեսարան էր, սակայն վերջում ամեն ինչ պարզ դարձավ։ Պոլանան պարզապես վախեցել էր։ Հորդուբալը ճեպազրույց բռնեց նրա հետ, փորձելով սփոփել, հարցեց, թե արդյոք հարմար է սենյակը ու այդպես գլուխն ավարտվեց։ 

Գլուխ Ը — Գլուխը սկսվում է Յուրայի ու Շտեպանի ճանապարհորդությամբ։ Նրանք՝ Շտեպանի առաջարկով ու գլխավորությամբ, ձիերով ուղևորվում են մարգագետիններ՝ խոտ հնձելու։ Ճանապարհը երկար էր։ Նրանք անցնում են սարերով, անտառներով ու վերջաես հասնում մարգագետին։ Շտեպանը սկսում է խոտ հնձել ու գովել իր սեփական աշխատանքը, իսկ Հորդուբալը սկսում է համեմատություններ անել Ամերիկայի մարգագետինների, անվտանգ օդի ու այստեղի՝ փոշոտ ու վտանգավոր օդի, ինչպես նաև մինչև գոտկատեղ հասնող խոտերի միջև։ Հորդուբալն հանկարծակի իմանում է, որ իր մարգագետնից մի քանի մետր այն կողմ գտնվողը իր ընկերոջ՝ Պյոսայի մարգագետինն է՝ լի կարտոֆիլի, հաճարի ցանքով։ Ընդհանուր առմամբ, օրը տաք էր, կրքերը՝ նույնպես։ Մի պահ վեճ ծագեց, ու Հորդուբալը մատ թափ տալով՝ հեռացավ․ որոշել էր միայնակ տուն վերադառնալ։ Երկու-երեք ժամից արդեն գյուղում էր, մտածում էր անակնկալ անել իր հարսին՝ Պոլանային։ Որոշել էր կեռ պատվիրել գյուղի արվարձանում գտնվող դարբնոցի վարպետից։ Վարպետի հետ կարճ խոսակցություն էր բռնել, պատմում էր, թե ինչպես է օրերն անցկացրել երկրից դուրս, իսկ վարպետն էլ՝ իր հերթին, գովում էր Պոլանայի ձիերը․ կարծում էր, որ նրանց համար ութ հազար տալը անիմաստ չէ։ Պատմում էր, թե ինչպիսի արագ ու սրընթաց կենդանիներ են նրա ձիերը, լրիվ՝ սատանա։ Խոսակցությունն ավարտելով՝ Հորդուբալը վերցնում է դեռ լիովին չհանգած երկաթի կտորը ու շտապում տուն։ Կեռը՝ որպես նվեր իր սիրելի տիկնոջը, ամրացնում է դռնակից, որպեսզի նա կարողանա ներսից էլ փակել դուռը։ Այսպես ավարտվում է և այս գլուխը։

Գլուխ Թ — Հորդուբալը ինքն իրեն դիտողություններ, նկատողություններ ու առաջարկներ է անում՝ Պոլանայի հետ հարաբերությունները զարգացնելու համար։ Անդադար համեմատություններ Ամերիկայի ու այստեղի միջև, սակայն արդյունքը՝ ոչինչ, ոչ մի տեղաշարժ կամ առաջընթաց։ Զարմանում է Հորդուբալը, թե ինչու նրա աղջիկը անծանոթի հետ ավելի լավ է շփվում, քան սեփական հոր հետ։ Հարցեր է տալիս ու փորձում դրանց պատասխանել։ Ապարդյուն։ Պոլանայի հետ խոսելիս, ասում է, որ Ամերիկայում ավել անելը, աման լվալը, փոշի սրբելն ու տունը մաքրելը տղամարդու գործեր էին նաև, ու ոչ մեկ իրավունք չուներ քննադատել, իսկ այստեղ՝ նրա հարազատ վայրում՝ բնօրրանում, նույնիսկ սեփական կինը չի թողնում նրան որևէ բարի կամ պարզապես օգտակար գործ անել։

Գլուխ Ժ — Այս գլուխը նույնպես սկսվում է փոքրիկ ճամփորդությամբ։ Հորդուբալը, հրաժեշտ տալով աղջկան, դուրս է գալիս տնից ու բարձրանում է մոտակա սարը՝ գյուղը զննելու ու կարոտն առնելու նպատակով։ Հեղինակը, փորձելով բնութագրել Հորդուբալի ապրումներն ու զգացողությունները, փոխաբերություններով է դա անում։ Հորդուբալը նայում է բուսական աշխարհին ու տեսնում է վեհ ծառերը, ասես, աստծո տաճարներ, նայում է ծաղիկներին՝ գարնան խորհրդանիշներին, պատկերացնում է անթիվ-անհամար մի եզերք։ Շատ գեղեցիկ ու իմաստավոր բառերով է հեղինակը բնութագրում։ Սարի գլխից նայելով՝ Հորդուբալը մտածում է․ արդյոք այս հրաշքը կարող էր լինել Ամերիկայում, միթե՞ նա չի տեսել սա, միթե՞ բաց է թողել։ Հանկարծ հանդիպում է Միշա անունով գյուղացի հովիվին, ում հետ խոսակցություն է սկսում։ Նրանք խոսում են ամենատարբեր թեմաների շուրջ, սակայն ամենատպավորվածը կախարդական բույսի մասին թեման էր։ Հորդուբալին հետաքրքրում էր, թե արդյոք անտառում կա այնպիսի մի բույս, որը կարող է ստիպել աղջկան սիրել մեկին։ Փոքրիկ վիճաբանությունից հետո, Հորդուբալը ծաղիկներ է հավաքում ու իջնում ետ՝ տուն։ Ընթրիքի ժամանակ ցանկանում է պատմել, թե ինչեր է տեսել անտառում, սակայն լարվում է ու երկյուղում․ արդյունքում, ոչինչ էլ չի պատմում աղջկան։ 

Գլուխ ԺԱ — Այստեղ ծանոթանում ենք ևս մեկ հերոսի՝ գնչուհու հետ։ Նա վհուկ է, ով կարողանում է կախարդական հեղուկներ պատրաստել։ Ահա այսպիսի մի խնդրանքով, նրա մոտ է եկել Հորդուբալը։ Խնդրում է տասը դոլարով մի այդպիսի հեղուկ պատրաստել։ Պատրաստելուց հետո, նա վերցնում է հեղուկը, շտապ վազում տուն, քանի որ ամպրոպ է երկնքում, ու ակնթարթներ հետո այն կպայթի։ Հանկարծակի տեսնում է Պոլանային՝ գունատ, վախեցած, տեսնում է նաև ձիուն, ով ազատ թռչնակի պես վազվզում է այգով մեկ։ Վախվորած ու սարսափած տեսնում է նաև երրորդ հերոսին՝ նրա աղջկան, ով պատահական էր այնտեղ հայտնվել։ Նրա և Շտեպանի համառ ջանքերի շնորհիվ, Հաֆյան ողջ-առողջ տուն հասավ, իսկ նրանք երկուսով ստացան որոշակի փոքրիկ ու աննշան վնասվածքներ։ Այս դրվագը օգնեց Հորդուբալին ավելի մոտիկանալ աղջկա հետ, իսկ Շտեպանին՝ փայլել ընտանիքի մեջ։

Գլուխ ԺԲ — Ականատես ենք լինում ևս մեկ խորհուրդների շարքին։ Անդադար մտորում է Հորդուբալը, զուգահեռներ ու համեմատականներ տանում Չեխիայի գյուղերից մեկի ու Ամերիկայի քաղաքի միջև, հերթական անգամ համոզվում է, որ Ամերիկայում ամեն ինչն ավելի մատչելի էր։ Մտածում է, թե յոթ հարյուր դոլարով ինչ կարող է անել, ինչպիսի կյանք կարող է “սկսել”։ Անդադար մտածում է հերոսը։ Անընդմեջ տարբերակներ է փոխանակում, թե որտեղ ավելի լավ կլինի աշխատել՝ մայրաքաղաքում, թե այստեղ՝ գյուղում։ Մտածում է, թե հանք կգտնի, մեծահարուստներին կվաճառի։ Սակայն սրանք պարզապես մտածմունքներ են, ուրիշ ոչինչ․․․

Գլուխ ԺԳ — Ըստ էության, այս գլուխը “ամենասաստիկն” էր ու ամենալարվածը։ Հորդուբալը որոշեց գինետուն գնալ ու մի լավ քեֆ անել, սակայն իր կնոջ ու իր հասցեին Ֆեդելեշ Հեյզա անունով մարդու կողմից վիրավորանքներ ու հայհոյանքներ ստանալուց հետո, կռիվ է սկսում ու իրար “մի լավ” ծեծում են։ Երբ նրա ընկերը՝ Վասիլը, նրան տուն է տանում, նա ճանապարհին պատմում է Ամերիկայում գերմանացի աշխատողի հետ կռվի մասին, որը տեղի էր ունեցել տարիներ առաջ, սակայն լավ դաջվել էր Հորդուբալի ուղեղում։ Ի սկզբանե, Հորդուբալը չէր ցանկանա որևէ կռիվ սարքել, բայց քանի որ նրան “սադրեցին”, այն էլ, հայհոյանքներով, ուստի այս կռիվը կարելի է որակել արդարացի ու արդարացված։ Նա չվախենալով ցանկապատի փայտերից ու դանակից, հանուն իր և կնոջ հարձակվել էր ու գետնին էր շպրտել Ֆեդելեշին՝ գինետանը գտնվող գրեթե բոլոր մարդկանց բարեկամին։ Փոքրիկ վիճաբանությունից հետո, երբ մի պահ Վասիլը պաշտպանեց “ձախերին”, Հորդուբալը անկեղծացավ, որ Վասիլը այլևս նրա ամենամոտիկ բարեկամը չէ գյուղում։

Գլուխ ԺԴ — Հորդուբալը ցանկանում էր Շտեպանի հետ գնալ մարգագետին, սակայն վերջինս դրան դեմ էր, քանի որ վախենում էր, թե մի բան կլինի այնտեղ։ Մի քանի կիլոմետր անցնելուց հետո, Հորդուբալը հրամայում է, որ Շտեպանը կանգնի ու նրան մինչև վերջ լսի։ Հորդուբալը պատմում է, որ նրա ու Պոլանայի մասին վատ “մտքեր” կան գյուղում, ուստի նա պետք է հեռանա։ Շտեպանը՝ իբրև հասկացող մարդ, ձեռք առնելով ու ծաղրելով արյունլվիկ Հորդուբալին, գլուխը թափ է տալիս ու շարունակում է ճամփան, իսկ գլխավոր հերոսը ծերուկի պես քայլելով գնում է տուն։

Գլուխ ԺԵ — Հորդուբալը արդեն նիհարել ու թուլացել է, այնքան գործ է արել։ Իսկ կինն էլ հանգստանում է, գիտի որ տանը տեր կա, ինքը ինչու՞ աշխատի։ Գործերն էլ անվերջ են, մի բան անում է, մյուսն է “ջրի երես” գալիս։ Ահա այսպես է Հորդուբալը անցկացնում օրերը։ Կռվել է Պոլանայի ու Հերիչի հետ, Շտեպանն նրանից “գլուխ է թեքում”, իսկ Հաֆյան առաջվա պես չի ցանկանում որևէ բառ փոխանակել սեփական հոր հետ, այլև անդադար նայում է Շտեպանին, ով էլ իր հերթին անդադար հեքիաթներ ու պատմվածքներ է պատմում խեղճ աղջկան։

Գլուխ ԺԶ — Հորդուբալը անկեղծանում է “այն” օրվա մասին Պոլանային ու ներողություն է խնդրում։ Պոլանան պարզապես չի ցանկանում որևէ պաշտպանական խոսքեր ասել ի օգուտ ամուսնու, ով իրեն վտանգելով, պահել է կնոջ պատիվը։ Այս “դառը” խոսակցությանը հետևում է մեկ այլը՝ ավելի զարմանալի ու արտառոց։ Ամուսինները որոշում են, որ Հաֆյան (ինչքան էլ որ նա փոքր է․ համենայն դեպս այս փաստը հաշվի չի առնվել) պետք է ամուսնանա Շտեպանի՝ տան աշխատողի հետ։ Նրանք լավ լեզու են գտնում միմյանց հետ, րոպեներ ու ժամեր են անցկացնում միասին։ Ի՞նչն է պակասում։ Իհարկե, դեռ կան որոշակի երևույթներ, որոնք պետք է համաձայնեցվեն, սակայն մենք լիովին համոզվում ենք, որ ո՛չ Պոլանան, ո՛չ էլ ամուսինը՝ Հորդուբալը, դեմ չեն այդ արտառոց “հարսանիքին”։

Գլուխ ԺԷ — Հորդուբալը որոշում է ամուսնացնել իր աղջկան ու հենց այդ նպատակով ուղևորվում է Ռիբա գյուղ՝ “Շտեպանենց” տուն։ Ժամերով խոսում, պայմանավորվում է մյուս ծերուկի՝ Հայր Մանյայի հետ ու վերջ ի վերջո համաձայնության է գալիս։ Կրտսեր Շտեպանը և՛ ուրախ է, և՛ տխուր, քանի որ նրա հայրը խոսակցության ժամանակ նրան արգելեց արտահայտվել կամ իր շահերը պաշտպանել։ Այդ իսկ պատճառով, ամբողջ ճանապարհին Շտեպանը զայրույթով էր խոսում Հորդուբալի հետ։

Գլուխ ԺԸ — Վերջ, արդեն բոլոր փաստաթղթերը ստորագրված են, կողմերը՝ համաձայնեցված։ Նույնիսկ որոշ կետեր են ավելացրել՝ պայմանագիրը հաստատելու ու վերջնականապես վավերացնելու համար։ Փաստացի, Հաֆյան ու Շտեպանը ամուսիններ են, չնայած, որ Հաֆյան դեռ տասներկու տարեկան էլ չկա։ Շախով-շուխով մտնում են Կրիվոյ, ու Հորդուբալը գոռում է, թե փեսա է բերել։ Ինչքան էլ փորձում են նրան հանգստացնել, դա ստացվում է միայն բակ մտնելիս։

Գլուխ ԺԹ — Հորդուբալը սկսում է ամբողջ գյուղով պարծենալ, թե փեսացու է բերել, որը նշանվել է իր աղջկա հետ։ Ամբողջ օրը “այստեղ-այնտեղ” գլուխ է գովում, բամբասում, իսկ դրա վերջը լինում է հարևանների քմծիծաղն ու ծաղրանքը։ Այս ամենը դուր չի գալիս Շտեպանին, և նա որոշում է լրջորեն խոսել Հորդուբալի հետ։ Խոսակցությունը չի ստացվում, Հորդուբալը զայրանում է ու պատռում պայմանագիրը, հետո էլ հրամայում, որ այդ պատառիկները տանի ցույց տա հորը՝ Ավագ Շտեպանին։ Մանյան ծնկի է իջնում, չի ցանկանում հեռանալ, մինչև որ տիրուհին, այսինքն՝ Պոլանան, չհրամայի նրան։ Այսպիսով, նա ցանկապատով է դուրս գալիս՝ Հորդուբալի “թեթև” ձեռքի շնորհիվ։

Գլուխ Ի — Հորդուբալը շտապում է փաստաբանի մոտ՝ կնքելու “կտակի” մասին զեկույցը։ Նա պարտադրում է, որ մահից հետո իր բոլոր ունեցվածքները անցնեն Պոլանային՝ իր միակ սիրուն։ Փաստաբանից հետո գնում է այսպես կոչված “զորամաս”, որտեղ ցանկանում է վաճառել իր հովատակին, ձիուն։ Համոզելուց ու արդար պատճառ ներկայացնելուց հետո, վերջապես կարողանում է համաձայնության գալ “թմբլիկ” հրամանատարի հետ։ Այսպիսով, ձին շուտով անցնելու է հրամանատարությանը, իսկ հարկ եղած դեպքում, կվերադարձվի հետ։ Այսքանն էր այս գլխի բուն միտքը։

Գլուխ ԻԱ — Հորդուբալը գիշեր-ցերեկ աշխատում է՝ Պոլանայի փոխարեն, սակայն աշխատավարձ չի ստանում։ Որոշում է գնալ հանդեր՝ աշխատանք փնտրելու։ Մտածում է, թե որտեղ կարող է ընդունվել աշխատանքի։ Մտքում թվարկում է տարբերակները՝ մայներ, ֆերմեր, անասունների տեր և այլն։ Հանկարծակի տեսնում է մի կնոջ ու մի քանի հոգու ևս, որոնք կռվում են, մտածում է, թե Պոլանան նրանց “շարքերում” է։ Մտքերը իրար հակասում են։ Նա շնչակտուր վազում է դեպի գյուղ ու սկսում փնտրել Պոլանային, ով ոչ մի տեղ չկա։ Սակայն, հանկարծակի նա հայտնվում է, պատմելով, թե հարևանուհու տանն էր այդքան ժամանակ։

Գլուխ ԻԲ — Պոլանան, ըստ էության, դառնում է ավելի ընկերասեր, սկսում է նրանց հարևանուհու՝ Հերպակովայի հետ շատ շփվել։ Իսկ Հորդուբալը ամբողջ օրը մտածում է միմիայն աշխատանքի մասին, թե այն ինչքան շատ է, որ նույնիսկ վերջը չի երևում։ Վերջ ի վերջո որոշում է, որ Շտեպան Մանյան պետք է վերադառնա, քանի որ նա այստեղի “ծակ ու ծուկերին” սովոր է, ամեն ինչ գիտի, ուստի և աշխատանքը նրա համար ավելի հեշտ կլինի։

Գլուխ ԻԳ — Հորդուբալը նորից գնում է արտեր՝ Միշայի հետ հանդիպելու նպատակով։ Երկար-բարակ ճանապարհ է կտրում-անցնում ու վերջապես տեսնում է Միշային՝ մառախուղի մեջ “թաղված”։ Նա եկել է նրան խնդրելու, որ գոնե նա համոզի գյուղի “հասարակությանը”, թե Հորդուբալովները նորմալ ընտանիք են, այլ ոչ թե Հերիչի ասած “ցնդաբանությունը”։ Իհարկե, համաձայնվում է Միշան, սակայն, նկատելով, թե ինչպես է Հորդուբալը դողում, նրան առաջարկում է բույսերով տաք հեղուկ։ Մի քանի րոպե անց, Հորդուբալը խմում է այդ հեղուկը մինչև վերջին կումը, իսկ Միշան գնում է իր եզների մոտ։ Հորդուբալն էլ տուն է վերադառնում, “թաղվելով”, երեկոյի մառախուղի մեջ։

Գլուխ ԺԴ — Հորդուբալը ընկնում է հալյուցինացիաների մեջ։ Պատմում է Միշային, ով նույնիսկ այնտեղ էլ չի, թե ինչեր է արել Ամերիկայում։ Իսկ նրա աղջիկը՝ Հաֆյան, անընդհատ այստեղ ու այնտեղ է վազվզում, մորը զեկուցում, թե ինչպես է տան տերը իրեն զգում։ Ահա այսպես է անցնում առօրյան։ Երբ Հորդուբալը որոշում է դուրս գալ մաքուր օդի, քանի որ լսում է եզների շարունակաբար մոտեցող զնգոցը, այդ ժամանակ, նա իսկույն ետ է գնում, որովհետև նրան այդպես է հրամայում Պոլանան։

Հատված Բ գլուխ Ա — Յուրայ Հորդուբալին սպանել են։ Սա, միանշանակ, շրջապտույտ էր վեպի մեջ։ Նույնիսկ չէի էլ պատկերացնում այսպիսի “ավարտ”։ Ոստիկաններ են գալիս, հետախույզներ, հարցաքննում են Պոլանային։ Պոլանան միամիտ խոստովանում է, թե “ոչ գործնական” հանդիպում է ունեցել տան նախկին բատրակի՝ Շտեպան Մանյայի հետ՝ գյուղից դուրս։ Մանրամասները ոստիկաններին, համենայն դեպս այս գլխում, չհաջողվեց պարզել։ Իսկ տան տերը՝ Հերիչը, ում հետ կռվել էր “հանգուցյալը”, հանկարծակի արտաբերեց, թե Պոլանան հղի է, որը նույնպես անսպասելի ու անկանխատեսելի մի իրադարձություն էր։

Գլուխ Բ — Հետախույզները քննարկում են մի տարբերակ՝ կապված հանցագործության հետ։ Նրանք կարծում են, թե վրեժխնդրության նկատառումներով, Ֆեդելեշ Հեյզը, ում հետ կռվել էր Հորդուբալը օրեր առաջ բարում, պատվիրել է, որ նրան սպանեն։ Իսկ հետո, հետախույզները շարժվեցին Ռիբարի՝ “Շտեպանենց” տուն՝ հետաքննության։

Գլուխ Գ — Շատ անսպասելիորեն պարզվում է, որ Շտեպանը “խառնված” է այս դաժան գործի մեջ, քանզի նրա տված բոլոր պատասխաններն ու ցուցմունքները այնքան տարօրինակ էին ու փոխկապակցված, որ ոստիկանները գնալով ավելի ու ավելի էին կասկածում։ Նրան վերջ ի վերջո ձերբակալեցին ու տարան քաղաք։

Գլուխ Դ — Ոստիկաններն ու հետախույզները տարբերակներ են քննարկում։ Արդեն ոչ մի կասկած չկա, որ Շտեպանն է սպանել Հորդուբալին, սակայն նպատակը այդպես էլ պարզ չի դառնում։ Կամ կատարվել է կողոպուտի նկատառումներով, կամ՝ վրեժխնդրության, կամ՝ կնոջից ազատվելու համար։ Ախր, շատ կապեր կան։ Մանյաների աղքատ լինելն ու ամբար կառուցելու համար ջանք թափելը, Հորդուբալի քսակի կորելը, նրան սպանելը, մախաթը, որով ենթադրվում է, թե սպանել են Հորդուբալին, ու այն կորել է Մանյաների տնից։ Շատ կան կապեր ու տրամաբանական հանգույցներ։ Ընդամենը մնում է ճիշտ դասավորել “ժամանակահատվածները”։

Գլուխ Ե — Սպանությունը անիմաստ էր։ Այսի՞նքն։ Իսկապես, նրանք սպանել են հանգուցյալին, կամ էլ, ավելի ճիշտ ասած, “համարյա” մեռածին։ Այո, Հորդուբալը այդ ժամանակ գտնվում էր ծանր հոգեվարքի մեջ ու նույնիսկ մինչև առավոտ չէր դիմանա, իսկ արյունը քիչ էր հոսել, քանի որ մեծ տենդ էր ապրում հանգուցյալը։ Այստեղ մենք ևս մեկ շղթայակցված կապ ենք գտնում։ Սակայն, ըստ մայր օրենքի, սպանությունը մնում է սպանությունը, չնայած, որ անտեղի էր ու սրտի ուռուցքից և թոքերի բորբոքումից։ Դոկտորը խոսք է տալիս, որ սիրտը կուղարկի հայտնի չեխ գիտնական-սրտաբանի, ով որ կկարողանա ավելի ճիշտ եզրակացություն անել այս ամենից։

Գլուխ Զ — Պոլանան չէր համբերում ժառանգությունն ստանալու, որպեսզի սիրեկանին պահեր, իսկ Շտեպանը փողի սիրահար է՝ ահա և բոլորը։ Այս միտքը ամենալավն է բնութագրում իրավիճակը։ Պոլանան հղի էր Շտեպանից և այդ իսկ պատճառով չէր ուզում աշխատել, անընդհատ արհամարհում էր Հորդուբալին և նման շատ այլ երևույթներ։ Սակայն, երբ գիտնական-սրտաբանը հայտնաբերեց, որ Հորդուբալի սիրտը խոցված է փոքրակալիբր հրացանով, ամեն ինչն ավելի դժվարացավ։ Բոլորը սկսեցին փնտրել հրացան, սակայն չգտան, փոխարենը՝ Հորդուբալի քսակը՝ “Շտեպանենց” տան գերանի տակ։ Մեկ “հեշտանում” է գործը, մեկ՝ խճճվում։

Հատված Գ — Եկավ դատի օրը։ Մեղադրյալները հարցաքննվում են։ Զեկույցներն ու ցուցմունքները շատ են ու տեղ-տեղ տհաճ ու վիրավորական։ Անխտիր բոլորը՝ գյուղի բնակիչները, Հորդուբալի հարևանները, Ռիբարի գյուղի բնակիչները, երեխաները, կանայք և տղամարդիկ։ Բոլորը մեղադրում են “պառաված” Պոլանային, ով շահագրգռված էր գումարով ու ընդհանրապես ուշադրություն չէր դարձնում ամուսնու վրա։ Իսկապես, Պոլանան դավաճանում էր ամուսնուն, երբ նա արտերկրում էր։ Նույնիսկ սեփական աղջկա աչքերի առջև, ով ցուցմունքների ժամանակ ամեն ինչ պատմեց։ Դատարանում՝ դատի ժամանակ, բոլորը մեղադրեցին Պոլանային, որ նա ուրացել էր, սակայն նրա պաշտպանները ամեն ինչ անում էին, որպեսզի դատը կանխվի, նրանք էլ չձերբակալվեն։ Բայց միևնույնն է, բոլոր մեղադրանքներն ու ցուցմունքները ուղղված էին նրանց՝ Շտեպանի ու Պոլանայի դեմ։ Հետաքրքիր “սյուժե” է ստացվում։ Հետևենք իրադարձություններին։ — Հորդուբալը վերադառնում է Ամերիկայից՝ տուն, այն ժամանակ, երբ Պոլանան արդեն դավաճանել է նրան՝ ամռանը՝ Շտեպանի հետ, իսկ երեխայի ծնվելուն մնացել են հաշված ամիսներ՝ մինչև մարտ։ Սրանից արդեն եզրակացնում ենք, որ երեխան Հորդուբալինը չէ։ Հորդուբալը, երբ տուն է գալիս, նոր-նոր տեղավորվում է, զգում է, որ սեփական կինն ու երեխան արհամարհում են նրան։ Պոլանան ընդհանրապես ցանկություն որևէ չի հայտնում նրա հետ խոսել, շփվել, կամ նրա վրա գոնե ուշադրություն դարձնել։ Սրան հակառակ, պաշտպանում է Շտեպանին՝ բատրակին, ով չորս-հինգ տարի է աշխատում է նրա մոտ։ Հորդուբալը աշխատում է, փող է բերում, ուղարկում, սակայն նրա վրա նորից ուշադրություն չի դարձնում կինը, այլև անընդհատ մտածում է Շտեպանի ու նրա գործերի մասին։ Երբ Շտեպանի հետ կռվում է Հորդուբալը ու նրան դուրս շպրտում տնից, այդ ժամանակ Պոլանան ավելի է լարվում ու անհանգստանում, դրա պատճառով էլ ավելի շատ է արհամարհում նրան։։ Վերջ ի վերջո, Հորդուբալը իր կյանքի վերջին օրերից մեկում, խնդրում է, որ Շտեպանը վերադառնա, նրա հետ պայմանագիր է կնքել, ամուսնացրել է աղջկան նրա հետ․ սակայն սրանք բոլորը ապարդյուն են եղել։ Բայց, Հորդուբալն էլ չկարողացավ վայելել կյանքի “պտուղները”․ նրան սպանեցին։ Այստեղ մենք տեսնում ենք, թե ինչքան հակասություններ կան Պոլանայի ու Շտեպանի խոսքերում։ Ինչքան էլ, որ Շտեպանը՝ դատի վերջում, խոստովանում է վրեժխնդրության մասին, միևնույնն է դատն արդեն իր ավարտին է մոտենում, ու Շտեպանի խոսքերը միմիայն “յուղ” են լցնում կրակի վրա։ Իրոք, բոլոր-բոլոր ցուցմունքները, նույնիսկ Պոլանայի աղջկա, ով ամեն ինչ տեսել էր, ուղղված են նրանց դեմ։ Այսպիսով, երկուսն էլ ձերբակալվում են՝ գյուղի բնակիչների, ոստիկանների ջանքերի, ինչպես նաև արդար հաղթանակի շնորհիվ։ Շտեպանը դատապարտվում է ցմահ, իսկ Պոլանան՝ տասներկու տարով, քանզի երեխա է սպասում։

Ես այս վեպը շատ հավանեցի, քանի որ այն գրված էր ժամանակակից ոճով։ Այսինքն, հեղինակը չէր սկսում վեպը “լինում է, չի լինում” արտահայտություններով, այլև խոսում էր այն ինչ կար, այն ինչ զգում և ապրում էր գլխավոր հերոսը։ Սիրեցի հեղինակի գրելու ձևը։ Նա օգտագործում էր ամերիկյան շատ բառեր, որոնք միմիայն հետաքրքրություն էին մտցնում վեպի սյուժեի մեջ։ Հավանեցի այն, որ “գիտաֆանտաստիկ” չէր, այլ սովորական առօրյա կյանքից դրվագ։ Սա էր ամենակարևորը։ Այս վեպի շնորհիվ, կարողացա ինքս բացահայտել իմ “հետախուզական” հատկանիշները, ինչպես նաև ավելի լավ ճանաչել սլավոնական երկրների մշակույթը, մասնավորապես՝ Չեխիայի, որն ունի շատ մեծ ու թանկարժեք ժառանգություն։