Հետաքրքիր է իմանալ, թե ով ում է նման։ Ես պատրաստել եմ որոշակի տեղեկություններ ու վերլուծություններ, ինչպես նաև համեմատականներ իմ ու ընտրածս հերոսի միջև։ Լինում են դեպքեր, երբ մենք մեզ չենք կարողանում «կառավարել», տրվում ենք էմոցիաներին, լարվում ենք, անհանգստանում, ու կանխամտածված պայքարը ընթանում է լիովին ուրիշ «հունով»։ Ես հիմա անկեղծ եմ պատասխանելու այն հարցին, թե ես ավելի շատ «ռազմի կողմնակիցն եմ», աջակիցն ու մշտական մասնակիցը, թե ավելի շատ հարցին «խելամտորեն» մոտենալու կողմնակիցը։ Ես ինձ որակում եմ որպես Աթենաս Պալասի բնութագրիչների ու հատկանիշների նմանվող անձ։ Ինչու՞, միթե սա վախկոտության կամ խուսափելու միջոց ու պահ է։ Ոչ, սա պարզապես իմ հոգեբանության ամենակարևոր գիծն է, և ես դրանով, իրոք որ, հպարտանում եմ։ Ինչքան էլ, որ կնոջ «դրսևորում» է, միևնույնն է, ես դրա հետ բոլորովին համաձայն եմ։

Թույլ տվեք, հերթական անգամ կրկնել, որ ոչ բոլորս ենք կարողանում զսպել մեզ, լռել, հանկարծակի վեր չթռչել ու բոլորի վրա չգորգոռալ։ Դա մարդկային բնազդ է, որը եկել է դեռ հին դարերից։ Ես ինձ որակում եմ որպես հարցին «դիվանագիտորեն» մոտեցող անձ, քանզի տիրապետում եմ այն բոլոր անհրաժեշտ «միջոցներին» ու «գործիքներին», որոնցով կարողացել եմ, կարողանում եմ ու կկարողանամ կանխել լարված կոնֆլիկտը։ Շատերը կմտածեն, թե ստում եմ, ու թող այդպես էլ շարունակեն մտածել, սակայն ես վստահաբար ասում եմ, որ Աթենաս Պալասին նման եմ ողջախոհության, կանխամտածված պայքարը խելամտորեն վարելու ունակությամբ։

Շատ եմ առերեսվել տարբեր կոնֆլիկտների, սակայն ոչ բոլորին եմ «անփոփոխ» մասնակից եղել։ Ես միշտ փորձում եմ կարգավորել ամեն բան խոսելու, քննարկելու, սխալներ հանելու ու դրա վրա նույնպես կենտրոնանալու միջոցով, ես պարզապես չեմ սիրում կռվել։ Այո՛, կռիվներ նույնպես ունեցել եմ։ Սակայն, թե՛ ուղեղս, թե՛ ներքին ձայնս ինձ հուշում են, որ պայքարից միշտ էլ կարող ենք խուսափել, միայն թե հակառակորդի «պոչը բռնենք» ու «խաղացնենք», որը նույնպես հետաքրքիր, ինչ-որ տեղ մանիպուլյացիայի ժանրից է։ Ես սիրում եմ մտածել իմ կատարած քայլերի հետևանքների մասին, սիրում եմ դրանք վերանայել, «ուղղել», վերագործարկել, սակայն, ինչպես և մյուսների մոտ, դա միշտ չէ, որ ինձ մոտ ստացվում է։ Եթե նույնիսկ ինձ հետ ոմանք չհամաձայնվեն, միևնույնն է ես պնդելու եմ իմը, քանզի ես դրանում համոզված ու վստահ եմ։