Տնտեսության մյուս ոլորտը սպասարկման (կամ ծառայությունների) ոլորտն է (օգտագործվում է նաև ոչ արտադրական ոլորտ անվանումը): Այն միավորում է տնտեսության այն ճյուղերն ու մարդկային գործունեության տեսակները, որոնք ուղղակիորեն չեն մասնակցում նյութական արժեքների ստեղծմանը, բայց համատեղ ուժերով որոշում են մարդկանց ապրելակերպը, կյանքի մակարդակը, բարեկեցությունն ու սպառումը, բավարարում են նրանց հոգևոր և նյութական պահանջները: Այդ ճյուղերն ու գործունեության տեսակները նույնպես բազմազան են (առևտուր, կրթություն, գիտություն, առողջապահություն, մշակույթ, սպորտ, կապ, մարդատար տրանսպորտ, բանկային գործ, ֆինանսավարկային սպասարկում, պետական և հասարակական կառավարում)։

Սպասարկման ոլորտի կառուցվածքը — դաս։ Աշխարհագրություն, 7-րդ դասարան.

Աշխարհի շատ երկրների նման, Հայաստանի Հանրապետությունում ևս սպասարկման ոլորտն ավելի արագ է զարգանում, քան արտադրականը։ Դրա բաժինն աճում է երկրի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) և ազգային եկամտում։ Առաջընթաց տեմպերով մեծանում է այդ ոլորտում զբաղվածների թիվը։ Ներկայումս հանրապետության զբաղվածության շուրջ 44%-ը բաժին է ընկնում սպասարկման ոլորտին:

Սպասարկման ոլորտի զարգացումն ու տարածքային կազմակերպումը պայմանավորող գլխավոր գործոններն են. երկրի տնտեսական զարգացման մակարդակը, բնակչության թիվը և կազմը, կենսամակարդակը, տարաբնակեցման բնույթը, աշխատանքային ռեսուրսների թիվն ու որակը, տրանսպորտային համակարգի զարգացման մակարդակը: Ինչքան այդ ցուցանիշները բարձր են, այնքան զարգացած է սպասարկման ոլորտը, և արդյունավետ է տարածքային կազմակերպումը:

Ոչ արտադրական ոլորտ. ընդհանուր բնութագիրը — դաս։ Աշխարհագրություն, 7-րդ  դասարան.

Սպասարկման ոլորտի ճյուղերի մի մասի տեղաբաշխումը հիմնականում կրկնում է բնակչության տեղաբաշխման և տարաբնակեցման պատկերը։ Այդպիսի ճյուղեր կան ՀՀ գրեթե բոլոր բնակավայրերում։ Որքան մարդաշատ է բնակավայրը և որքան ավելի կենտրոնական տեղ է գրավում տարաբնակեցման ցանցում, այնքան շատ են այդտեղ առկա սպասարկման ոլորտի տեսակները։

ՀՀ-ում 2011 թ. ծառայությունների ընդհանուր ծավալի 86%-ը բաժին է ընկել Երևանին։ Մեկ բնակչին ընկնող ծառայությունների ծավալով Երևանը գերազանցում է միջին հանրապետական ցուցանիշը 2․5 անգամ: Մինչդեռ բոլոր մարզերը մեկ բնակչին ընկնող ծառայությունների ծավալով զիջում են միջին հանրապետական ցուցանիշին 3-ից (Կոտայքի մարզ) 6 (Արարատի մարզ) անգամ։

Կան նաև սպասարկման ոլորտի այնպիսի ճյուղեր, որոնց համար բնորոշ է համակենտրոնացված տեղաբաշխումը, այսինքն՝ դրանք համատարած չեն և կենտրոնանում են միայն որոշակի բնակավայրերում։

Կրթությունը։ Յուրաքանչյուր ժողովրդի ու պետության կյանքում չափազանց մեծ է կրթության դերը։ Հայ ժողովուրդը միշտ էլ առանձնահատուկ նշանակություն է տվել կրթությանը։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո բազմաթիվ եկեղեցիներին կից բացվել են դպրոցներ, իսկ ավելի ուշ՝ միջին դարերում, ստեղծվել են նաև համալսարաններ (Տաթևի, Գլաձորի և այլն)։

1914-1915 թթ. ուստարում ՀՀ-ի ներկայիս տարածքում հաշվվում էր տարբեր տիպի շուրջ 460 հանրակրթական դպրոց: Դրանցից ընդամենը 7-ն էր միջնակարգ կամ ոչ լրիվ միջնակարգ: 1921թ․ դեկրետ ընդունվեց հասուն տարիքի բնակչության անգրագիտությունը վերացնելու մասին, և 1929 թ. սկսվեց ընդհանուր տարրական ուսուցումը, իսկ 1970 թ.՝ համընդհանուր միջնակարգ պարտադիր կրթությունը։

Այժմ Հայաստանի Հանրապետությունում գործում է շուրջ 660 նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ ավելի քան 63 հազ. երեխայով, և 1441 հանրակրթական դպրոց՝ մոտ 386 հազ. աշակերտով։ Հանրապետությունում գործում են նաև երաժշտական, արվեստի և գեղարվեստի 220-ից ավելի դպրոցներ՝ մոտ 38 հազ. սովորողով։

Գիտություն — {Սեդա Հովհաննիսյան, 10-1 դասարան}

Նախադպրոցական և հանրակրթական հիմնարկների տեղաբաշխումը համընկնում է բնակավայրերի տեղաբաշխման, այսինքն՝ տարաբնակեցման ցանցի հետ: Ընդ որում, դրանք ներկայացված են բնակավայրերի մեծ մասում։ Ընդհանուր օրինաչափություն է. ինչքան բնակավայրը խոշոր է, և որքան խիտ է դրա հարակից տարածքների բնակչությունը, այնքան շատ ու բազմատեսակ են կրթական հիմնարկները:

Միջին մասնագիտական հաստատությունները կամ քոլեջները (թվով 97) տեղաբաշխված են քաղաքների մեծ մասում, իսկ բարձրագույն պետական ուսումնական հաստատությունները (թվով 23) հիմնականում կենտրոնացված են Երևանում․ Պետական բուհեր կամ մասնաճյուղեր, կան նաև մարզկենտրոններում, մասնավորապես՝ Գյումրիում, Վանաձորում, Գավառում, Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում:

ՀՀ անկախացումից հետո ավելի քան 45 բարձրագույն ուսումնական հաստատությունների ստեղծումը նպաստեց բարձրագույն կրթության ապակենտրոնացմանը։ Ներկայումս 68 բուհերից 53-ը գտնվում են Երևանում, որոնց բաժին է ընկնում ուսանողների թվաքանակի շուրջ 80%-ը։ Անկախության տարիներին բուհերի թվաքանակի ավելացմանը զուգընթաց մոտ երկու անգամ ավելացել է ուսանողների թվաքանակը։ ՀՀ բուհերից առաջնեկը և խոշորագույնը Երևանի պետական համալսարանն է (ԵՊՀ)։

Հանրապետության բուհերը մասնագետներ են պատրաստում ժամանակակից տնտեսության արտադրական և սպասարկման ոլորտների գրեթե բոլոր մասնագիտությունների գծով:

Գիտությունը: Կրթության հետ միասին գիտությունը սպասարկման ոլորտի այն ճյուղն է, որը երկրի հզորացման, միջազգային հեղինակության, բնակչության նյութական ու հոգևոր մակարդակի բարձրացման համար ունի հիմնարար նշանակություն: Ընդունված է ասել, որ այժմ գիտությունը վերածվում է հզոր արտադրողական ուժի, այսինքն՝ դառնում է արտադրական գործընթացի և տնտեսական արդյունքի ստեղծման անմիջական մասնակից: Գիտական հետազոտությունների արդյունքների, գյուտերի ու հայտնագործությունների ներդրման միջոցով մեծապես ավելանում է աշխատանքի արտադրողականությունը:

Գիտությունը որպես առանձին ճյուղ գոյություն է ունեցել ոչ բոլոր ժամանակներում և ոչ բոլոր ժողովուրդների մոտ: Այսօր այն հանդես է գալիս որպես ամեն մի ազգի ու պետության զարգացման մակարդակի գլխավոր ցուցանիշ:

Անցյալ դարի սկզբից արդեն աշխարհի զարգացած երկրներում գիտնականների թիվը տնտեսության մյուս ճյուղերում զբաղվածների թվի համեմատությամբ աճում էր առաջանցիկ տեմպերով:

Հայաստանում գիտության՝ որպես ինքնուրույն ճյուղի, հիմքերը դրվեցին առաջին հանրապետության տարիներին: Սկզբում այն սկսեց զարգանալ նոր ստեղծվող բուհերում: Հետագայում հիմնվեցին նաև գիտահետազոտական ինքնուրույն հիմնարկներ: Ավելի ուշ դրանք միավորվեցին հանրապետության նորաստեղծ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) համակարգում (1943 թ):

Հայաստանի անկախության նախօրյակին գիտական աշխատողների թիվը գերազանցում էր 23 հազարը։ Յուրաքանչյուր 1000 բնակչին բաժին ընկնող գիտնականների թվով Հայաստանը առաջնակարգ տեղ էր
գրավում նախկին ԽՍՀՄ-ում։ Գիտության ամենատարբեր ճյուղերի գծով գիտական մշակումներ էին իրականացնում ակադեմիայի և նախարարությունների մի քանի տասնյակ գիտահետազոտական ինստիտուտներ և ավելի մեծ թվով բուհական ամբիոններ։ Գիտության մի շարք այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են հայագիտությունը, աստղաֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան լայն ճանաչման էին արժանացել ամբողջ աշխարհում։

Անկախության առաջին տարիներին սկսված խոր տնտեսական ճգնաժամը մեծ հարված հասցրեց նաև գիտությանը: Փակվեցին մի շարք գիտական հիմնարկներ, զգալիորեն նվազեց գիտաշխատողների թիվը, խիստ կրճատվեցին պետական բյուջեից գիտությանը հատկացվող միջոցները, գիտահետազոտական ոլորտում մեծ հեռանկարներ ունեցող շատ երիտասարդներ ստիպված հեռացան հայրենիքից: Այդ ամենով հանդերձ հայ գիտության մեծ ներուժի հիմնական մասը պահպանվել է, և բոլոր հիմքերը կան հավատալու, որ առաջիկայում այն
կկարողանա հաղթահարել առկա դժվարությունները, կվերակառուցվի ու կվերականգնի իր նախկին դերը՝
 ի նպաստ պետության հզորացման, մեր տնտեսության ու մշակույթի զարգացման։

Գիտական կազմակերպություններն ու հիմնարկները, ի տարբերություն կրթական հիմնարկների, համատարած տեղաբաշխում չունեն: Դրանք առավելապես կենտրոնացած են Երևանում: Մյուս կենտրոններից հիշարժան են Գյումրին, Վանաձորը, Վաղարշապատը, Աշտարակը, Բյուրականը։