Մեդիամաքս ընկերության հեղինակ՝ Սոֆյա Հակոբյանի հոդվածը ընթերցելով, որոշեցի անդրադառնալ որոշ կարևորագույն կետերի։ Նախքան սկսելը, նշեմ, որ այն կարող եք կարդալ հղմամբ, ինչպես նաև հեղինակը կարծիքը (որն ի դեպ նշված էր հեղինակային իրավունքների մեջ) չի համընկնում ոչ Մեդիամաքս ընկերության այլ հեղինակների, ոչ էլ ժողովրդի ինչ-որ մասի կարծիքի հետ։
Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված Հայոց Ցեղասպանության ոգեկոչման օրը՝ ապրիլի 24-ին, ժողովուրդն սգում էր այն, այցելում Ծիծեռնակաբերդ։ Հեղինակը այդ ժամանակ գտնվում էր Արցախում, ու պետք է հստակ նշել, որ նա ուներ ավելի ճիշտ պատկերացում այն մասին, թե իրականում ինչպիսի մթնոլորտ էր տիրում այդպես էլ խաղաղության չհասած Արցախում։ Հեղինակը պատմեց որոշ դրվագներ կյանքից, խոսեց ցեղասպանությունից, հայերից, արցախցիներից․․․։ Ես գնահատեցի այն, որ հեղինակը արդարամիտ էր իր խոսքերում, այսինքն խոսում էր այն «ինչ կար», այլ ոչ թե այն, ինչ ժողովրդի մեծ մասն արդեն տարիներով լսում էր։ Փորձեմ կետ առ կետ փաստեր և մտքեր առաջ բերել և կարծիք հայտնել դրանց վերաբերյալ։
Մեր վերջին 29 տարվա բացթողումների, Արցախյան հաղթանակը սեփական ձեռքով տանուլ տալու եւ պատմությունից դասեր չքաղելու մասին խոսվում է ամեն օր ու ամենուր, խոսում են բոլորն ու եթե անկեղծ՝ արդեն ձանձրացնում:
Հետևյալ միտքը, իհարկե, թվում է նվաստացուցիչ, ստորացնող, սակայն այն ևս ճշմարիտ է։ Մենք սովոր ենք խոսել և դատապարտել, մոռանալով, որ հենց այդ նույնը կարող է կատարվել վաղը, հաջորդ օրը։ Ինձ սխալ մի հասկացեք։ Այս լուրջ ճակատագրական պահին «պակասում է» միայն ժողովրդի անվստահությունը, «ձանձրությունը»։ 1994-ի արցախյան հաղթանակը, որը հայ ժողովուրդը վաստակել էր միասնական ուժերի շնորհիվ, այսօր երազանք է թվում, քանի որ մենք սիրում ենք մեղադրել, սակայն չենք սիրում մեղադրվել ու դասեր քաղել։ Ի դեպ, կարևոր է, որ ընթերցողը ուշադրություն դարձնի «սեփական ձեռքով» վաստակած հաղթանակին։ Մենք այն իրոք վաստակեցինք, այլ ոչ թե նվեր ստացանք Ադրբեջանի նման՝ մեր ոխերիմ դաշնակցի ու դարավոր թշնամու կողմից։
Այս քսանինը տարվա ընթացքում այնքան բան կարող էր փոխվել, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, որ ոչ մի «լուսին» չէր համարձակվի պարզապես մտնել մեր տարածք ու հռչակեր այն իրենը։ Մենք այնքան մեծ առաջընթաց կարող էինք արձանագրել, սակայն դա նույնպես չիրագործեցինք, այլ միայն գնացինք դեպի վատը։ Հիմա էլ բոլորն առաջընթացի, տնտեսության աճի, մարդու կյանքի բարելավման, բարեկեցության, կյանքի որակի բարձրացման փոխարեն խոսում են միմիայն Լաչինի միջանցքի, նոր առճակատման, Արցախը ձեռքից «բաց թողնելու» մասին։ Սա է դժբախտ ու դժգույն իրականությունը։
Ավելին՝ մենք զրոյական կետում ենք ոչ միայն որովհետեւ Լավրովն է մեզ համեմատում Կոսովոյի սերբերի (այլ ոչ ալբանացիների) հետ, ոչ միայն որովհետեւ Նիկոլ Փաշինյանն այլեւս չի թաքցնում, որ «Անջատում հանուն փրկությանն» իր իշխանությունը հակառակ կողմից է կարդում, եւ ոչ միայն որովհետեւ Իլհամ Ալիեւն այլեւս կարող է հանգիստ անցակետ դնել Արցախի մուտքի մոտ ու դա ներկայացնել աշխարհին որպես ամենաբնական բան: Մենք զրոյական կետում ենք, որովհետեւ (պատճառներ)․ Արցախի բնակչությունը նվազել է, որևէ ինստիտուտ Արցախում այդպես էլ չգործեց, աշխարհի հետ կապն կտրված է, կրթական համակարգը չի բարելավվել, Արցախի վրա ոչ մեկ բավարար ուշադրություն չէր դարձնում։ Իսկ հիմա ամեն կետին՝ առանձին։
- Ազատ Արցախի բնակչությունը, չնայած բոլոր սոցիալական ծրագրերին, քանակով երբեւէ չգերազանցեց նախկին ԼՂԻՄ-ի բնակչությանը, իսկ եթե շատ անկեղծ՝ չհավասարվեց էլ:
Կարևորագույն ու լրջագույն հարցերից է Արցախի հասարակության, այսինքն ժողովրդի հարցը։ Ըստ էության, պետությունը պահելու, այն ամրապնդելու կամ գոնե միջազգային հարթակներում նրա արդիականությունն ու առկայությունը ապացուցելու համար, պետք է որ այնտեղ գործի ու ապրի ազգ, ժողովուրդ, ու ոչ թե արագ նվազող, այլ՝ արագ աճող, որպեսզի հարևանների գրոհելու ցանկությունների հնարավորությունները էապես նվազեն։ Իսկ Արցախի այսօրվա բնակչության թիվը համեմատ 1994-ի՝ պատերազմի տարիների, ավելի փոքր է, այսինքն այս երեսուն տարվա ընթացքում (եթե մենք իրոք նպատակ ունեինք Արցախը փրկելու) բնակչությունը շատանալու փոխարեն, այն միայն քչացել է, և սա արձանագրված փաստ է։
- 1994-ից ցայսօր ազատագրված Արցախում երբեւէ այդպես էլ չկայացավ ու չգործեց որեւէ ինստիտուտ, իսկ ակնհայտ ուռճացված պետական համակարգն իր բազմաթիվ աշխատատեղերով մշտապես ոչ թե ջանում է խնդիր լուծել, այլ բարելավել սոցիալական վիճակը, հիմնականում՝ ծանոթ-բարեկամների:
Հեղինակը սա էլ է ճիշտ ներկայացնում։ Արցախում ոչ մի միջազգային ինստիտուտ չներդրվեց, չստեղծվեց, իսկ այն ինչ կար, մնաց նույնը, նույնիսկ չփոխվեց։ Այդպիսի ընկերությունները կամ կազմակերպությունները ավելի շատ ջանում ու ձգտում էին լուծել իրենց թեկուզ ամենահեռավոր բարեկամի խնդիրները, այլ ոչ թե շարքային քաղաքացու, ով բացի ֆինանսավարկային խնդիրներից, ուներ ավելի վատ սոցիալական խնդիրներ։
- Ուսանողը, աշխատողը կամ պարզապես աշխարհի հետ կապ ունենալ ցանկացողը Արցախում երբեւէ եւ անգամ այս լուսավոր դարում չունեցավ գոնե միջին որակի ինտերնետային եւ հեռախոսային կապ կամ դրա այլընտրանքը:
Արցախը բառի բուն իմաստով կտված է մնում աշխարհից, թե՛ ֆիզիկական հարթակում, թե՛ միջազգային։ Ֆիզիկականը բոլորս էլ հասկանում ենք, սակայն միջազգայինը համեմատաբար ավելի արդյունավետ ու հեշտ է լուծել։ Արցախում նույնիսկ մատչելի և որակով ինտերնետային կապ չկա (եթե իհարկե հեղինակը ճիշտ է մեջբերում)։ Միթե հնարավոր չէր երեսուն տարվա ընթացքում այն ստեղծել։ Կապը ստեղծելով, բնակչությունը գոնե ինչ-որ չափով ավելի ժամանակակից ու տեղեկացված կլիներ։ Սակայն սա էլ չստացվեց, ձախողվեց․․․
- Կրթական համակարգը երբեւէ չարդարացրեց իրեն այնքանով, որ ամբողջ Արցախում անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն խոսող մարդկանց մեկ ձեռքիդ վրա հաշվել կարողանալու իրողության ամոթը չզգաս:
Ինչքան փաստերն ավելանում են, այնքան ակամա հասկանում ես, թե ով է իսկական մեղավորը այս ամբողջ գործում։ Կրթական համակարգը երբևէ չարդարացրեց իրեն այնքանով, որ Արցախում սովորողները կամ միջին տարիքի մարդիկ չէին կարողանում խոսել օտար լեզուներով։ Իսկ օտար լեզու իմանալը դեռևս ամենահեշտ միջոցն է աշխատատեղ գտնելու։ Կապի բացակությունն ու բնակչության նոր լեզու սովորելու կորած ցանկությունը իրենց հետևից նոր հետևանքներ բերեցին։ Իմ կարծիքով, բացի օտար լեզուներից, թե՛ արցախցին, թե՛ հայը պիտի սովորի ամենաշատը իր մայրենի լեզուն, քանզի դա է իր վահանը՝ փափուկ զենքի դիմաց։ Արցախը ինչքան էլ, որ ավելի մոտ է Ադրբեջանին, քան մենք պիտի ավելի ու ավելի լուրջ վերաբերվի այս կարևորագույն հարցին։ Մեր հարևանի բնակչության մի մասը հանգիստ կարողանում է խոսել հայերեն, նույնիսկ հայից ավելի լավ, միթե ստորացնող չէ։ Հեղինակը ճիշտ է ասում, եթե լիներ լավ զարգացված կրթություն, արցախցիները ավելի հեշտ աշխատանք կգտնեին, թեկուզ հեռավար, թեկուզ տանից։ Եթե լիներ լավ կրթություն, կլիներ մասնագետների մեծ պահանջարկ, ինչն աշխարհը ունի։
- Աշխարհի խուլ ու համր լինելու մասին աղաղակողները երբեւէ չձեւավորեցին տեղեկատվական լուրջ հարթակներ, արդյունավետ նախաձեռնություններ ու նախագծեր, որոնք կպատմեին աշխարհին Արցախում տեղի ունեցողի մասին:
Եվ, իհարկե, ամենավիրավորական նախադասությունը, որն հեղինակը նույնպես կիրառեց և որի հետ պարզապես չեմ կարող չհամաձայնվել։ Հայերը միշտ պատրաստ են շատ բուռն քննարկել Էրդողանի վերջերս արձանագրված առողջական վիճակը, ադրբեջանա-թուրքական նոր սերտացումը, ռուս-ուկրաինական պատերազմի նոր սրացումը, ԱՄՆ նախագահ Բայդենի լեզվի սայթաքումը, պատրաստ են նույնիսկ անընդհատ շեշտել, որ դատապարտում են Հայոց Ցեղասպանությունը, կներեք խոսքիս համար, տանը թեյ ըմպելով։ Սա է իրական «ոչ հայի» դեմքը։ Եվ հեղինակը բազմիցս սա նշում է և ճիշտ էլ անում է։
Դեռ բազում կետեր կարող ենք գտնել վիճելու, քննարկելու համար, սակայն մենք պետք է միանգամայն արձանագրենք, որ սա համազգային մեղք է։ Իհարկե իշխանությունները նույնպես իրենց բաժին մեղքն ունեն այս ամեն ինչում, սակայն գլխավոր մեղավոր-պատասխանատուն հայն է։ Այն հայը, ով պատրաստ է ընկերոջ դիմացը կանգնելով, հանուն գումարի պատմել ամենանվաստացուցիչ դրվագները նրա կյանքից, նա, ով պատրաստ է դավաճանել հարազատ հայրենիքը, փախչել երկրից, նա, ով սոցիալական ցանցերում «վարդագույն» մեկնաբանություններ ու կարծիքներ է գրել և գրում, թե իբրև պատրաստ է մեկնել Արցախ և փրկել այն, սակայն վախվորած նստել է տանը ու գլուխը պատուհանից դուրս չի հանել, նա, ով պատրաստ է բոլորին դավաճանել, հետո չընդունել, որ նա է իսկական դավաճանը, նա, ով պատրաստ է անընդհատ քննադատել իշխանություններին ու չպարզաբանել, թե ինչու է դա անում, նա, ով պատրաստ է կանխամտածված սադրանք գործել սեփական հայրենիքում՝ ադրբեջանցու առջև, չմտածելով, որ այդ հարցին նա նվազագույնը պետք է մոտենար խելքով։