ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱՋՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ: 1914թ. օգոստոսի 1-ին սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը: Այն անարդարացի և զավթողական պատերազմ էր, ընթանում էր երկու խմբավորումների՝ Անտանտի և Եռյակ (հետո՝ Քառյակ) միության միջև: Թուրքիան, որը քառյակի մեջ էր, մտադիր էր թուրքալեզու մահմեդական ժողովուրդներին միավորել «Մեծ Թուրան» պետության մեջ: Պանթյուրքական ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու Հայաստանը, ուստի Թուրքիայի պատերազմի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, նրա հայրենազրկումը: Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ Թուրքիայի հետ ռազմական հերթական բախումից. այն ձգտում էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները, տեր դառնալու սևծովյան նեղուցներին և Կ.Պոլսին, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերը Իրանում:

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ: Հայոց ազգային բյուրոն Հովսեփ Արղությանի ղեկավարությամբ կազմակերպեց հայ-կամավորական շարժումը: Կամավորական շարժման գլխավոր նպատակն էր Ռուսաստանի հովանու ներքո հայկական ինքնավարության ստեղծումը: Կամավորներ էին գալիս Ռուսաստանի ամենատարբեր վայրերից, Բալկաններից և հեռավոր ԱՄՆ-ից: 1914թ. նոյեմբերին արդեն ձևավորվեցին կամավորական չորս ջոկատներ: Առաջին ջոկատը ստեղծվեց Անդրանիկի հրամանատարությամբ: Երկրորդ ջոկատը ղեկավարեց Դրոն: Երրորդ ջոկատի հրամանատար դարձավ Համազասպը, իսկ չորրորդ ջոկատինը՝ Քեռին: Պահեստային ուժերի հիման վրա ձևավորվեցին հինգերորդ և վեցերորդ ջոկատները: Հինգերորդ ջոկատի հրամանատարն էր Վարդանը, իսկ վեցերորդ ջոկատինը՝ Արշակ Ջանփոլադյանը: Հայ կամավորները կարևոր ներդրում ունեցան ռուսական զորքի տարած հաղթանակներում: Կամավորներից մոտ 800-ն իր կյանքը տվեց հանուն ապագա անկախ Հայաստանի: