ԹՈԻՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ: 1918թ. գարնանը Թուրքիան 50- հազարանոց զորքով ծրագրել էր նվաճել Արևելյան Հայաստանը: Ակակի Չխենկելու գլխավորած Անդրկովկասյան կառավարության հրամանով 1918թ. ապրիլի 12-ին Կարսն առանց դիմադրության հանձնվեց թուրքերին: Թուրքերը մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը ևս: Այսպես՝ թուրք-անդրկովկասյան պատերազմը դարձավ թուրք-հայկական պատերազմ: Ալեքսանդրապոլի գրավումից հետո թշնամու զորքը մտավ Արարատյան դաշտ և ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Հաղթանակի գործում մեծ ներդրում ունեցավ Երևանի դիկտատոր Արամ Մանուկյանը: Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը հրաժարվեց տեղափոխվել Բյուրական և մնաց Ս. Էջմիածնում՝ ժողովրդի և զորքի կողքին։ 1918թ. մայիսի 19-ին սկսվեց թուրքերի առաջխաղացումը: Հայկական զորքի թիվը հասնում էր 10 հազարի, որից 5500-ը կռվում էր Սարդարապատի ուղղությամբ։ Թշնամին նույն ուղղության վրա ուներ 6000 կանոնավոր զորք և 1500 քրդական հեծելազոր: 1918թ. մայիսի 21-ին քուրդերը գրավեցին Սարդարապատ կայարանն ու գյուղը: Այդ պահին հայ ժողովուրդը, նրա ռազմական և քաղաքական ուժերը միաբանության հիանալի վարքագիծ դրսևորեցին: Մայիսի 22-ի առավոտյան հայկական զորքն անցավ հակահարձակման և հաջորդ օրը գրավեց Սարդարապատը: Սա թուրքերի առաջին խոշոր պարտությունն էր: Մյուսը եղավ Բաշ-Ապարանում: Թուրքական 10-հազարանոց զորքը խայտառակ պարտություն կրեց հայկական 5-հազարանոց զորքից: Սա երկրորդ փառահեղ հաղթանակն էր:

Գևորգ Ե Սուրենյանց - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Գևորգ Ե Սուրենյանց

Մայիսյան հերոսամարտերը և դրանց պատմական նշանակությունը: 1918թ. մայիսի 25-ին կազմակերպվում է Ղարաքիլիսայի պաշտպանությունը: Հայկական կողմն ուներ 7000 կռվող, թուրքերը՝ 10000։ Առաջինը մարտի նետվեց Գարեգին Նժդեհը: Աչքի ընկան գնդապետ Ալեքսանդր Բեյ-Մամիկոնյանը և Նիկոլայ Ղորղանյանը: Թշնամին սկզբում նահանջեց, սակայն շուտով դիմեց հարձակման և մայիսի 30-ին գրավեց Ղարաքիլիսան: Թուրքերը մեծ կորուստներ ունեցան և չշարունակեցին հարձակումը Դիլիջան-Ղազախ ուղղությամբ: Այս ճակատամարտը նույնպես ապացուցեց, որ բարձրացել է հայ ժողովրդի մարտական ոգին և դիմադրական ներուժը: Մեծ եղեռնից և պատերազմի պատճառած վնասներից դեռ լիովին ուշքի չեկած հայությունը, 1918թ. գարնան վճռական օրերին համախմբվելով, մեծ սխրանք գործեց: Հայ ժողովրդի երկու հատվածների զավակները միասնաբար կռվեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության: Մեր պատմության ռազմական տարեգրությունը հարստացավ նոր հաղթանակներով ու անուններով: Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես և Մեծ Եղեռնից մազապուրծ եղած արևմտահայերը։ Մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Թուրքական կողմը ստիպված էր Բաթումի բանակցություններում՝ մեղմացնել իր պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ 1918թ. հունիսի 4-ին կնքել հաշտության պայմանագիր: