Արևելահայության շրջանում կար երկու տեսակի դպրոց՝ պետական և ազգային: Պետական դպրոցներում ուսուցման պարտադիր լեզուն ռուսերենն էր։ Պերճ Պռոշյանի ջանքերով 1864թ. Շուշիում և 1866թ. Երևանում բացվեցին իգական դպրոցներ։ Դրանք մեծ դեր խաղացին ուսուցչուհիներ պատրաստելու գործում։ 1874թ. կաթողիկոս Գևորգ Դ-ի նախաձեռնությամբ Էջմիածնում բացվեց հոգևոր ճեմարան, որը հոգևորականներ էր պատրաստում, և դարձավ հայագիտական խոշոր կենտրոն: Կարինի ուսումնական հաստատությունների մեջ ամենահռչակավորը 1881թ. բացված Սանասարյան վարժարանն էր։ Ուսուցիչների մեծ մասը մեծահարուստ Մկրտիչ Սանասարյանի միջոցների հաշվին բարձրագույն կրթություն էր ստացել Գերմանիայում, մասնավորապես Լայպցիգի համալսարանում:


ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ: Հայագիտությունը 19-րդ դարի կեսերից բուռն զարգացում ունեցավ: Հայոց լեզվի, գրականության, պատմության, Հայաստանի աշխարհագրության հետազոտության ասպարեզում բեղմնավոր գործունեություն ծավալեցին հայ և օտարերկրացի գիտնականներ։ Հայերենի ուսումնասիրության ճյուղը զարգացավ Ստեփան Մալխասյանցի, Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի և ուրիշների բեղուն գործունեության շնորհիվ: Նշանավոր մարդիկ էին Մոսկվայի Լազարյան ճեմարանի պրոֆեսոր Մկրտիչ Էմինը, Ռուսաստանի անվանի կովկասագետ Նիկողայոս Մառը, պատմագիտության մեծավաստակ դեմքերից, Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանը, հայ ժողովրդի ամբողջական պատմությունը ներկայացնող «Քննական պատմություն հայոց» ուսումնասիրության հեղինակ Անտոն Գարագաշյանը և այլք։ Հայ գիտնականների այս փայլուն սերնդի շատ ներկայացուցիչներ իրենց բեղուն գործունեությունը շարունակեցին նաև Հայոց պատմության նորագույն շրջանում:


ԿԵՐՊԱՐՎԵՍՏԸ: Հայկական մշակույթին փառք ու ճանաչում բերեցին աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին, Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի սան Գևորգ Բաշինջաղյանը, որը հայտնի է իր բնանկարներով՝ «Դեպի Արագած տանող ճանապարհը», «Արարատ» և այլն։ Հայտնի նկարիչներ էին Մարտիրոս Սարյանը, Վարդգես Սուրենյանցը և ուրիշներ: Նշանավոր է Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավը: Նոր շրջանի հայ քանդակագործության հիմնադիրներից է Հռոմի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ, պոլսահայ վարպետ Երվանդ Ոսկանը։ Շոշափելի է նաև քանդակագործ Անդրեաս Տեր-Մարությանի ներդրումը:

ԹԱՏՐՈՆԸ: 1861թ. Կ․ Պոլսում Պետրոս Մաղաքյանի ղեկավարությամբ կազմվում է մշտական թատերական խումբ, որը հայտնի է «Արևելյան թատրոն» անունով: 1868թ. Կ. Պոլսում Հակոբ Վարդովյանի գլխավորությամբ ստեղծվում է նոր թատերական կազմակերպություն, որը հանդես էր գալիս հայերեն և թուրքերեն ներկայացումներով: Հայտնի պոլսահայ դերասաններ էին Պետրոս Ադամյանը և Սիրանույնշը։
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ։ Հայ օպերային արվեստի հիմնադիրը Տիգրան Չուխաճյանն էր, ով գրել է «Արշակ Բ» օպերան (1868թ.): Արևելահայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն էր Քրիստափոր Կարա-Մուրզան: Ստեղծվեց հայ աշուղական ազգային դպրոցը Ջիվանու (Սերովբե Լևոնյան) գլխավորությամբ: Հանճարեղ Կոմիտասը զբաղվել է հայ ժողովրդական և հոգևոր երգերի հետազոտությամբ և ժողովրդականացմամբ: Արմեն Տիգրանյանի «Անուշ» (Հովհաննես Թումանյանի համանուն ստեղծագործության հիման վրա) օպերան 1912թ. բեմադրվեց Ալեքսանդրապոլում:

