Հասարակության, պետության կառավարումն իրականացվում է երկու հատույթով՝ ճյուղային և տարածքային։

Ճուղային կառավարումը վերաբերում է հասարակական կյանքի ոլորտների (տնտեսական, քաղաքական, սոցիալական և հոգևոր-մշակութային) կառավարմանը։ Ոլորտներից յուրաքանչյուրն ունի իր ճյուղերն ու ենթաճյուղերը, որոնց կառավարման համար ստեղծվում են ճյուղային նախարարություններ, կոմիտեներ, գործակալություններ, վարչություններ, ծառայություններ և այլն։

Տարածքային կառավարում իրականացնելու համար երկիրը բաժանում են մասերի, այսինքն՝ կատարում են վարչատարածքային բաժանում։

Վարչատարածքային բաժանման միավորները տարբեր երկրներում տարբեր կերպ են կոչվում՝ մարզ, նահանգ, երկրամաս, վիլայեթ, շրջան և այլն։ Այդ տարածքները կարող են տրոհվել ավելի փոքր միավորների՝ ընդհուպ մինչև գյուղական համայնքների։ Դրանք բոլորը վարչատարածքային բաժանման միավորներ են և միասին կազմում են պետության վարչատարածքային կառուցվածքը։

Հայկական ԽՍՀ-ի վարչական բաժանումը

1789.png

Խորհրդային Հայաստանն իր գոյության վերջին տարիներին բաժանված էր 59 առաջին աստիճանի վարչատարածքային միավորների՝ 37 վարչական շրջանների, 22 հանրապետական ենթակայության քաղաքների, ինչպես նաև 5 շրջանային ենթակայության, 31 քաղաքատիպ ավանների և շուրջ 479 գյուղական խորհուրդների, որոնք վարչատարածքային բաժանման երկրորդ աստիճանի միավորներ էին։

Հայաստանի Հանրապետության ներկայիս վարչատարածքային բաժանումը հաստատվել է ՀՀ Ազգային ժողովի 1995 թ. ընդունած օրենքով։ Վարչական նախկին շրջանների միավորման արդյունքում ստեղծվեցին 10 վարչական մարզեր և Երևանը՝ մարզի կարգավիճակով։

Երկրորդ աստիճանի միավորները կոչվեցին համայնքներ: Ավելի ուշ՝ 2009 թ. հունիսի 1-ից Երևանը նույնպես ստացավ համայնքի կարգավիճակ, իսկ 2006 թ-ին քաղաքային համայնք դարձավ Այրում բնակավայրը։

Այժմ ՀՀ-ն ունի 49 քաղաքային համայնք, իսկ 866 գյուղական համայնքները 2016թ.-ից ենթարկվում են խոշորացման՝ տարբեր առանձին համայնքների միավորման արդյունքում։

ՀՀ-ի ներկա վարչական բաժանումը

111.png

Հայաստանի Հանրապետության մարզերը, որոնք պատկերված են ՀՀ վարչական բաժանման քարտեզում, նկատելիորեն տարբերվում են թե՛ տարածքի մեծությամբ, թե՛ բնակչության թվով։ Դա երևում է նաև ստորև բերված աղյուսակից։

78.jpg