Մայիսի 10-ին՝ չորեքշաբթի օրը, պատմության և հասարակագիտության դասավանդող Վարդան Կարապետյանի գլխավորությամբ մի խումբ սովորողներով ուղևորվեցինք Հայաստանի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմին՝ Ազգային ժողով։ Այնտեղ մասնակցեցինք ԱԺ-ի «Աշխատանքի և սոցիալական հարցերի» մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումներին։ Քննարկումը «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ էր։
Ըստ ընթացակարգի՝ սկզբից Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը ներկայացրեց, թե ինչպիսի նախագիծ է ներկայացվել Կառավարության կողմից՝ Ազգային ժողով։ Ներկայացրեց ինչպիսի փոփոխություններ են արվել և ինչին են դրանք ուղղված։ Ներկայացնելու ժամանակ սովորողները հերթագրվեցին 13:30 նախատեսված ելույթների, ինչպես նաև հարցերի համար։ Ես նույնպես հերթագրվեցի, քանզի ունեի մի քանի հարց-առաջարկ։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի սովորողները ձեռնպահ չմնացին։ Յուրաքանչյուրս ներկայացրեց իրեն հուզող հարցերը, որոնց հետևեցին «Աշխատանքի և սոցիալական հարցերի» մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի ու փոխնախարար Ռուբեն Սարգսյանի պատասխանները։
Խորհրդարանական լսումները ամբողջովին կարող եք տեսնել ներքոհիշյալ հղմամբ․
Ես իմ պատմության դասավանդող պրն․ Արմեն Ոսկանյանի հետ նախապես քննարկել և ձևակերպել էի հարցը, ուստի և խնդիրներ չառաջացան այն հնչեցնելու ժամանակ։ Ըստ էության, ես պատրաստել էի առաջարկ, որն ելույթիցս հետո՝ ընդմիջման ժամանակ հաջող ընդունվեց տիկին Տիգրանյանի՝ նախագահի կողմից։
Հարցս տարիքային խմբի մասին էր։ Եթե ավելի կոնկրետացնեմ, ապա այն վերաբերում էր իմ տարիքային՝ 15 տարեկան անձանց, որոնք պատրաստ են իրականացնել կամավոր աշխատանք, սակայն օրենքը նրանց որևէ իրավունք կամ սահմանափակում չի տալիս։ Մինչև 14 տարեկան, կամավոր աշխատանքներ իրականացնելու համար պարտադիր է, որ կամ ծնողը կամ հոգեբարձուն կամ որդեգրած ծնողը գրավոր համաձայնություն տա, իսկ 16 տարեկանից վեր՝ վերոնշյալ սահմանափակումներ չկան։ Եվ հարց է առաջանում, թե տասնհինգ տարեկան անձը ինչպես պետք է գործի, որպեսզի օրենքը չխախտի այն դեպքում, երբ ցանկանում է կամավոր որևէ աշխատանք իրականացնել։ Ելույթս՝ ամբողջովին, կարող եք տեսնել ներքոհիշյալ հղմամբ․
Ընդմիջման ժամանակ կարճատև զրույց ունեցա տիկին Տիգրանյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկեցինք առաջարկներս, որից հետո այն որոշեցին քննարկել հանձնաժողովի նիստերի ժամանակ։ Ես շատ տպավորված էի, որ կարողացել էի այցելել ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմին և առաջարկ ներկայացնել։ Մեր սովորողների հարցերը նույնպես կարևոր դեր խաղացին քննարկման բարեհաջող ընթացքի գործում։ Սովորողները հնչեցրին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին կրոնին, քարոզչությանը, մոտիվացիային, տարիքային և սեռային սահմանափակումներին, ինչպես նաև տարատեսակ համեմատումներ արեցին տարբեր երկրների հետ։



Բոլորս շատ ուրախ էինք, որ մեզ այսպիսի մեծ ու անգնահատելի հնարավորություն էր ընձեռվել այցելել Ազգային ժողով՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմին։ Շատ ուրախ կլինեմ նաև, որ այսպիսի հնարավորությունները լինեն շատ և «առանց սահմանափակումների»։ Եվս մեկ անգամ շնորհակա՛լ եմ պատմության դասավանդող Վարդան Կարապետյանին՝ այցը կազմակերպելու համար, «Աշխատանքի և սոցիալական հարցերի» մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Հերիքնազ Տիգրանյանին և փոխնախարար պարոն Ռուբեն Սարգսյանին՝ խորհրդարանական լսումները անցկացնելու համար։