1991թ. փետրվարի 26-ին ՀՀ ԳԽ-ն ընդունեց «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» օրենքը։ Իրավաբանորեն ամրագրվեց բազմակուսակցության սկզբունքը։ Հանրապետության քաղաքացիները ազատորեն կարող էին հիմնել հասարակական կազմակերպություններ։ Ստեղծվեցին նոր կուսակցություններ ՝ Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ), Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ), «Սահմանադրական իրավունք» միություն (ՍԻՄ), իսկ քիչ ավելի ուշ ՝ Բարգավաճ Հայաստան (ԲՀԿ), Օրինաց երկիր (ՕԵԿ) և տարբեր կուսակցություններ։ 2001 թ. տվյալներով Հայաստանում գրանցված էր շուրջ 100 կուսակցություն ու քաղաքական միավորում։ Ստեղծվել էին նաև փախստականների, զանգվածային լրատվության, մարդասիրական օգնության, մարդու իրավունքների մշակույթի և սպորտի ու տարբեր բնագավառների բազմաթիվ հասարակական կազմակերպություններ։ Մասնավորաբար անգնահատելի գործունեություն են ծավալել բարեգործական կազմակերպությունները։ Աջակցություն և օգնություն ցուցաբերեցին Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Հայ օգնության միությունը (ՀՕՄ), «Շուշի» հիմնադրամը և տարբեր կազմակերպություններ։ Կուսակցությունների մեծ մասը դադարել էր գաղափարների շուրջ համախմբված կազմակերպություն լինելուց և հիմնականում դարձել էր ընտրություններ ապահովող կառույց։ Որոշ կուսակցություններ և քաղաքական միավորումներ ձևավորեցին և ձևավորում են քաղաքական դաշինքներ։
Անկախության հռչակումից հետո հանրապետության տնտեսական կյանքը կազմալուծվել էր: Ավերիչ երկրաշարժի հետևանքները, ԽՍՀՄ-ի փլուզումը, Արցախյան պատերազմը, շրջափակումը, երկիրը դրել էին ծանր վիճակի մեջ: Հայաստանը բացառիորեն մեկուսացած էր աշխարհից: Հարավում միայն Իրանն էր, որի հետ ուներ առևտրատնտեսական կապեր: Հյուսիսում Վրաստանը քաղաքացիական պատերազմների մեջ էր և տրանսպորտի նորմալ գործունեության համար պայմաններ չուներ: Ընդունվեց որոշումներ, որոնք նպատակ ունեին կարգավորելու տնտեսական հարաբերությունները: 1990թ. սեպտեմբերի 10-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» օրենք, ըստ որի՝ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը հայտարարվեց հանրապետության սեփականություն: