Արդեն երկար տարիներ է, ինչ «ինչ կփոխեի իմ երկրում» հարցը դրված է բանավեճի սեղանին։ Հստակ պետք է արձանագրել, որ յուրաքանչյուր պետության առջև ծառացել են մարտահրավերներ, որոնք պետությունները պետք է հաղթահարեն՝ անվտանգ ու բարեկեցիկ ապագայի ճանապարհին։ Հասկանալով թեմայի լրջությունն ու ընդարձակությունը, ես կփորձեմ որոշ կետերի անդրադառնալ, որոնք կարելի է դիտարկել մեր պետությունը ավելի բարեկեցիկ ու օրինակելի դարձնելու հարցում։
1. Հասարակություն
Մտածելով պետության ապագայի մասին, չենք կարող հաշվի չառնել հասարակության գործոնը։ Մենք պետք է ձգտենք ստեղծելու այնպիսի հասարակություն, որտեղ ամեն անհատ պետության շնորհիվ պաշտպանված կլինի ներքին, թե արտաքին «մարտահրավերներից», և հարկ եղած դեպքում պատրաստ կլինի պայքարել դրանց դեմ։ Հասարակությունը պետք է կազմված լինի պետականամետ տրամադրված քաղաքացիներից, որոնք պատրաստակամ են հարկ եղած դեպքում համախմբվել պետության գաղափարի շուրջ։ Իսկ այդպիսի հասարակություն ունենալու համար պետք է նախ խթանել տարատարիք ու տարակարգ կրթությունը։
2. Տնտեսական բարեփոխումներ
Տնտեսական բարեփոխումները մեր պետության կայացման հիմնասյուներից են։
Պետք չէ մոռանալ, որ կրթությունը` որպես լոկոմոտիվ, իր հետևանքներն է թողնում տնտեսության մյուս ոլորտների վրա։ Հետևաբար կրթության զարգացումը պետք է լինի պետության գերխնդիր։ Ելնելով տարածաշրջանային իրողություններից` կենսական անհրաժեշտություն է ռազմական արդյունաբերության առաջանցիկ զարգացումը։ Գիտությունը` և՛ հիմնարար, և՛ կիրառական հասարակության զարգացման առանցքային ուղենիշն է։
3. Օրենքի գերակայությունը և ժողովրդավարության խթանումը
Լավ կառավարման ապահովումը և ուժեղ ժողովրդավարական համակարգի զարգացումը առաջնային նշանակություն ունեն պետության առաջընթացի և կայունության համար: Թափանցիկությունը, հաշվետվողականությունը և օրենքի գերակայությունը պետք է առաջնային դիրքերում լինեն կառավարման բոլոր մակարդակներում: Քաղաքացիների՝ քվեարկություններին ու հավաքներին մասնակցության խթանումը, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը և կոռուպցիայի դեմ պայքարը կարևոր քայլեր են, որոնք կարող են հանգեցնել ավելի ժողովրդավարական հասարակության:
4. Արտաքին քաղաքականություն
Արտաքին քաղաքականության մեջ արժեքային համակարգը պետք է զուգակցել ռեալ-պոլիտիկի հետ։
Վերադառնալով այն հարցին, թե «ինչ կփոխեի իմ երկրում», ակնհայտ է, որ անհրաժեշտ է հաշվի առնել բազմաթիվ գործոններ՝ սկսած սոցիալական արդարությունից և տնտեսական բարեփոխումներից մինչև բնապահպանական կայունություն և լավ կառավարում:
Հ. Գ.
Կարծում եմ, որ ճիշտ կլիներ վերնագրում «երկիր» հասկացության փոխարեն օգտագործել «պետություն» հասկացությունը։