Գիտելիքի և դպրության օրը՝ սեպտեմբերի մեկին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կազմակերպած «Ամառային դպրոց» ծրագրի վերջին օրն էր։ Այդ օրը ծրագրի բոլոր մասնակիցները Ազգային ժողովի նախագահի՝ Պրն․ Ալեն Սիմոնյանի և Հայաստանում Շվեդիայի դեսպան Պրն․ Պատրիկ Սվենսոնի կողմից պարգևատրվեցին հավաստագրերով և նվերներով։

«Ամառային դպրոց» ծրագիրը մի հիանալի հնարավորություն էր մոտիկից ճանաչելու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգը, ինչպես նաև ավելի կոնկրետ ու առարկայական պատկերացում կազմելու պետության և պետականության մասին։

Այս ծրագրին հայտագրվել էին շուրջ վեց հարյուր աշակերտներ, ուսանողներ և դպրոցականներ Հայաստանի տարբեր մարզերից և մայրաքաղաք Երևանից։ Սակայն վեց հարյուր հոգուց միայն վաթսուն հոգուն հաջողվեց այս ծրագրին մասնակցել, և այդ հաջողակներից մեկը ես էի։ Ես շատ ուրախ ու տպավորված էի, որ կարողացել էի մասնակցել այս հետաքրքիր ու ստացված նախագծին։ Ի դեպ, նշեմ, որ այս ծրագիրը իրականացվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ։

Առաջին օրը մեր ծանոթության օրն էր։ Մենք այդ օրը շրջեցինք ԱԺ-ի թանգարանում, հետո էլ ԱԺ-ի նիստերի դահլիճ այցելեցինք, որտեղ ես մի քանի սովորողների հետ միասին այցելել էի մայիսին՝ խորհրդարանական լսումների ժամանակ։ Այդ օրը մենք ունեինք հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարար Տիկին Ժաննա Անդրեասյանի հետ։ Մինչև նախարարի հետ քննարկում-հանդիպումը, մեզ հետ ծրագրից խոսեցին աշխատակազմի ղեկավարն ու ծրագրի կազմակերպիչները, պատմելով ու ներկայացնելով, թե ինչ է սպասվելու այս երկու շաբաթների ընթացքում։ Նախարարի հետ հանդիպումը իրոք որ արդյունավետ ստացվեց։ Տիկին Անդրեասյանը մեզ ներկայացրեց բազում ծրագրեր ու նախագծեր, ինչպես նաև ներկայացրեց նոր չափորոշիչները, որոնք մտցվելու էին կրթական համակարգ սեպտեմբերի մեկից։ Մենք նրան ուղղեցինք մեզ հուզող հարցերը և ստացանք դրանց ոչ պակաս հուզող պատասխանները։ Նախարարի հետ հանդիպումը անցավ ջերմ ու ոչ լարված մթնոլորտում։ Առաջին օրն այսպես անցավ։

Մյուս օրերի ընթացքում մենք հասցրել ենք հանդիպել բազում պատգամավորների, խմբակցությունների և գերատեսչությունների ղեկավարների, Ազգային ժողովի նախագահի, երկու փոխնախագահների և այլոց հետ։ Դասախոսությունների հիմնական թեմաները վերաբերում էին պետությանը, պետականությանը, նրա սահմանները անսասան պահելու մեր պարտականությանը և այդ ոլորտին վերաբերող այլ սկզբունքային ու առանցքային նյութերի։ Ինձ համար բոլոր դասախոսություններն էլ իրենց հերթին կարևոր էին, բայց ես ամենաշատը հավանեցի Պրն․ Հակոբ Արշակյանի՝ պետական կառավարման համակարգ, և Պրն․ Ռուբեն Ռուբինյանի՝ հայ-թուրքական հարաբերություններ թեմաներով դասերը։ Ընդհանուր առմամբ, առաջին շաբաթը անցավ շատ հետաքրքիր, բայց քանի որ մեզ դեռ չէին տրամադրել մյուս շաբաթվա հանդիպումների ու այցելությունների ցուցակը, մենք լցված էինք վարկածներով ու կանխատեսումներով, թե ինչ է սպասելու մեզ մյուս շաբաթ։ Մինչև դրան անցնելը նշեմ, որ մեր ազգի պատմությունն ու մշակույթը ճանաչելու ու վերաիմաստավորելու համար, մենք նաև այցելել էինք Վազգեն Սարգսյանի, Սերգեյ Փարաջանովի, Կարեն Դեմիրճյանի, Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարաններ և Երևանի պատմության թանգարան։ Մենք այդ ընթացքում նույնիսկ հասցրել էինք Երևան Մոլում ֆիլմ դիտել։

Երկրորդ շաբաթն գերծանրաբեռնված էր, քանի որ այդ շաբաթ մենք հանդիպելու էինք երկրի ղեկավարների, հանձինս՝ ՀՀ վարչապետի և նախագահի հետ։ Ուստի այդ շաբաթվա համար ես այլ կերպ էի պատրաստվել։ Բայց մենք նաև հանդիպումներ ու քննարկումներ էինք ունեցել ՄԻՊ-ի, ԿԲ նախագահի, ՍԴ նախագահի և այլոց հետ։ ՀՀ նախագահ Պրն․ Վահագն Խաչատուրյանի հետ մենք հանդիպել էինք օգոստոսի 30-ին՝ Նախագահականում։ Նրա հետ քննարկել էինք բազում թեմաներ, սովորողներն ուղղել էին նրան իրենց հարցերը և ստացել համապատասխան պատասխանները։

ՀՀ վարչապետ Պրն․ Նիկոլ Փաշինյանի հետ մենք հանդիպել էինք գիտելիքի և դպրության նախօրեին՝ Հանրապետության հրապարակի թիվ 1 Կառավարական տանը։ Մեզ ուղեկցում էին ԱԺ փոխնախագահն ու ԿԳՄՍ նախարարը։ Մենք լցված էինք ոգևորությամբ, որ կառավարության նիստերի դահլիճը տեսնելու ենք մեր սեփական աչքերով և այնտեղ նույնիսկ ունենալու ենք հանդիպում վարչապետի հետ։ Քանի որ մեր օրակարգով հանդիպումը հինգշաբթի օրն էր, իսկ այդ օրերին՝ ըստ կարգի, կառավարության նիստ է տեղի ունենում, ուստի մենք երկար սպասեցինք մինչև դահլիճ բարձրանալը։ Ճանապարհին տեսանք շատ նախարարների, որոնք վերադառնում էին աշխատանքային վայրեր՝ կառավարության նիստից։ Բարձրանալով հինգերորդ հարկ, մենք մուտք գործեցինք կառավարության նիստերի դահլիճ, որտեղ քիչ առաջ ուղիղ եթերով հեռարձակվում էր նիստը։ Իհարկե, ինչպես ԱԺ-ի նիստերի, այդպես էլ կառավարության նիստերի դահլիճը տարբերվում էր տեսախցիկով երևացող դահլիճից։ Սովորողները տպավորված էին, որ կկարողանային տեսնել վարչապետին անձամբ, այլ ոչ թե տեսանյութերով կամ լուրերով։ Մենք տեղավորվեցինք, ես էլ կարողացա տեղ զբաղեցնել ԱԽ քարտուղարի տեղում։ Մի քանի ակնթարթ անց ներս մտավ ՀՀ վարչապետ Պրն․ Նիկոլ Փաշինյանը, ով սովորողներին ողջունեց, և ինչպես նիստերի ժամանակ, այդպես էլ՝ հանդիպման ժամանակ, խոսքն սկսեց նախաբանով, պատմելով, վերջին իրողությունների մասին։ Վարչապետի հետ մենք ունեցանք երևի թե ամենահիշարժան ու տպավորիչ հանդիպումը։

Այսպիսով՝ այս մի հրաշալի ծրագիրն էլ մոտեցավ իր ավարտին։ Սա իրոք կարևոր ծրագիր էր, որն ինձ և մյուս մասնակիցներին թույլ տվեց ավելի մոտիկից ճանաչելու մեր ղեկավարներին, պետական կառավարման համակարգը, սկզբունքները, առաջնորդության ու ղեկավարման հատկանիշները։ Ես շատ ուրախ ու գոհ եմ, որ մասնակցեցի «Ամառային դպրոցին»։ Ես, անշուշտ, շնորհակալ եմ իմ ուսուցիչներին, տնօրենին և կազմակերպչիս, ինչպես նաև «Ամառային դպրոց» ծրագրի կազմակերպիչներին՝ ամեն ինչ կատարյալ ձևով կազմակերպելու համար։ Շնորհակալություն ուշադրության համար…