Ի՞նչ է էպոսը
Էպոսը քնարաէպիկական ժանրի ստեղծագործություն է, որը ներկայացնում է տվյալ ազգի մշակույթը և ազգային առանձնահատկությունները: Այն գրված է պատմական իրադարձությունների հիման վրա, որոնք հիմնականում պատկանում են ակունքներին ընկած նախնադարյան հասարակարգերի ընդերքին, և ժողովրդական ավանդությունների հիման վրա: Էպոսներում սովորաբար նկարագրվում է տվյալ ազգի պատմությունը և ազատության համար պայքարը: Էպոսները սովորաբար գրվում են չափածո բանաստեղծության նման: Սովորաբար դրանք պատկանում են երեք գրականական ժանրերի՝ էպիկական, քնարական և դրամատիկական: Էպոսի գլխավոր հերոս/ները օժտվում են զարմանալի ու անբնական ուժով և հատկություններով։ Էպոսի հերոս կարող է դառնալ ինչպես պատմական դեմք, այդպես էլ միֆիոլոգիական կերպար։ Օրինակ Ռուսաստանում, հիմնականում, որպես էպոսներ ընդունված է համարել ազգային հեքիաթները։
«Սասնա ծռեր» էպոս
«Էպոսը հայ ցեղի ապրած կյանքի և հոգեկան կարողությունների հոյակապ գանձարանէ ու իր մեծության անհերքելի վկայությունն է աշխարհի առջև»։ Հովհաննես Թումանյան

Ազգային էպոսը նկարագրում է տվյալ ազգի կամ էթնոսի ծագումը, զարգացումը և պատմությունը: Այն նաև օգնում է փոխանցել ազգի ինքնորոշման կամ ինքնաճանաչման դրվագները և բազմաթիվ ազգային խորհրդանիշների առաջացման պատմությունը: Հայկական մշակույթում «Սասնա ծռեր» ազգային էպոսն առանձնահատուկ տեղ է գրավում: Այն ծնունդ է առել Հայկական լեռնաշխարհի ամենագողտրիկ անկյուններից մեկում՝ Սասունում: Սասունը պատմական Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառն է, որը տարածվում է Հայկական Տավրոս լեռների վրա: Սասունը լեռնային երկրամաս է, որի տարածքում են գտնվում հայտնի Ծովասար և Մարաթուկ լեռնագագաթները: Սասունցիներն աչքի են ընկել միայն իրենց տեսակին հատուկ համառությամբ, հայրենիք ու հող պաշտելով և մի փոքր էլ «ծուռ» լինելով:
Բոլոր ազգային էպոսներն իրենց առջև դնում են պետականության խնդիրը, և եթե այն չունի պետականության խնդիր, ապա այն էպոս համարվել չի կարող: Հայկական ազգային էպոսում պետության և պետականության խորհրդանիշը համարվում է բերդը: Բերդի և հզոր պարիսպների կառուցումով էլ հենց էպոսի առաջին գլխավոր հերոսները՝ Սանասարն ու Բաղդասարը սկիզբ են դնում Սասնա տոհմին և Սասնա տանը:
Էպոսում նկարագրվող պատմական իրադարձությունները տեղի են ունենում արաբական տիրապետության ժամանակ, և նկարագրվում է սասունցիների պայքարն արաբ նվաճողների դեմ: Որոշ պատմական իրադարձություններ ու հերոսների անուններ համընկնում են: Սակայն պետք է նշել, որ հայկական էպոսի արմատները հասնում են հազարամյակների խորքը, երբ մարդն ուներ ամենապարզունակ ապրելակերպը: Այն իր մեջ խտացնում է պատմության տարբեր ժամանակահատվածներ ու մշակութային շերտեր:
Հայոց ազգային էպոսը փոխանցվել է բանասացների և վիպասացների միջոցով՝ տարբեր պատումների ձևով: Ինչպես, օրինակ՝ տարոնցի երեսփոխան Կրպոյից Գարեգին Սրվանձտյանը գրի է առել և այնուհետև 1874 թ-ին հրատարակել «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով էպոսի պատումներից մեկը: Այնուհետև մոկացի Նախո Քեռի-ից 1889թ-ին Մանուկ Աբեղյանը գրի է առնում մեկ այլ տարբերակ և հրատարակում «Դավիթ և Մհեր» վերնագրով:

1939 թ-ին՝ վիպերգի ստեղծման 1000-ամյակի առթիվ, 60 պատումների հիման վրա կազմվել է միասնական, համահավաք բնագիր (հեղինակներ՝ Մանուկ Աբեղյան, Գևորգ Աբով, Արամ Ղանալանյան), որն ամբողջական և հստակ պատկերացում է տալիս էպոսի մասին:
Ռուսական ազգային էպոս
Ռուսական հերոսական էպոսը, բաժանվում է երեք հիմնական մասերի: Ի տարբերություն մեր էպոսի, այնտեղ հերոսների մեջ ժառանգական կապ գոյություն չունի: Ռուսական հերոսական էպոսը բաժանվում է ժամանակագրական երեք ցիկլերի: Առաջինը, դա հնագույն կամ արխիական ցիկլն է, որի հիմնական հերոսներն են Սվյատոգորը, Սամսոնը, Վոլխը, Միկուլոն և այլն: Հաջորդը միջին ցիկլն է, որի վառ արտահայտված կերպարը Իլյա Մուրոմեցն է և նրա եղբայրները՝ Ալյոշան, Դաբրինյան և մյուսները: Եվ երրորդը, ավելի մեզ մոտ ժամանակագրական առումով, Նովգորոդյան ցիկլն է՝ Սադկո գլխավոր հերոսով:

Հունական ազգային էպոս՝ Ոդիսական
Ոդիսականը ստեղծվել է, հավանաբար, մ.թ.ա. VIII դարում։ «Ոդիսականի» սյուժեն ոչ թե հերոսական է, այլ հեքիաթային, արկածային և կենցաղային։ Պատմում է Իթակե կղզու արքա Ոդիսևսի Տրոյական պատերազմից հետո տուն վերադառնալու ճանապարհին տասը տարի տևած արկածների, ինչպես նաև Իթակեում Ոդիսևսին սպասող հավատարիմ կնոջը՝ Պենելոպեյին բաժին ընկած փորձությունների մասին: «Ոդիսականը» նույնպես բաժանված է 24 գրքերի կամ երգերի։ Կառուցվածքի առումով «Իլիականի» համեմատ «Ոդիսականն» ավելի բարդ է։ Պոեմն սկսվում է պատմության կեսից, իսկ նախորդող իրադարձությունների մասին տեղեկանում ենք կենտրոնական երգերից։ Գլխավոր հերոսն ավելի վառ է արտահայտված:
Տրոյա քաղաք-պետության արքայազն Ալեքսանդրը առևանգում է հունական Սպարտա պետության թագավոր Մենելայոսի կնոջը՝ Հեղինեին։ Հեղինեն Զևսի դուստրն էր և ուներ առասպելական գեղեցկություն։ Հեղինեի առևանգումը դառնում է Տրոյական պատերազմի պատճառ։

Հնդկական ազգային էպոս՝ Մահաբհարաթա
Մահաբհարաթան հին հնդկական պոեմ-էպոս է։ Այն հին հնդկական գրականության երկու մեծ պոեմներից մեկն է։ Մյուս մեծ պոեմը«Ռամայանան» է։
Մահաբհարաթան պատմում է Բհարաթա թագավորի ժառանգների մասին։ Տասնհինգ գրքերից (փարվա) կազմված պատմագրությունների, առակների, լեգենդների, երկխոսությունների, աստվածաբանական, քաղաքական, իրավական բնույթի դատողությունների, առասպելների, ծագումնաբանությունների, օրհներգերի, ողբերգերի ամբողջություն է։ Համարվում է, որ նրա մեջ կա աշխարհի ամեն ինչը։ Պոեմում պատվում է ռաջաների երկու ընտանիքների միջև պայքարի մասին։ Հինգ Փանդավ եղբայրներ վաղ տարիքից մնացել էին առանց հոր։ Հորեղբայրն ու հորեղբոր որդիները՝ Կաուրավները, նրանց արտաքսեցին հարազատ վայրերից։ Փանդավները մեծանալով դարձան հզոր դյուցազուններ։

Ռամայանա էպոս
Ռամայանան ևս հին հնդկական պոեմ-էպոս է։ «Ռամայանան» պատմում է արքայորդի Ռամայի անհաջողությունների և հերոսությունների մասին։ Պոեմում հավաքված և մշակված են հնադարյան ասքերը, որոնցում ժողովուրդն արտահայտել է իր պատկերացումները մարդու լավագույն հատկությունների մասին։ Ռամա արքայորդու թշնամիները կարողանում են նրան 14 տարով արտաքսել մայրաքաղաքից։ Նրա հետ միասին կամավոր տարագրվում են նրա կինը՝ գեղեցկուհի Սիտան և եղբայրը։ Նրանք բնակություն են հաստատում անտառում, իրենց ձեռքով կառուցած խրճիթում։ Իրենց ու Սիտային պաշտպանելու համար եղբայրները ստիպված են լինում մարտնչել անտառում ապրող չար դևերի ու հսկաների դեմ։

Պարսկական ազգային էպոս — Շահնամե
«Շահնամեում» նկարագրվում է Իրանի պատմությունը հնագույն շրջանից մինչև Խոսրով II շահի ժամանակները՝ մինչև մահմեդականության ներթափանցումը երկիր (VII դար): Առաջին տարբերակն ավարտել է 994 թ-ին, իսկ երկրորդը՝ 1010թ-ին: Պոեմը կազմված է 50 «թագավորություններից» (փադիշահ), «թագավորությունները»՝ մեծ ասքերից (դաստաներից)՝ մի քանի տասնյակից մինչև մի քանի հազար բեյթ: Էպոսի ամենանշանավոր դաստաներից են՝ «Զալ և Ռուդաբե», «Ռոստամի յոթ քաջագործությունները», «Ռոստամ և Սոհրաբ», «Սիավուշ», «Իսֆենդիարի յոթ քաջագործությունները», «Ռոստամ և Իսֆենդիար» և այլն:
