Հայերն ու պարսիկները չորրորդ դարում պատերազմում էին միմյանց դեմ։ Կողմերից ոչ մեկը չէր պատրաստվում հանձնվել, սակայն պատերազմն էլ արդեն 34 տարի է, ինչ տևում էր։ Շապուհ շահը՝ Պարսկաստանի թագավորը փորձեց խորամանկ կերպով խաբել Արշակ Բ թագավորին՝ կանչելով նրան Պարսկաստան՝ 34 տարի տևած պատերազմը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Արշակ թագավորը չցանկացավ մեկնել հարևան թշնամի պետություն՝ խաղաղ ճանապարհով հարցը լուծելու համար, սակայն բախվելով նախարարների դիմադրությանը, վերջ ի վերջո որոշեց փոքր պատվիրակությամբ ուղևորվել Պարսկաստան։

Մինչև Արշակ թագավորի ժամանումը, Շապուհ շահը աստղագուշակների ու գիտնականների մեծ ժողով էր գումարել։ Ժողովի նպատակն էր պարզել, թե ինչպես կարելի է ստիպեցնել Արշակ թագավորին հանձնվել։ Վերջում որոշում ընդունվեց սրահում կազմակերպել թագավորի ընդունելությունը։ Երբ Արշակ թագավորը ժամանեց Պարսկաստան՝ իբրև խաղաղ բանակցություններ վարելու, Շապուհ թագավորը նրան չդիմավորեց պաշտոնական արարողակարգով։ Շապուհ շահը որոշել էր, որ Արշակին պետք է ուղեկցի մի սրահ, որի երկու բաժանված մասերում լցված կլինեն հայկական և պարսկական հողերը։ Արշակը, չկանխատեսելով որևէ ստուգման փորձ, երբ որ ոտք էր դնում հայկական հողի վրա ըմբոստանում էր, պաշտպանում իր երկրի շահերն ու վստահորեն պնդում, թե հաղթելու է պարսից շահին։ Սակայն, երբ նա կանգնում էր պարսկական հողի վրա, ընկճվում էր, թուլանում, ասում էր, թե պարսիկներն ավելի ուժեղ են, և որ նա չի կարող նրանց հաղթահարել։

Շապուհը որոշում է ևս մեկ անգամ ստուգել իր փորձի ճշմարտացիությունը։ Նա ևս մեկ անգամ Արշակին հրավիրում է Պարսկաստան՝ երկրորդ փուլով խաղաղության հասնելու պատրվակով։ Կազմակերպում է մի մեծ խնջույք։ Արշակին, ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այս՝ արարողակարգին հակառակ, նստեցնում է ամենավերջին տեղում, որտեղ, ըստ օրենքի, նստում են ծառաներն ու ստրուկները։ Այս անգամ Արշակի ոտքերի տակ լցնում են հայկական հող և ջուր, և այս կերպ Շապուհը փորձում է հերթական անգամ ապացուցել, թե արդյոք Արշակն այս անգամ էլ կընդդիմանա նրան։ Եվ այդպես էլ լինում է։ Արշակը, վեր կենալով, ըմբոստանում է, մեղադրում, պնդում, թե հասնելով իր երկիր, կոչնչացնի Շապուհի պետությունը։

Այսպիսով՝ խնջույքի ժամանակ Արշակ Բ թագավորին դավադրաբար բանտարկում են Պարսկաստանի ամենահայտնի ամրոցներից մեկում՝ Անհուշ բերդում, որն ըստ ավանդույթի, մոռացության է մատնում բանտարկվածի ամեն հուշ և հիշողություն։