Դասաժամի ընթացքում քննարկեցինք մարդկանց հոգեբանական խառնվածքները, նրանց տեսակները, բնորոշիչներն ու փոխհարաբերությունները։ Փորձեմ հակիրճ ներկայացնել ամեն տեսակ՝ ըստ իրեն համապատասխան բնորոշիչների և համեմատել դրանց փոխհարաբերությունները։

- սանգվինիկ (տաքարյուն) — փորձում է ամեն տեղ գտնել հումոր, տաքարյուն է, էներգետիկ (էքստրավերտ)
- ֆլեգմատիկ (սառնարյուն) — կենտրոնացած է սեփական հոգսերի ու աշխատանքի վրա (ինտրովերտ)
- խոլերիկ (դյուրագրգիռ) — փորձում է ամեն տեղ կռիվ գտնել, սա ամենատարածվածներից է (էքստրավերտ)
- մելանխոլիկ (մելամաղձոտ) — շատ հուզական է, յուրաքանչյուր փոքր հուզիչ երևույթից կարող է ներսում փակվել (ինտրովերտ)
Փորձենք դիտարկել տարբեր խառնվածքների տեր մարդկանց փոխհարաբերությունները՝
1) Սանգվինիկ
Սանգվինիկ-ֆլեգմատիկ․ Կարծում եմ` միմյանց չեն համապատասխանում գոնե միայն այն պատճառով, որ առաջինը էքստրավերտ է, մյուսը՝ ինտրովերտ։ Սակայն կարող է լինել նաև իրավիճակային, այսինքն իրավիճակից կախված խառնվածք։ Սանգվինիկին պակասում է ֆլեգմատիկի ուշադրությունն ու կենտրոնացումը, իսկ ֆլեգմատիկին՝ սանգվինիկի հումորային ու պոզիտիվ տրամադրությունը:
Սանգվինիկ-խոլերիկ․ Այստեղ տուժողի դերում է հայտնվում սանգվինիկը, քանի որ յուրաքանչյուր «սխալ» հումոր, կարող է հանգեցնել խոլերիկի դյուրագրգռության առաջացմանը։ Այստեղ կարևոր է սանգվինիկի պահպանողական դերը, այսինքն ոչ շատ, ոչ էլ քիչ։ Խոլերիկին պակասում է սանգվինիկի համեմատաբար քիչ գրգռվածությունն ու հումորային զգացումը, իսկ սանգվինիկին՝ խոլերիկի պաշտպանողական դերը։
Սանգվինիկ-մելանխոլիկ․ Կարծում եմ, որ այս խառնվածքները ևս չեն համապատասխանում, քանի որ, ինչպես արդեն նշել եմ, նրանցից մեկը էքստրավերտ է, մյուսը՝ ինտրովերտ։ Սակայն եթե այդպիսի շփում ստացվի, ապա մելանխոլիկին անհրաժեշտ կգա սանգվինիկի տաքարյունությունն ու էներգետիկան, իսկ սանգվինիկին՝ մելանխոլիկի ինչ-որ տեղ կազմակերպվածությունը։ Սակայն նրանք պետք է իմանան, որ յուրաքանչյուր սխալ կամ ոչ տեղին կատակ կարող է հուզական գրգիռ լինել մելանխոլիկի համար, իսկ մելանխոլիկի գործունեությունը՝ շատ ձանձրալի սանգվինիկի համար։

2) Ֆլեգմատիկ
Ֆլեգմատիկ-խոլերիկ․ Կարծում եմ՝ այս երկու խառնվածքները կարող են որոշակի շփում ունենալ միմյանց հետ։ Ֆլեգմատիկին կպակասի խոլերիկի տաքարյունությունն ու որոշ դեպքերում գրգռվածությունը, իսկ խոլերիկին՝ ֆլեգմատիկի ուշադրությունը, կազմակերպվածությունն ու կենտրոնացումը աշխատանքի վրա։
Ֆլեգմատիկ-մելանխոլիկ․ Այս երկու խառնվածքների միջև շփումը կլինի կարճաժամկետ, քանի որ երկուսն էլ ինտրովերտ են։ Այսինքն՝ նրանցից յուրաքանչյուրը եթե իր հոգսերով զբաղվի, շփմանը ժամանակ չի մնա։
3) Մելանխոլիկ
Մելանխոլիկ-խոլերիկ․ Կարծում եմ, որ միմյանց ընդհանրապես չեն համապատասխանում։ Չեմ կարող հստակ դիտարկումներ անել։

Սանգվինիկ-սանգվինիկ
Այս երկուսը եթե լինեն ընկերներ, ապա նրանց ընկերությունը կլինի երկարաժամկետ, քանի որ երկուսն էլ բաց են, ազատ, հումորով ու պոզիտիվ։
Խոլերիկ-խոլերիկ
Այս խառնվածքների համախմբումը շատ է հանդիպում մեր իրականության մեջ և նույնպես երկարաժամկետ։ Նրանք կկարողանան գտնել ընդհանուր լեզու և գործել որպես միասնական «դաշինք»։
Մելանխոլիկ-մելանխոլիկ
Այս խառնվածքները կարող են որոշ հարցերում գտնել ընդհանուր կարծիքներ, սակայն չեմ կարծում, որ իրենց շփումը կլինի երկարատև։
Ֆլեգմատիկ-ֆլեգմատիկ
Երկուսն էլ կենտրոնանում են իրենց աշխատանքի և գործունեության վրա և այստեղ շփումը կարող է լինել գրաֆիկից դուրս, այսինքն՝ ոչ աշխատանքային ժամերին։ Նրանց ընկերությունն, իմ սուբյեկտիվ կարծիքով, կարող է երկարատև ու արդյունավետ լինել միայն աշխատանքային կամ գործնական ժամերին։
Ո՞ր մեկն եմ ես․․․
Ես հստակ որևէ կարծիք չունեմ, սակայն տարատեսակ թեստերը ցույց են տալիս, որ ես տատանվում եմ սանգվինիկ-խոլերիկի ու սանգվինիկ-ֆլեգմատիկի միջև։ Բայց ես ինքս կարծում եմ, որ տարբեր ժամանակներում ես կարող եմ լինել և՛ ֆլեգմատիկ, և՛ խոլերիկ, և՛ մելանխոլիկ և՛ թե սանգվինիկ։