Գրականության դասաժամերին որպես նախագիծ իրականացնում ենք «Սասնա ծռեր» էպոսի ընթերցանությունն ու վերլուծությունը։ «Սանասար և Բաղդասար» ճյուղը՝ իբրև առաջին ճյուղ, շատ հետաքրքիր զուգահեռներ և մարդկային որակներ ներկայացրեց, որոնք առկա են մեր այսօրվա իրականության մեջ։ Այս ճյուղի մասին բազմիցս քննարկել ենք, խոսել, սակայն այն հիմնական իմաստը, որը մենք պետք է հասկանայինք, մնում է «մութ»։

Մեր դասաժամերի ընթացքում շատ քննարկել ենք, թե ինչ է էպոսը ինքն իրենով, ինչպես է այն կառուցված, ինչ խորհուրդ ու իմաստ ունի ի վերջո։ Մեր էպոսը, իրականում, պետության և պետականության մասին է, նրան հասնելու ու պահպանելու մասին է։ «Սանասար և Բաղդասար» ճյուղը սովորեցրեց եղբայրական սիրո, համերաշխության, թև-թիկունքի գաղափարը, այն հիմնական գաղափարներից մեկը, որով մենք այսօր պետք է առաջնորդվենք։ Եղբայրները ցանկանում էին կերտել իրենց սեփական բերդը, որը հետո կոչվելու էր Սասուն։ Այդ բերդի ստեղծումը խորհրդանշում էր պետության ստեղծումը, հզոր երկրի ու ինչ-որ տեղ նաև բանակի ստեղծումը։ Այսինքն այն քարերը, որոնք եղբայրները կրում էին իրենց վրա՝ բերդը կառուցելու համար, այսօր մենք պետք է մեզ վրա կրենք մեր չափով՝ պետությունը ապահով, բարեկեցիկ ու անվտանգ դարձնելու ճանապարհին։
Ճյուղում շատ գաղափարներ կային, բայց, միևնույնն է, հիմնականը դա հենց սեփական ինքնիշխան երկիր ունենալու, այն յուրաքանչյուր գնով պահելու ու պահպանելու սուրբ իմաստի ու պարտքի մասին էր։ Ես ճյուղում նկատեցի բազմազան մարդկային որակներ, որոնք մեր հնում և ներկայում, գրեթե անփոփոխ են մնացել։ Առաջարկում եմ որոշ կետեր դիտարկել․
- Համառություն
- Գործի վարպետություն
- Դիվանագիտական շարժուձև, խոսք
- Մոր անհանգստությունը
- Մարդկային ընկալումները պետության վերաբերյալ
Այս մի քանի կետը քննարկելուց հետո, կանցնենք մյուսներին։ Առաջին կետը համառությունն է։ Համառությունը մի ունակություն է սեփականը ապացուցելու, որոշ ընդունված արժեքներ խախտելու։ Եղբայրները համառ էին թե՛ կռվում, թե՛ բերդի կառուցման գործում։ Նրանք պահանջում էին իրենցը, անտեսելով, մյուսի «ներկայությունն» ու կարծիքը։ Ինչու՞ հենց համառություն։ Ճյուղը մեզ պատմում է եղբայրների գոյատևման պատմությունը, թե ինչպես էին նրանք պայքարում ապրելու համար, չնայած, որ դա այն դարում այնքան էլ հեշտ բան չէր թվում։

Գործի վարպետությունը երկրորդ կետն է, որը առանձնացրել եմ։ Գործի վարպետ լինելը այստեղ նշմարվում է բերդը կառուցելու ժամանակ, այսինքն, եղբայրները, ջանք ու եռանդ ներդնելով բերդի ստեղծման մեջ, երազում էին, որ մի օր ունենալու են սեփական թագավորությունը։ Գործի վարպետությունը հենց դրանում է կայանում, որ եղբայրները ամեն կերպ փորձում էին կատարյալ կերպով իրականացնել իրենց առջև դրված նպատակը, ինչ-որ տեղ նաև իղձը։ Կհիշեք, որ նրանք պլան էին մշակել, թե ինչպես պետք է սպանեն խալիֆային․ Սանասարը պետք է դեմ առ դեմ դուրս գար խալիֆայի դեմ, իսկ Բաղդասարը ձիով հասներ օգնության, և միասին պետք է վերացնեին խալիֆային։ Կամ մեկ այլ օրինակ․ երբ Սանասարը պետք է գնար ծովային ձիու՝ Քուռկիկ Ջալալու հետևից, հրամայում է եղբորը մնալ ափում, սպասելով, թե երբ եղբայրը կվերադառնա։ Սակայն այստեղ կա նրբություն։ Սանասարը նշում է, որ եթե նա չվերադառնա, ապա նրա եղբայրը թող այդտեղ չգնա, հեռանա այդտեղից։ Այսինքն, այստեղ ի հայտ է գալիս նաև համառության նրանց յուրահատուկ հատկանիշը։ Սանասարը իր առջև նպատակ էր դրել Քուռկիկ Ջալալին ու սուրը գտնելու, իմանալով, որ դա կյանքի ու մահի փորձություն է, միևնույնն է, համաձայնվում է ու ողջ-առողջ վերադառնում եղբոր մոտ։ Սա անվախության հատկանիշ է ևս։
Դիվանագիտական շարժուձև, խոսք․ սա երրորդ կետն է, որը առանձնացրել եմ։ Իրականում, ես պարզապես այդ «ֆենոմենը» նկարագրելու համար այլ հարմար ու տեղին բառեր չգտա, այդ իսկ պատճառով այն անվանել եմ «դիվանագիտական»։ Ինչու՞մ էր կայանում դիվանագիտությունը, նույնիսկ շատ տեղերում՝ անշնորհակալությունը։ Նրանում, որ թե՛ եղբայրները, թե՛ մայրը, և թե՛, ընդհանուր առմամբ, հայերը սովորություն ունեն ամեն ինչից «կպչելու»։ Այսինքն, օրինակ, երբ ալևորը պետք է որոշեր բերդի անունը, մենք հանկարծ իմանում ենք, որ նա մնում է այնտեղ գիշերելու՝ իր իսկ ցանկությամբ ու եղբայրների թույլտվությամբ։ Իհարկե, ճյուղը մեզ նաև պատմում է, որ եղբայրները նրան առաջարկում են մնալ բերդում, սակայն վերջինս հրաժարվում է։ Կամ մեկ այլ ուրիշ օրինակ։ Երբ ժամանակ առ ժամանակ խալիֆան խոսում է եղբայրներին մատաղ անելուց ու սպանելուց, Ծովինարը՝ եղբայրների հզոր մայրը հանկարծակի հիշում է ու խալիֆային «անհարմար» իրավիճակի մեջ դնելով հարցնում է, թե ինչպես կարելի է սպանել նորածիններին, կաթով սնվողներին և այդպես շարունակ։ Եղբայրները օրեցօր մեծանում են, սակայն նրանց սպանելու խալիֆայի ցանկությունը չի պակասում։ Ծովինարն էլ ամեն անգամ փորձում է դիմակայել դրան խոսքով, հայտնելով, որոշակի թերությունների ու պահի անհարմարության մասին։ Այստեղ էլ ի հայտ է գալիս մոր անհանգստության դերն ու նշանակությունը մեր հայկական պատմության ու մշակույթի մեջ։ Իսկ ինչ վերաբերում է պետության մասին ընկալումներին, ապա այդ հարցի պատասխանը բազմիցս տվել եմ, թե նախաբանում, և թե վերոնշյալում։

Հետաքրքիր է այն, որ, չնայած, դարեր են անցել, բայց հային բնորոշ մարդկային որակներն ու հատկանիշները մնացել են գրեթե անփոփոխ։ Ես նմանություններ գտա պահվածքներում։ Հայի գռեհիկ ու ինչպես մեր ժողովուրդն է շատ դեպքերում կոչում «չտես», «չոբանավարի» տեսակը գալիս է էպոսից։ Որպես օրինակ կարող եմ բերել այն դեպքը, երբ Սանասարն ու Բաղդասարը խաղում էին Գագիկ թագավորի ամրոցում և հանկարծ ինչ-որ բան կոտրեցին։ Եվ այդ իրը եղբայրների կողմից կոտրելը չի դիտվում որպես նյութական վնաս, որն այնքան էլ էական չէ, այլ, որ մեր ազգում դեռ կա այն մանկամիտ երեխայի տպավորությունը։ Բայց, ըստ էության, ես դա չեմ համարում ինչ-որ ծայրահեղ վատ որակ, ընդհակառակը, շատերն են ձգտում գոնե ինչ-որ չափով մանուկ զգալ իրենց՝ առօրյա հոգսերից զատ։ Սակայն, եթե այդ իրավիճակը դիտարկենք մեր տեսանկյունից, ապա դա կլինի մոտավորապես սա․ «հասակն առած ինչ են անում» և սրա նման բազում օրինակներ։
Այո՛, էպոսը դա մեր պետության, երկրի, ժողովրդի և ազգի պատմությունն է, ավելի ճիշտ՝ ժամանակագրությունը։ Ինչու՞ ժամանակագրությունը, որովհետև այն ցույց է տալիս պետությունը՝ փուլերով․ մտքի ծագում, նախագծում, անհրաժեշտ պարագաների հայհայթում, կառուցում, ստեղծում, վերանայում, զարգացում, ապահովում և այլն։ Եվ, իմ կարծիքով, հենց սա է այն «շարժիչ ուժը», որը կա էպոսում։ Կարող են իմ խոսքերը ձեզ համար թվալ ծայրահեղական, սակայն դա է ամբողջ իմաստն ու նշանակությունը այս էպոսի։ Եվ եթե անկեղծ, ապա մենք եզակի էպոսներից ենք, որ մինչև վերջ փոխանցվել և պահպանվել ենք, այսինքն մեր էպոսը գրվել է մինչև վերջ, ոչ կիսատ։ Եվ սրանով ենք մենք տարբերվում, սրանով ենք մենք, ի վերջո, հայ և հպարտ։

Էպոսի առաջին ճյուղը բազմաբովանդակ էր, հետաքրքիր, արդիական։ Այն բոլոր մարդկային դրսևորումները, որոնք ես նկատեցի դիվանագիտական շարժուձևից, շփումից մինչև՝ խոսք, նկատել եմ նաև մեր այսօրվա ժողովրդի մեջ։ Ամենաբնական և պարզ օրինակը, որը մենք հաստատ նկատած կլինենք դա պայքարի զգացումն է ու պայքարելու մոտիվացիան։ Մեր ժողովուրդը կռվարար է, բայց մեկտեղ ունի արյունոտ ու վշտալի պատմություն՝ լի դավաճաններով, հայրենավաճառներով, բայց և հերոսներով։ Սասունցի Դավթի, Սանասարի, Բաղդասարի կերպարները վկայում են մեր ազգի արյան մեջ մտած կռվի մասին, որ մենք դարերով կռվել ու պայքարել ենք մեր սուրբ հողի համար, որպեսզի վերջ ի վերջո ունենանք անկախ պետություն, անկախ հայրենիք։ Սակայն դեռևս շարունակում ենք ապրել պատրանքներով, չիմանալով, թե ինչ է իսկական հայրենիք ունենալու բաղձալի արժեքը։ Երկար քննարկումներից հետո, ես հասկանում եմ, թե ինչքան մեծ է էպոսի դերը մեր առօրյայի կերտման գործում, այսինքն, այն ինչ արել են եղբայրները դարեր առաջ, մենք էլ ինչ-որ չափով կրկնում ենք նրանց աշխատանքը այսօր։ Էպոսի այն յուրահատուկ միտքն ու իմաստը, որը փոխանցվեց, միակը չէ այստեղ։ Էպոսի ամեն տող ու ճյուղ իր հերթին ունի իր ասելիքը։ Եղբայրների ճյուղը հանուն ընտանիքի և երկրի կռվարարության ծնվելու մասին էր։ Եղբայրները ոչ մի անգամ չհանդուրժեցին, որպեսզի թշնամին ոտնձգություններ կատարի իրենց հանդեպ, հարկեր և տուժեր վերցնի իրենցից, պայքարեցին մինչև վերջ, հետո էլ տոնեցին հաղթանակը։
Այնքան շատ ասելիք ունեմ, սակայն այնքան քիչ խոսքեր դրանք փոխանցելու համար։ Յուրաքանչյուր մարդ էպոսի միտքը կարող է հասկանալ յուրովի, իրեն հարմար տեսանկյունից, ուստիև, վստահ չեմ, որ ամեն խոսքիս հետ բոլորը կհամաձայնեն։ Խորհուրդ կտամ միայն այն ընթերցել, որպեսզի հասկանանք մեր հայ ազգի ժամանակագրությունը, ինչու չէ նաև ստեղծման ու պայքարի պատմությունը։ Եվ այլ շատ ոչ պակաս կարևոր ու նշանակալի իմաստներ, որոնց հետ մենք ամեն օր առերեսվում ենք, սակայն չենք էլ պատկերացնում, թե դրա ակունքները որտեղից են գալիս։

Այսպիսով՝ ի՞նչ կարող ենք եզրակացնել։ Իհարկե դեռ շատ անկյուններ մնում են «մութ», օրինակ Ծովինարի պահվածքը որդիների նկատմամբ, որդիների պահվածքը՝ բերդի նկատմամբ, և այլն։ Սակայն ես միանշանակ ուրախ եմ, որ էպոսի հիմնական և բուն իմաստը մենք ընկալում ենք, մնում է միայն հասկանալ, թե որտեղ է պետք այն օգտագործել։ Շնորհակալություն ուշադրության համար․․․