Ընթերցե՛ք հետևյալ նյութը՝ <<Վանի թագավորությունը Սարդուրի II-ի ժամանակ։ Վանի թագավորության անկումը>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

1) Վանի թագավորության ո՞ր արքայի օրոք է թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը։ Նշեք այդ սահմանները։

Սարդուրի Բ արքայի գահակալության ժամանակաշրջանում Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը։ Վանի թագավորներից նա է առաջինը դուրս գալիս Միջերկրական ծովի արևելյան ավազան։ Վանի տերությունը հյուսիսում հասնում էր Սև ծով, հյուսիս-արևելքում՝ Կուր գետ, արևելքում՝ Կասպից ծով, արևմուտքում՝ Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում՝ Պարսից ծոց, և հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծով։

2) Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան մ․թ․ա․ 743 և 735 թվականներին։

Լիակատար շրջափակումից և ոչնչացումից խուսափելու նպատակով Ասորեստանը լուրջ քայլեր ձեռնարկեց։ Ք․ա․ 743թ․ Թիգլաթպալասար III-ը կարողացավ կասեցնել Վանի տերության՝ Եփրատի հովտով դեպի Բաբելոն շարժվող զորքերը։ Ութ տարի անց՝ Ք․ա․ 735թ․ Թիգլաթպալասար III-ն ի վիճակի եղավ արշավանք ձեռնարկելու դեպի Տուշպա։ Մայրաքաղաքը գրավել նրան, իհարկե, չհաջողվեց, սակայն դրանով Ասորեստանը վերականգնեց իր դիրքերը՝ կրկին դառնալով Վանի տերության գլխավոր մրցակիցն Առաջավոր Ասիայում։

3) Նկարագրե՛ք Ռուսա I-ի կատարած արշավանքները։

Սարդուրի Բ-ի որդի Ռուսա Ա-ն (Ք․ա․ 735-մոտ -710-ական թթ․ վերջ) գահ բարձրացավ դժվարին մի շրջանում։ Նա կատարեց պետական համակարգի և բանակի բարեփոխումներ։ Ռուսա Ա-ն արշավանքներ ձեռնարկեց Սևանա լճի ավազան՝ այնտեղ վերակառուցելով երկու խոշոր ամրոցներ և անվանակոչելով Խալդի և Թեյշեբա գերագույն աստվածների անուններով։ Ռուսան գահընկեց արեց Արդինի-Մուսասիրի իշխանությանը տիրացած ասուրամետ դրածոյին և գահին վերահաստատեց իր վստահելի կառավարչին։ Արդինի-Մուսասիրը Խալդիի պաշտամունքի գլխավոր կենտրոնն էր, նրա «սրբազան քաղաքը»։

Ք․ա․ 719թ․ Ռուսա Ա-ի հարավային արշավանքները հանգեցրին Ասորեստանի նոր արքա Սարգոն Բ-ի հետ բախմանը։ Վերջինս անհաջողություն կրեց։ Զարգացնելով հաջողությունը՝ Ռուսա Ա-ը արշավեց դեպի արևելք՝ նվաճելով մինչև Կասպից ծով ընկած նոր տարածքներ։

4) Ինչու՞ Ռուսա I-ի բանակը մ․թ․ա․ 716 թվականին անհաջողություն կրեց, ինչպիսի՞ հետևանքներ ունեցավ պարտությունը։

Ք․ա․ 716թ․ աշնանը հյուսիսից անակնկալ հայտնվեցին քոչվոր կիմերների ցեղերը՝ ասպատակելով Վանի թագավորության տարածքները։ Երկիրը հայտնվեց երկու ճակատով հարձակվող թշնամիների օղակում։ Ռուսա Ա-ը անհաջողություններ կրեց։

Օգտվելով դրանից՝ Ք․ա․ 714թ․ գարնանը Սարգոն Բ-ն արշավեց Վանի թագավորության դեմ։ Նա չունեցավ առանձնապես մեծ հաջողություններ, սակայն վերադարձին մտավ Արդինի-Մուսասիր և թալանեց Խալդիի գլխավոր տաճարը։ Իբրև հերոսություն ներկայացվող այս քայլը իրականում սրբապղծություն էր, քանի որ Արդինի-Մուսասիրը բաց սրբավայր էր, և ասորեստանցիները ևս գալիս էին այնտեղ պաշտամունքի։ Դատելով փաստերից՝ Ռուսա Ա-ն վերջ ի վերջո կարողանում է ազատագրել Արդինի-Մուսասիրը։

Ք․ա․ 743-713թթ․ մղած երեսնամյա պայքարի արդյունքում Ասորեստանին հաջողվեց վերականգնել իր դիրքերը՝ կրկին դառնալով Առաջավոր Ասիայի գերտերություններից մեկը։

5) Ինչպե՞ս կգնահատեք Ռուսա II-ի դիվանագիտական քաղաքականությունը։

Սկզբից Ռուսա Բ-ը զբաղվում էր ներքին գործերի քաղաքականությամբ, կառուցում էր ջրանցքներ, վերականգնում ամրոցներ, արմատապես փոխում պետական կառավարման ձևը՝ անցում կատարելով գերկենտրոնացված համակարգի, ուժեղացնում էր բանակը և կատարում այլ ոչ պակաս կարևոր բարեփոխումներ։ Այդ ժամանակ ասորեստանյան մի քանի աղբյուրներ վկայում են, թե իբրև Վանի թագավորությունն ու կիմերները պատրաստվում են ծրագրավորված ապստամբել Ասորեստանի դեմ։ Ռուսա Բ-ն չի գնում որևէ առճակատման, այլ որպես դիվանագետ, նա մերձեցնում է կապերը կիմերների հետ՝ թույլ տալով նրանց բնակվել Կապադովկայի՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում, որն անվանակոչվում է հետո իրենց անունով՝ Գամիրք։ Ռուսան կարողանում է կիմերներին ուղղել Ասորեստանի դեմ։ Ք․ա․ 650-ական թթ․ առաջին կեսին տեղի ունեցան ռազմական բախումներ Ասորեստանի և Վանի թագավորության միջև։ Ուրարտուի դեմ ռազմական գործողություններ սկսեցին հյուսիսից հայտնված նոր հակառակորդները՝ սկյութները։ Ասորեստանի և Վանի տերության միջև պատերազմը, հավանաբար, ավարտվել է նրանց միջև բարեկամության ու խաղաղության պայմանագրով։

Այսպիսով՝ Ռուսա Բ-ի դիվանագիտական քաղաքականությունը, անշուշտ, ակնհայտ է, քանի որ նա կարողանում է դիվանագիտորեն սերտանալ կիմերների հետ, որոնք, դե ֆակտո, համարվում էին հակառակորդներ։ Այս քայլը այնքան խաղաղության համար չէր, ինչքան հարձակման, և Ռուսա Բ-ի կողմից նման քայլը կարելի է դիտել որպես սեփական բնակչությանը՝ պատերազմից հեռու պահելու մի քայլ։ Այսինքն, Ռուսա Բ արքան այս քայլով կիմերներին լարեց ասորեստանցիների դեմ, սակայն նրա բնակչությունը մնաց համերաշխ։ Ես գնահատում եմ այն ջանքերն ու աշխատանքները, որոնք Ռուսա Բ-ն ձեռնարկում էր, սակայն ամենից շատ գնահատում եմ ներքին բարեկեցության ստեղծմանը ուղղված նրա քայլերը։ Ինչպես գիտենք, նա շատ մեծ և արմատական բարեփոխումներ կատարեց իր երկրում՝ զարգացնելով ենթակառուցվածքներն ու պետական կառավարման համակարգը։

Վերլուծե՛ք. Ինչու՞ Վանի թագավորությունը կործանվեց։

Ռուսա Բ-ի իրավահաջորդները էապես թուլացրին տերությունը։ Վերջիններից հիշատակվում են Սարդուրի Գ և Ռուսա Գ թագավորները, որոնք ևս շատ էական փոփոխություններ չեն կատարել։ Ինձ գրավեց Նիկողայոս Ադոնցի վերլուծությունը, որն, ըստ էության, հայերի ու ասորեստանցիների մարդկային ու բարոյահոգեբանական արժեքների մասին էր։ Ես չեմ խորանա դրանց մեջ, սակայն վստահորեն կարող եմ պնդել, որ անցյալի այդ իրավիճակը ինչ-որ չափով համապատասխանում է ներկայի ստեղծված իրավիճակին։ Ինչու՞ բայց կործանվեց այդ գերտերությունը։ Միանշանակ պատասխան չունեմ։ Սակայն կարծում եմ, որ եթե արքաները ավելի շատ զբաղվեին ներքին բարեփոխումներով, այլ ոչ թե հարձակումներով, ապա միգուցեև ինչ-որ տեղ մենք ուրիշ ճանապարհով գնայինք։ Շատ անգամներ հարձակումներն ու նոր տարածքներ նվաճելու խեղդող ցանկությունները հասցրել են հայերի ու ասորեստանցիների միջև բախումների, որոնք, իհարկե, ոչ մի լավ բանով չեն ավարտվել, նույնիսկ, շատ դեպքերում ինչ-որ չափ հաղթանակած էր դուրս գալիս Ասորեստանը։ Ուստիև, իմ սուբյեկտիվ կարծիքով, արքաները պետք է դիվանագիտորեն մոտենային հարցին և զարգացնեին տեղի բնակչության ամրապնդումն ու բարեկեցությունը։ Բայց այն, որ անցյալի և ներկայի ստեղծված իրավիճակները համեմատական են և նման, դա անվիճելի է։