Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության տոնը։ Անկախությունը հեշտ պատկերացնելի, սակայն՝ դժվար նվաճելի փորձություն է, բայց, բարեբախտաբար, մենք դա ունենք, դրան մենք հասել ենք, դա նվաճել ենք։ Անկախություն ունենալը շատ մեծ ու ցավալի գներով մեզ հաջողվեց։ Մենք ունեցանք պատերազմներ, մարդկային ու տարածքային կորուստներ։ Բայց այս հոգեբանական քաոսի ու ճնշման տակ՝ կարողացանք պահպանել մեր անկախությունը, ինքնությունը, ինչքան էլ, որ դա անիրական էր թվում։

Երեսուներկու տարի առաջ այս օրը դեռ Խորհրդային Հայաստանում անցկացվեց անկախության հանրաքվե, որին կողմ քվեարկեցին ընտրական իրավունք ունեցողների 94,39%-ից՝ 95,4%-ը։ Բայց մինչև 1991 թվականի հանրաքվեն 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդն ընդունել էր «Հայաստանի անկախության մասին հռչակագիրը», որը նշանավորել էր անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Այս երկու բաղձալի և հպարտանալու իրողություններն իրար հաջորդեցին։
Անկախության և ինքնորոշման ճանապարհին մենք ունեցանք արյունոտ էջեր, որոնք հավերժ դաջվեցին բոլորիս սրտերում, ունեցանք հազարավոր հերոս տղաներ, որոնց արյունով գծվեցին մեր պետության սահմանները։ Այս դառը ու արդեն, կարծես թե, նահանջելու ֆոնին մենք էլի չընկանք, կանգնեցինք և կարողացանք թեկուզ և դառը ու անզվարթ հոգով շարունակել ապրել ու արարել։
Մեր այսօրվա նպատակը պետք է լինի միասնական գաղափարը՝ պետության և պետականության հանդեպ։ Մենք պետք է վճռական լինենք՝ պահելու մեր սահմանները, մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։ Այն դժվար գործ է, սակայն պատմությունը ցույց է տվել, որ նույնիսկ ամենադժվար ու անելանելի վիճակից մենք կարողացել ենք հաղթանակով դուրս գալ։
Մեզ ընդամենը պակասում է մեր հավատքը։ Վերջին տարիներին մենք ավելի ու ավելի ենք հեռվացել Աստծուց, ում օգնությամբ դարերով հաղթանակներ ենք տոնել, ազատագրել ենք հողեր և ում աջ ձեռքի ներքո կարողացել ենք ապրել մեր երկրում։
Մեզ պակասում է վստահությունը մեր ուժերի նկատմամբ։ Մենք՝ մեր առօրյայում փորձում ենք նպատակներ դնել մեր առջև և հասնել դրանց, սակայն խոչընդոտները, թեկուզ՝ փոքր, խանգարում են մեզ, չեն թողնում հասնել ցանկալի նպատակներին ու բարձունքներին։ Մենք պետք է միշտ վստահ լինենք, որ ուժեղ ենք, պետք է վստահ լինենք, որ պատրաստակամ ենք, և որ կարող ենք պաշտպանել մեզ և մեր պետությունը։

Մեզ պակասում է հայրենասիրությունը, ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ ազատության, անկախության և պետականակերտման ճանապարհին։ Հայրենասեր չեն ծնվում, դա որևէ տաղանդ չէ, որը կարող է ի հայտ գալ վաղ տարիքից, դա հմտություն է, որը քաղաքացին կամ մարդը ձեռք է բերում տարիների ընթացքում, ապրելով, իր պետության շահերով։ Մեզ այս դժվարին պահին դա է պակասում։ Դրանով է պայմանավորված մեր գոյությունն այս աշխարհի երեսին, սակայն մեզ մոտ դրա պակաս է զգացվում։ Հայրենասեր մարդկանց շատ գիտենք, սակայն ինչ են արել նրանք իրականում՝ այդքան էլ տեղյակ չենք։ Եթե իմանայինք, ավելի կմեծարեինք նրանց, այլ ոչ թե դուրս կգայինք նրանց դեմ։ Հայրենասիրական ոգով լցվելով՝ մենք կերտել ենք մեր պատմությունը, սակայն պատմական այս նեղ իրադարձությունների ժամանակ, կարծես թե, մոռացել ենք, թե ինչպիսի պատմություն ենք ունեցել, ինչպիսի խրթին ճանապարհ ենք անցել։
Այս կարևորագույն բաղադրիչները պահպանելով և օրեցօր դրանցով առաջնորդվելով՝ մենք կարող ենք վերջ ի վերջո հպարտանալ, որ հայ ենք, որ Հայաստանը մեր տունն ու բնօրանն է։ Եկե՛ք պահենք մեր դրոշի, զինանշանի և օրհներգի իսկական գաղափարը։ Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ և լիահույս եմ, որ այս մեկ տոնը ևս կխորհրդանշի մեր ազգի և պետության հետագա հաղթանակները։