Դիտել Տուն ֆիլմը և վերլուծել հետևյալ քայլերով․
- ներկայացնել երկրագնդի զարգացման հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրները՝ բերելով կոնկրետ օրինակներ։
Ես չեմ ցանկանում պատմել ամբողջ ֆիլմը, սակայն, հետևելով մոդուլի նպատակներին և քայլերին, կփորձեմ մատչելիորեն ներկայացնել տեսակետներս՝ բերելով օրինակներ ֆիլմից։ Երկրագնդի զարգացման հետևանքով առաջացել են բազում էկոլոգիական խնդիրներ՝ վառելիքաէներգետիկ արդյունաբերությունից մինչև ծառահատում։ Փորձենք կետերով առանձնացնել կարևորագույն խնդիրները, որոնք այսօր ծառացել են մեր առջև՝ երկրագնդի «ժամանակից շուտ» զարգացման պատճառով։

- Վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման պատճառով՝ ավելացել է թունավոր թափոնների թիվը, որոնք շատ վատ հետևանքներ են թողնում, վնասում են բնությանը։ Այդ կերպ նաև խթանվում է տարբեր թե՛ ձկնատեսակների և թե՛ կենդանատեսակների պակասը, ավելանում են առողջական հիվանդությունները։
- Պակասում են, ինչպես արդեն նշեցի, բազում կենդանատեսակներ։ Որպես հստակ արձանագրված փաստ՝ պետք է նշեմ, որ երկրագնդի բիոլոգիական կենդանատեսակների 1/4 մասը գտնվում է վերացման շատ հավանական աղետի եզրին։
- Տարբեր մեգապոլիսների և մեգաքաղաքների զարգացման հետևանքով՝ տուժում են արվարձանները, ինչպես օրինակ Լագոսում է՝ Նիգերիայի մայրաքաղաքում։ Այնտեղ տիրում է դեմոգրաֆիկական գերխնդիր կամ աղետ, որի արդյունքում տուժում են բնակիչները։ Ֆիլմում ցուցադրվեցին կադրեր, թե ինչպես են մարդիկ գոյատևում Լագոսի արվարձաններում, մինչ դեռ հարուստ մարդիկ ճոխ ապրում են մայրաքաղաքի հարուստ թաղամասերի վեր խոյացող երկնաքերերում։
- Գրենլանդիայի սառույցների հալման պատճառով՝ մեծ վնաս կա, որ համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա շուրջ 7 մետրով, որի հետևանքով շատ երկրներ և պետություններ (օրինակ՝ Մալդիվներն ու Սողոմոնյան կղզիները) կանցնեն ջրի տակ։
- Զարգացման հետ մեկ տեղ, մենք սկսել ենք օգտագործել մեծ ծավալի ջուր, որն, ըստ էության, մեր կյանքի երաշխավորության ամենակարևոր բաղադրիչներից մեկն է։ Բացի այն, որ մենք աղտոտում ենք խմելու ջուրը, մի հատ էլ պակասեցնում ենք այն էլ քիչ նրա ծավալները։ Գրենլանդիայի սառույցներում պահվում է ամբողջ աշխարհի խմելու ջրի շուրջ 20%-ը, իսկ խմելու ջուրն ամբողջ աշխարհում կազմում է 3%: Մենք ջուրն, բացի խմելուց, ամենաշատն օգտագործում ենք գյուղատնտեսության ոլորտում։ Խոսենք թվերով՝
- 1 կգ կարտոֆիլի համար վատնվում է մոտավորապես 100 լ ջուր։
- 1 կգ բրինձի համար վատնվում է մոտավորապես 4000 լ ջուր։
- 1 կգ տավարի մսի համար վատնվում է մոտավորապես 13000 լ ջուր։
Այստեղից միայն կարող ենք եզրակացնել, որ սննդային կարիքները հոգալու համար ավելի շատ օգտագործում ենք կենսական գոյության ամենակարևոր և պահանջված մատերիալը՝ ջուրը, այն էլ՝ խմելու։ Հնդկաստանը, որտեղ ապրում է 1,5 միլիարդ մարդ, առաջին տեղն է զբաղեցնում ջրի պահանջի և պակասի ցուցանիշով։ Գանգես գետը, որի կադրերը մեզ ևս ցուցադրվեցին, ևս մեկ անգամ ապացուցեցին այն, որ սրբազան այդ գետի մեջ վերացել են բոլոր ձկնատեսակները։ Գանգես գետում մենք գտնում ենք աղբ, թափոններ, բայց այդտեղ նաև մարդիկ իրենց հոգսերն են հոգում, լվացք են անում, ջուր են խմում այդտեղից։

- Նաև որպես թերզարգացման օրինակ կարող եմ բերել ցուցանիշ։ Ամբողջ աշխարհում երեխաների 4/5 մասը հաճախում է դպրոց, ստանում է բավարար կրթություն, իսկ այն մյուս մասը տառապում է հիվանդություններով, անկրթությամբ։ Ըստ էության, ֆիլմը մի շատ կարևոր միտք արտահայտեց, թե ոմանց գործողություններից տուժում են բոլորովին ուրիշները։ Եվ սա, ցավոք, իրականություն է։
- նշել տեղական և համամոլարակային ի՞նչ խնդիրներ են ներկայացվում ֆիլմում
- Վերոնշյալ կետերից յուրաքանչյուրի մասին հստակ նշել և օրինակներ եմ բերել վերևում՝ նախորդ հարցում։ Տեղական հանդիսացող խնդիրներից է, օրինակ, Հնդկաստանը, Նիգերիան, Աֆրիկան՝ որպես ամենալքված և մեկուսացված մայրցամաք։ Այդպիսի ցուցակի մեջ կարող ենք ներառել համամոլորակային խնդիրների արդյունքում հետագայում տուժվող երկրների անունները։ Օրինակ՝ եթե շարունակենք այսպես, ապա Գրենլանդիայի սառույցների հալման պատճառով կբարձրանա համաշխարհային օվկիանոսի մակարդակը և շատ երկրներ, օրինակ՝ Մալդիվները, Սողոմոնյան կղզիները, Սեյշելները, Մավրիտանիան, շատ մեգապոլիսներ, ինչպես Նյու-Յորքը, Տոկիոն, Մայամին, Ստամբուլը, ինչու չէ նաև Փարիզն ու Լոնդոնը կանցնեն ջրի տակ՝ այդպես վնաս հասցնելով իրենց զարգացած տնտեսություններին։ Գրենլանդիայի սառույցների հալումը, ծառահատումը, շատ կենդանատեսակների վերացումը և այլն համամոլորակային աղետներ են։ Չեմ կարծում, որ մեծ է այն խնդիրների թիվը, որոնցից կտուժի միմիայն մի պետություն կամ երկիր։ Յուրաքանչյուր բիոլոգիական աղետ ազդելու է ամբողջ աշխարհի վրա, որովհետև հետզհետե տարածվելով, ներառելու է ամբողջ երկրագունդը։
- Եթե մենք խոսում ենք տեղական, այսինքն՝ Հայաստանի մասին, որի վերաբերյալ մենք ոչ մի ցուցադրության ականատես չեղանք, ապա կարելի է առանձնացնել օդի աղտոտվածությունը, որն ամենաշատը զգացվում է ինդուստրիալ քաղաքում՝ Երևանում։ Կարելի է առանձնացնել թափոնների խնդիրը, որով Հայաստանը տառապում է երկար ու ձիգ տարիներ՝ ատոմակայանի շահագործման արդյունքում։ Կարող ենք առանձնացնել ընդհանուր աղբահանության խնդիրը, որը տարիներով տանջում է ոչ միայն մայրաքաղաք Երևանի, այլև ամբողջ պետության տարածքում ապրող մեր բնակիչներին։ Կարող ենք առանձնացնել հանքաարդյունաբերության և հանքաշահագործման խնդիրը։ Գիտեք, այս թեմայով խոսելը մի քիչ հակասական տրամադրություններ է գրգռելու, քանի որ մի կողմից՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը գեթ ամենամեծ բնապահպանական խնդիր է իրենից ներկայացնում մեր երկրում, մյուս կողմից՝ տնտեսական տեսանկյունից՝ ամենամեծ հարկատու կազմակերպությունն է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այսպիսով՝ կան շատ ու շատ բնապահպանական խնդիրներ, որոնք պահանջում են անհապաղ լուծում, թե տեղական վայրերում, թե համամոլորակային մաշտաբով։

- ամփոփում՝ քո տեսակետը, մտքերը և մոտեցումները ֆիլմում ներկայացված խնդիրների շուրջ
Ես տեսակետների մասին քիչ-քիչ հայտնեցի հարցերին պատասխանելիս, սակայն կցանկանամ անդրադառնալ մի քանի կետի, որոնք ինձ ամենաշատը հետաքրքրեցին։ Առաջին կետը, ավելի ճիշտ՝ խոսքը, հենց նախաբանում ասվածն էր։ Այն ասում էր, թե «մարջանների ոչնչացումը կդառնա ամբողջ երկրագնդի ոչնչացման առաջին քայլը»։ Միգուցե ձևակերպումներում սխալվեմ, սակայն բուն միտքը սա էր։ Ի՞նչ է սա նշանակում։ Եթե նայենք մակերեսային, ապա, այո, մարջանները կարող են հանդիսանալ աղետ, բայց եթե մի քիչ խորանանք և համեմատականներ տանենք, ապա կհասկանանք, որ կան շատ չնչին ու գրեթե աննկատ երևույթներ, որոնց հանդիպում ենք առօրյայում, սակայն կյանքում չենք մտածի, որ դրանք հետագայում կարող են աղետ բերել երկրագնդի գլխին։ Այդպիսի օրինակներից են մեղուները, մրջյունները և այլն։ Մյուս կետը վերջաբանի մասն էր, որն ինձ ամենաշատը հետաքրքրեց։ Միտքն հետևյալն էր․ «Մարդկությունը պետք է սովորի վերև նայել, այլ ոչ թե խորանալ երկրի մեջ»։ Սա ենթադրում է, որ նավթամթերքներն ու վառելիքները հավերժական չեն, մի օր նրանք ևս ավարտվելու են, և ժամանակի հետ համընթաց՝ մենք պետք է սովորենք նայել արեգակին՝ մեր միակ մեծ, բնական լուսատուին։ Նայելով նրան՝ սովորենք էներգիա ստանալ նրանից, այլ ոչ թե վնասենք երկրագունդը՝ մեր շահի համար։ Եվ սա, ես կարծում եմ, կդառնա զարգացման նոր փուլի նշան։ Կան շատ օրինակներ, որոնք ապացուցում են մեր երկրի նոր ժամանակների զարգացումը՝ դեպի լավը։ Օրինակ՝ տարբեր պետությունների կառավարությունները (Իսլանդիայի, Շվեդիայի, Ավստրիայի, Նոր Զելանդիայի) առաջնահերթ են դարձրել էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացումը։ Տարբեր երկրներում գործում են հողմային էլեկտրոկայաններ, որոնցով ամենահայտնին Դանիան է։ Շատ երկրներ օգտագործում են արևային էներգիան՝ նավթի փոխարեն, որն արդեն առաջադիմության նշան է։ Եվ այսպիսի բազու՜մ-բազու՜մ օրինակներ։ Ես պարզապես խորհուրդ կտամ դիտել տեսանյութը, քանի որ շատ բաների մասին ինքս էլ չեմ խոսել։

Եվ որպես վերջաբան՝ կհայտնեմ կարծիքս։ Համաձայն եմ շատ տեսակետերի, փաստարկների և դիտողությունների հետ, սակայն այդ լայն քննարկումների արժանացած թեմաները պետք է քննարկվեն տեղական մաշտաբով՝ հանրության հետ, քանի որ դա սերտորեն կապված է հենց վերջինիս հետ։ Կան բազում խնդիրներ, որոնք աստիճանաբար լուծվում են, օրինակ, տեղական մաշտաբով՝ Սևանա և Երևանյան լճերի մաքրման աշխատանքները, աղբահանության խնդրի քայլ առ քայլ լուծումը։ Արձանագրում ենք, որ առաջընթաց, թեկուզ՝ փոքր, կա և լինելու է։ Իմ խորհուրդը միայն այն է, որ մտածենք մեր ապագայի մասին, խնայենք երկրագունդը։