Հասարակագիտության դասաժամի ընթացքում քննարկեցինք գեղեցկության չափանիշները, և մեզ հանձնարարվեց ընտրել որևէ երևույթ, լինի դա մարդ, կերպար, ճարտարապետական հնարք, թե արձան և բացատրել, թե ինչու՞ է այն գեղեցիկ։ Ես ճարտարապետության ոլորտից ընտրեցի ՀՀ կառավարության շենքը, որը կառուցվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից և որն ես համարում եմ գեղեցիկ շինություն, ճարտարագիտական հնարք։

File:Government House of Armenia.jpg - Wikimedia Commons

Փորձեմ բացատրել, թե ինչու է այն գեղեցիկ։ Իհարկե, յուրաքանչյուրի համար գեղեցիկ կարող են համարվել տարբեր երևույթներ, մեկի համար կարող է գեղեցիկ լինել, որպես օրինակ, տանիքը, նրա գույնը, իսկ մեկ այլ ուրիշի համար՝ ներքին տեսքը։

Տեսեք, ինձ դուր է գալիս նրա դասավորվածության գրագիտությունը, սինխրոնությունը՝ համաչափությունը։ Երբ նայում ես շենքին, առաջինը նկատում ես կամարները, որոնք շինության վրա շատ կան։ Այդպիսի կամարները նորություն չեն մեր մշակույթում, դա, եթե իհարկե չեմ սխալվում, վերցված է Զվարթնոցի ավերակների մշակույթից։ Առաջին անգամ այդպիսի ճարտարագիտական հնարքներ են կիրառվել Զվարթնոցի տաճարը կառուցելիս, և հիմա այդպիսի գեղեցիկ կամարները սովորական և առօրյա կառուցողական տեսքի նախշ են համարվում։ Ուսումնասիրելով պատմությունը՝ հասկանում ես, որ Հանրապետության հրապարակի շինությունների «ներսը» թաքնված են հին շինությունները, և կառավարության շենքը բացառություն չէ։ Եթե ուշադիր դիտենք, նրա ներսը կնկատենք նարնջագույն պատեր, որոնք եղել են նախորդ շենքի դիմացի կամ արտաքինի պատերը, իսկ հիմա նրանք ներքին հենարաններ են իրենցից ներկայացնում։

Պատուհանների դասավորությունը, ժամացույցի տեղադրությունը, դրոշի վեր խոյանալը, սյուների ու կամարների բազմազանությունն ու բազմատեսակությունը, այս ամենը միասին վերցված ստեղծում են գեղեցիկ մի կոմպոզիցիա։ Երբ նրան դիտում ես տարբեր կողմերից, լիովին տարբեր զգացումներ են քեզ համակում։ Եթե դիտում ես Ամիրյան փողոցից, այն վեհ ու վսեմ մի շինության կերպար է ստանում, սակայն եթե դիտում ես մեկ այլ կողմից, օրինակ Արամի փողոցի կողմից, ստեղծվում է տպավորություն, թե այն մի փոքր անհաջող շինություն է ստացվել (անշուշտ՝ տեսքից ելնելով)։ Սրանք, իհարկե, իմ կարծիքները չեն, շատերն են այդպիսի գնահատականներ տալիս։

Իսկ, ըստ էության՝ այդ շենքը ԽՍՀՄ-յան դարաշրջանում, իմ սուբյեկտիվ կարծիքով, ամենաստացված ու գեղեցիկ շինությունն է և հրապարակի շրջաձևության ու միախառնության մեջ այն յուրահատուկ տեղ է զբաղեցնում, չէ՞ որ նրանից է սկսվել հրապարակի կառուցումը, նրանով է որոշվել մյուս շինությունների բարձրություններն ու կորությունները։ Եթե դիտենք նաև երկնքից, ապա կնկատենք, որ հրապարակի շինություններից միայն կառավարության շենքն է, որն ունի կարմիր գույնի տանիք, և սա էլ է հերթական անգամ ցույց տալիս նրա յուրահատկությունն ու կարևոր դերը հասարակության ու հրապարակի կյանքում։ Ըստ էության՝ վարդագույն տուֆը, որով կառուցվել է կառավարության շենքը, նորություն չէ, սակայն ես չէի պատկերացնի այդ կարևոր շինությունը, օրինակ, եթե այն լիներ մարմարից կամ միայն բազալտից պատրաստված։

Ընդհանրապես, կարելի է երկար խոսել նրա գեղեցկության, ճարտարագիտական գրագիտության ու համաչափության մասին, բայց եկեք մի քանի կետի վրա կենտրոնանանք, որոնք հիանալի ցույց են տալիս, թե ինչպիսի գեղեցիկ շինություն է ՀՀ կառավարության շենքը։

  • Սյուների բարձրության բազմազանությունը
  • Կամարների բազմատեսակությունն /մեծ, միջին, փոքր/ ու բազմազանությունը
  • Մուտքերի ու ելքերի տեղերը
  • Պատուհանների տեղադրությունը
  • Ժամացույցի տեղադրությունը
  • Կորությունը, որը չի ստեղծում ճնշման տեսարան /այն հոգեբանորեն չի ճնշում իր վեհությամբ ու մեծությամբ/, եթե դիտում ես մի ուրիշ անկյունից

Ինձ հնարավորություն է ընձեռվել նաև ներքին հատվածը ուսումնասիրել և ես կարող եմ հստակ պնդել, որ այն ամենագեղեցիկ շինություններից մեկն է Հայաստանի նաև ներսից, եթե իհարկե ոչ ամենագեղեցիկը։ Ներսում արդեն որոշ համեմատաբար կարևոր հատվածներում մարմարից են պատրաստված պատերը, և այնքան «սպիտակ» է, որ նույնիսկ սև կետը կարող է ակնհայտ երևալ։ Այնտեղ էլ յուրահատուկ է ջահերի տեսակներն ու տեղադրվածությունը։