Սեպտեմբերի 28-ին՝ հինգշաբթի օրը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի ընթերցասրահում ուսուցիչների և ՀՀ ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցած մի խումբ սովորողների նախաձեռնությամբ հրավիրվեց կլոր սեղան-քննարկում։ Կլոր սեղանին էին մասնակցում «Ամառային դպրոցի» կազմակերպիչները և տարբեր դպրոցներից սովորողներ։

Հյուրեր՝
- Հեղինե Խաչիկյան՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ
- Լաուրա Անտոնյան՝ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ
Կլոր սեղան-քննարկման ծրագիրը կարող եք ընթերցել Վարդան Կարապետյանի՝ Հասարակագիտական և քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիայի ղեկավարի բլոգում։ Իսկ այժմ՝ ներկայացնում եմ քննարկման ընթացակարգը։
- Սկզբից Կարինե Գոմցյանը ներկայացրեց «Ամառային դպրոց» ծրագիրը, թե ինչպես և ովքեր կարող էին նրան դիմել, նրա առանձնահատկությունները, գործունեությունը, ընդհանուր էությունն ու կարգը։
- Կարինեի խոսքից հետո Լաուրա Թորոսյանը ներկայացրեց հնարավորությունները, ծանոթությունները, սովորողներին հետաքրքրող թեմաները։
- Այնուհետև՝ Լաուրան և ես ներկայացրինք ծրագրի շրջանակներում պետական-քաղաքական գործիչների հետ հանդիպումները, խոսեցինք՝ ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի, նախագահի հետ հանդիպումների մասին, պրեզենտացիայի շնորհիվ ցուցադրեցինք հանդիպումների դրվագներ և պատմեցինք, թե ինչպիսի թեմաներ են շոշափվել՝ ընթացակարգով, թե դրանից դուրս։
- Լևոն Սահրադյանն ու Անահիտ Վերմիշյանը ներկայացրին այցելությունները՝ թե ուսումնական, թե պետական։ Պետական այցելությունների շրջանակներում հնարավորություն ենք ունեցել հանդիպելու Հայաստանի Հանրապետության, Կենտրոնական բանկի, Սահմանադրական դատարանի նախագահների հետ։ Ուսումնական կամ զվարճալի այցելությունների շրջանակներում այցելել ենք Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, Լուսիկ Ագուլեցու, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանները, Երևանի պատմության և Էրեբունու թանգարանները, Ազգային պատկերասրահն ու կինոթատրոններ։
- Այսքանից հետո՝ Աշոտ Խաչատրյանը ներկայացրեց այս ծրագիրը՝ սովորողի տեսանկյունից, խոսեց թերությունների և առավելությունների մասին, ինչպես նաև խորհուրդներ և առաջարկներ ներկայացրեց կազմակերպիչներին՝ ծրագիրը ավելի արդյունավետ ու ընթացակարգային դարձնելու համար։
Մեր բուն ներկայացումից հետո՝ մի շարք սովորողներ տարբեր ուսումնական հաստատություններից, որոնք ևս մասնակցել էին «Ամառային դպրոցին», կիսվեցին իրենց կարծիքներով և տպավորություններով, ինչպես նաև խոսեցին ներկա ստեղծված իրավիճակի մասին՝ նշելով հայ ազգի համախմբության կարևոր առիթի մասին։ Հետաքրքիր քննարկում-բանավեճ ծավալվեց կրթահամալիրի հիմնադրի և ծրագրի կազմակերպիչների միջև՝ պետական նշանակության շինությունների, ինչպես նաև աշխատակազմի հիմնական գործունեության վերաբերյալ։
Ըստ էության՝ մեր այդ քննարկումը, կարծես, ամենակարևորներից էր, քանի որ այս դժվար իրավիճակում այսպիսի հանդիպումներ կազմակերպելը մի կողմից ծանր աշխատանք է, մյուս կողմից՝ անհրաժեշտ՝ սովորողների, կազմակերպիչների, պետական ծառայողների, ուսուցիչների գնահատականները լսելու, վերլուծելու համար։ Քննարկումից հետո՝ կազմակերպիչները, ցավոք, չկարողացան մասնակցել շրջայցին, սակայն սովորողները այդ հնարավորությունը ևս ունեցան, և հյուրասիրությունից անմիջապես հետո՝ շրջեցին և ծանոթացան Մայր-Ավագ դպրոցի և Արևելյան դպրոց-պարտեզի տարածքում գտնվող լաբորատորիաների, սպորտ-սրահների և ուսումնահետազոտական վայրերի հետ։
Ես և մեր սովորողները գոհ մնացինք այս հանդիպումից։ Հույս ունեմ՝ այսպիսինները դեռ շատ կլինեն, որպեսզի մենք էլ լսելով մյուսներին՝ կարողանանք զարգացնել մեր աշխարհայացքներն ու ընկալման տեսանկյունները։ Հանդիպումը ստացված էր, սովորողներն ու կազմակերպիչները գոհ և ուրախ էին։ Հանդիպման մանրամասն լուսաբանումներից մեկը կարող եք ընթերցել Ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Նունե Այդինյանի բլոգում։ Շնորհակալ ենք կազմակերպիչներից, սովորողներից, ուսուցիչներից։















