Նրա հայրենիքը եղել է բարձրաբերձ Սասունը՝ այդ խուլ երկրի ամենախուլ անկյունը, որտեղ ձորերը դառնում են կիրճեր՝ խորունկ, խավարչտին, և լեռնագագաթները՝ ապառաժներ՝ լերկ, ժանտատեսիլ։ Տաք կիրճերում, լեռնային կարկաչուն վտակների՝ զմրուխտ կանաչով ծածկված ափերին գալարվում էր վայրի խաղողը, և նրա որթը մագլցում էր բրոնզագույն ժայռերի վրա։ Աճում էր վայրի հոնը, երբեմն՝ թուզը՝ քաղցր, մեղրածոր։ Իսկ բարձրերում, որտեղ ցրված էին աղքատ հյուղակները, ցանում էին կորեկ ու վաղահաս ցորեն։ Աշնանը՝ բերքահավաքի ժամանակ, մարդիկ արտերի եզրին խարույկ էին վառում, որպեսզի արջերը չտրորեն կորեկը։
Երբեմն ընկույզի մեծությամբ կարկուտն է ջարդել այդ տքնաջան մարդու՝ արևից և խորշակից խանձված դեմքը, և ցուրտը սառեցրել է նրա՝ հողից կոշտացած ձեռքերը։ Թվում էր՝ մինչև մահ կապրի այդ քարերի վրա, և երբեք չէր ենթադրում՝ ինչ է սպասում իրեն։
Բայց տակնուվրա անելով մարդկանց միօրինակ առօրյան՝ պայթեց պատերազմը՝ ահազարհուր ու տևական, և հրացաններ որոտացին՝ մահաբեր վառոդի շունչը տարածելով լեռնաշխարհի՝ սարսափից, ցավից ու քաղցից կծկված գյուղերում։ Սկսվեց արտագաղթը, և մարդիկ՝ մահվան ահը աչքերում, տեղահան եղան՝ բռնելով օտար աշխարհների ճանապարհները։
Վերցնելով կնոջն ու աղջկան՝ Հազրոն՝ ինչպես բունը կորցրած թռչուն, անցավ լեռից լեռ, քարանձավից քարանձավ, և՝ ահը աչքերի մեջ, մի պարզկա օր, միջօրեին հասավ ինչ-որ հարթավայր՝ գաղջ օդով, պղտոր, դեղին գետերով, որոնց մեջ չէին երևում այն ականակիտ առվակները, որ թավալգլոր իջնում էին հայրենի լեռների՝ սառույցով պատված գագաթներից։
Լաց եղավ կինը, լաց եղավ և Հազրոն, ու սիրտը թեթևացավ։ Ապա՝ սրբելով արցունքը, ուսն առավ աղջկան, և քայլեցին առաջ՝ դեպի անհայտ հեռուները։
Ըստ ԱԿ․ ԲԱԿՈՒՆՑԻ