Հոկտեմբերի 11-ին կրթահամալիրի հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիան նախաձեռնել էր հետազոտական վարժարանի պատմության ընտրությամբ խմբերի ուսումնական բաց պարապմունք, որը վարում էր պատմության և հասարակագիտության ուսուցիչ Սամվել Թամազյանը։ Սկզբից ընկեր Սամվելը ներկայացրեց ընտրությամբ դասընթացների կազմակերպումն ու ընթացքը հետազոտական վարժարանում, այնուհետև ծավալվեց հետաքրքիր քննարկում-բանավեճ։

Ներքին ակտերով սահմանված չափորոշիչներին ծանոթացեք ստորև՝
Ընտրությամբ դասընթացները հետազոտական վարժարանում
Կրթահամալիրի Ավագ դպրոցում ըստ ուսումնական պլանի 9-րդ դասարաններում սովորողը կարող է ընտրել 4 ժամ ընտրությամբ գործունեություն, 10-11-րդ դասարաններում՝ 8-12 ժամ ընտրությամբ դասընթաց, 12-րդ դասարանում՝ 4-8 ժամ
Դասընթացները միտված են զարգացնելու սովորողների նախասիրությունները և ուղղորդելու դեպի ապագա մասնագիտություն։ Այն հնարավորություն է տալիս սովորողներին հանրակրթական դասաժամերից դուրս, դպրոցում լրացուցիչ ժամանակ տրամադրել իրեն հետաքրքրող ուսումնական առարկաներին։
Ինչպես արդեն նշեցի, տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում-բանավեճ։ Քանի որ մեր բաց պարապմունքին մասնակցում էին բացառապես պատմության ընտրությամբ խմբեր, ուստի և տրամաբանական էր յուրաքանչյուր սովորողից հետաքրքրվել, թե ինչու է նա ընտրել հենց այս խումբը, ինչ նկատառումներով, ակնկալիքներով ու նպատակներով։ Մեզնից յուրաքանչյուրը պատասխանեց իր ուրույն ձևով․ մեկն ասաց, թե նրան մասնագիտական կողմնորոշման համար պետք կգա ապագայում, մյուսը՝ թե պատմությունը բոլորը պետք է իմանան, երրորդը՝ թշնամիների առջև ապացույցներ դնելու, չորրորդը՝ վերլուծական և տրամաբանական միտքը զարգացնելու, հինգերորդը՝ հետաքրքրությունից, վեցերորդն էլ՝ իրավիճակից ելնելով։

Ընդհանուր առմամբ՝ հետաքրքիր ու բովանդակալից պարապմունք ստացվեց։ Սովորողները կիսվեցին իրենց կարծիքներով, տպավորություններով, դատողություններով, որոշները նույնիսկ ներկայացրին պահանջներ և առաջարկներ՝ կրթական պարապմունքը ավելի արդյունավետ դարձնելու համար։