Հոկտեմբերի 18-ին Հետազոտական վարժարանի դասավանդողներ Վարդան Կարապետյանի և Աշոտ Տիգրանյանի համակարգմամբ իրականացավ նախաճամփորդական հավաք, որին մասնակցում էին «Ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներով-քայլարշավային ճամփորդություն․Թալին-Աշնակ» ճամփորդության մասնակիցները։ Հավաքը վարում էր ճամփորդական նախագծի ղեկավար Վարդան Կարապետյանը։

Սկզբում ընկեր Վարդանը մեզ մանրամասն ներկայացրեց ճամփորդության նախագիծը՝ իր նպատակներով, քայլերով, տարբեր նախագծերով, այդ թվում համագործակցային և այլ մանրամասներ։ Ամենակարևոր կետը, իմ կարծիքով, ճամփորդության նպատակն էր, ավելի ճիշտ՝ նպատակները, քանի որ այսպիսի ճամփորդություններ կազմակերպելիս, ինչպես նշեց ընկեր Վարդանը, պետք է կարևորել առաջին հերթին նպատակը՝ ինչու ենք ճամփորդում, ինչու հենց այդ ուղղությամբ, ինչ նպատակով, կրթական ինչ բաղադրիչներով և այլն։ Նպատակը շատ պարզ էր, նաև՝ բազմաբովանդակ, ինչն ավելի էր շահագրգռում մեզ՝ մասնակիցներիս։

Եռօրյա ճամփորդությանը գրանցվել են այնպիսի սովորողներ, ովքեր համագործակցային նախագծերի շրջանակում ունեն հստակ ուրվագծված աշխատանքներ, անելիքներ Աշնակի դպրոցականների հետ, սովորողներ, ովքեր ունեն այլ հետաքրքրություններ, իսկ ընդհանուր խումբն, իհարկե, հայրենիքն ավելի լավ ճանաչելու կարևորությամբ։ Մեր առանցքային նախագծերից են «Մեր գերդաստանը» և «Բարբառներ» ակումբը, ինչպես նաև, կախված Աշնակի դպրոցականների հետաքրքրությունից, «Նախասիրությունների բացահայտում» երկարաժամկետ նախագիծը։

Պետք է առանձնահատուկ նշել, որ ճամփորդության ամենակարևոր կետերից մեկը ուսումնահայրենագիտական-ճանաչողական կանգառներն են, որոնք լինելու են Ներքին Բազմաբերդում, Կաքավաձորում, Թալինում, Դաշտադեմում և Քաղենի ամրոցում, իսկ վերադարձին՝ նաև Աշտարակ համայնքում՝ Կարմրավոր, Սպիտակավոր և Ծիրանավոր եկեղեցիներ։

Ընկեր Վարդանը նաև ընդգծեց Աշնակի միջնակարգ դպրոցի սովորողների և տնօրենի ու ուսուցիչների յուրահատուկ հյուրասիրությունն ու հյուրընկալությունը, ինչը, իրոք, զարմացրեց, շահագրգռեց և ավելի մոտիվացրեց մեզ։

Հավաքի վերջում սովորողները կացության և ճամփորդության այլ մանրամասներ ավելի հստակեցնելու համար ուղղեցին իրենց հուզող հարցերը և համակարգողների կողմից ստացան պատասխաններ։ 

Մի խոսքով, լիահույս եմ և անհամբեր, ինչպես նաև՝ վստահ, որ հետաքրքիր ուսումնահայրենագիտական ճամփորդություն է սպասվում մեզ․․․