Հեղինակային ծրագրի հարթակը ԿՏԱԿ-ում
Հոկտեմբերի 19-ին Հասարակագիտական և քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիայում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որին՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանի գլխավորությամբ մասնակցում էին Ավագ, Միջին, Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային և Հարավային դպրոցների և պարտեզների տնօրենները, մանկավարժության կենտրոնի, լաբորատորիայի ղեկավարներն ու ուսուցիչները։ Կլոր սեղանը վարում էր Արևելյան դպրոց-պարտեզի տնօրեն Նաիրա Նիկողոսյանը։ Ծրագրին և օրակարգին կարող ենք ծանոթանալ հղմամբ։
Սկզբից Արևելյան դպրոց-պարտեզի ղեկավարը ներկայացրեց ԴՏԿ-ի ընդհանուր պատկերն ու տեսքը՝ առավելություններով ու թերություններով հանդերձ, ինչպես նաև տիրող բուն իրավիճակը։ Նա հատուկ կարևորեց այն, որ կրթահամալիրին անհրաժեշտ է առանձին հարթակ (համակարգ), որի շնորհիվ կատարվելիք աշխատանքները կլինեն ավելի արդյունավետ և դյուրին։ Ղեկավարը նաև նշեց, որ առաջարկ-նամակներ են ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն և ՀՀ կառավարություն, սակայն դեռևս չեն ստացել որևէ պատասխան։

Առանձին թեմա հանդիսացավ խնդիրների քննարկումը, որոնք, ըստ էության, շատ են։ Քանի որ հիմնական բաղադրիչը ԿՏԱԿ կրթական համակարգի մասին մտքերի փոխանակումն էր, մասնակիցները կարևորեցին խոսել ԿՏԱԿ-ում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի շահերը պաշտպանելու մասին։ ԿՏԱԿ կամ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հեղինակային կրթական ձևերի համար նախատեսված համակարգ է, որի մեջ ներառված են շատ ու շատ կրթական հաստատություններ, ինչպիսիք են Շիրակացու ճեմարանը, Քվանտը և, իհարկե, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։
Սա առաջին առաջարկն է․ ԿՏԱԿ համակարգի մասին խոսելիս՝ հարկավոր է նշել արխիվացիայի հիմնախնդիրը։ Արխիվացիան այս շրջանակներում պետք է դիտարկել որպես կարևոր խնդիր, ինչը և քննարկվեց կլոր սեղանի ժամանակ։ Եվ իսկապես, արխիվացիան կարևոր բաղկացուցիչ է, քանի որ առանց դրա աշխատանքները դառնում են ավելի խրթին ու երկարաժամկետ։ Պարզ բառերով ասած՝ աշակերտի ամբողջ տեղեկությունը ջնջվում է այդ համակարգից այն պահից, երբ նա փոխում է կրթական հաստատությունը։ Երկրորդ առաջարկը նոր պատուհան բացելն է, ինչն իր մեջ ներառելու է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային տեղեկությունները։ Կրթահամալիրը ցանկանում է, որպեսզի հեղինակային աշխատանքները (հետազոտական աշխատանքները, նախագծերը, ինչու ոչ նաև ճամփորդական նախագծերը) գնահատվեն, իսկ ԿՏԱԿ-ում այդպիսի բաժին, ցավոք, չկա։ Ուստի առաջարկ-նախագծի նպատակներից է նաև սա։
Ըստ էության՝ այսպիսի կրթական համակարգը Հանրապետության ամբողջ պետական կրթական համակարգի կարևորագույն մասերից է։
Արևելյան դպրոց-պարտեզի ղեկավարի ներկայացումից հետո քննարկում ծավալվեց մասնաճյուղերի ղեկավարների և ուսուցիչների միջև։ Հնչեցին կարծիքներ, մտքեր, նոր առաջարկներ, որոնք պահանջում են հավելյալ քննարկում։
Այսպիսով՝ կլոր սեղանը նպաստեց մի գաղափարի շուրջ համախմբվելուն և հանուն կրթական շահի և օգտի պայքարելուն։ Ես ուրախ էի, որ հնարավորություն ընձեռվեց մասնակցելու այսպիսի քննարկմանը, քանի որ կարևորում եմ սովորողների ներգրավվածությունը նման ձևաչափում։
Լուսանկարները՝ Լիլիթ Յախինյանի











