Ափսոս ավարտվեց մեր եռօրյա հայրենագիտական, ինչու ոչ նաև հայրենասիրական ճամփորդությունը դեպի Թալինի տարածաշրջան, ավելի կոնկրետ՝ դեպի Աշնակ։ Իսկապես որ ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներով ճամփորդություն ունեցանք։ Ես երեկ՝ հոկտեմբերի 23-ին Ավագ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցիչ Վարդան Կարապետյանին կատակով ասեցի, թե իբրև, եթե գրեմ ամփոփում, ապա վերնագիրը դնելու եմ «Բառեր չունեմ բնութագրելու համար»։ Իսկ հիմա ըստ օրերի հերթականության ու հաջորդականության՝ ներկայացնեմ, թե ինչպիսի զվարճալի և ուսուցողական օրեր ենք ունեցել Երևանից դուրս՝ Թալինում։

Օր 1 / Մեկնում, ժամանում, դիմավորում — ճամփորդության մեկնարկ

Ինչպես և բոլոր ճամփորդությունների ժամանակ, նախապես օր և ժամ է որոշվում, թե սովորող մասնակիցները որտեղ պետք է հավաքվեն, որպեսզի շարժվեն դեպի նշանակման վայր։ Մենք որևէ բացառություն չեղանք և Սբ․ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցած ուսումնական ժամերգությունից հետո շարժվեցինք Թալինի տարածաշրջան, անշուշտ, կանգառներ ունեցանք մինչև այնտեղ հասնելը։

Մեր առաջին կանգառը Ներքին Բազմաբերդն էր, մի հրաշք գյուղ՝ Արագածոտնի մարզի խորքերում։ Մեզ այնտեղ դիմավորեցին տեղի միջնակարգ դպրոցի սովորողները՝ նրանց պատմության ուսուցչի՝ տիկ․ Հասմիկ Ասատրյանի գլխավորությամբ։ Չնայած այն բանի, որ նրանք մեզ հետ արևելահայերեն էին խոսում, միևնույնն է, թե տեսքից և թե խոսքերի արտահայտման ձևից, զգացվում էր, որ նրանք իսկական Սասունցի ժառանգներ են։ Հատկանշականն այնն էր, որ մենք կանգնել էինք հենց գյուղի այցեքարտի՝ «Սպասող մայր» հուշարձանի մոտակայքում, ինչը և մեզ առաջին իսկ րոպեներից գրավել էր իր գեղեցկությամբ և վեհությամբ։ Այդ հուշարձանը կարելի է համարել ժառանգության ու մշակույթի համալիր, քանի որ բացի արձանից, այնտեղ կան նաև Արևմտյան Հայաստանի եկեղեցիներից մասունքներ, քարից արծիվներ և որ ամենակարևորը՝ սուր, որը չնայած այս պահին նայում է դեպի վար, սակայն տարիներ հետո պետք է հպարտ նայի վեր՝ իր որդիներին դիմավորելուց։ Դպրոցի սովորողները մեզ պատրաստված էին դիմավորել․ նրանք մեզ պատմեցին գյուղի ծագման, արտագաղթի և գյուղի տոհմածառի մասին։ Ի դեպ նշեմ, որ Ներքին Բազմաբերդը այն ամենաեզակի գյուղերից և համայնքներից մեկն է, որը պահպանել է իր տոհմածառը։ Պատմելու ժամանակ իմ առջև ձևավորվում էին այն դարի ապրելու և գոյատևելու պայմանները, լեզուն, տները, ավանդույթները, հագուստների ոճը և այլն։ Կարճ ասած՝ խոսքերի շնորհիվ ես խորասուզվել էի մեր Արևմտյան Հայաստանում բնակվող Սասունցիների ապրելակերպի ու վարքագծի մեջ։

Այնուհետև՝ մենք՝ սովորողներս ունեցանք ժամանակ միմյանց հետ խոսելու, մտքեր ու կարծիքներ փոխանակելու, ինչու ոչ նաև իրար հետ կապ պահելու համար համարներ փոխանակելու։ Ինձ համար մի այլ կերպ հետաքրքիր էր, թե ինչպես են այսօր այստեղ՝ Հայաստանում իրենց զգում մեծ տոհմածառի ժառանգները, ինչպես է ընթանում նրանց առօրյան։ Մենք այցելեցինք Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ներքին Բազմաբերդցի երեք զինվորների շիրիմներին։ Խոնարհվեցինք, հարգանքի տուրք մատուցեցինք հայրենիքի համար ընկած զինվորների հիշատակին։

Այսպիսով՝ մեր առաջին կանգառը Ներքին Բազմաբերդն էր՝ իր ունիկալ ու անկրկնելի ճարտարագիտական հրաշքներով և խելացի ու դաստիարակված սովորողներով հանդերձ։ Ես շատ սիրեցի այդ փոքրիկ և հանգիստ գյուղը, և լիահույս եմ, որ այդ այցը վերջինը չի լինելու։ Վերջում մենք միմյանց հրաժեշտ տվեցինք և Ներքին Բազմաբերդցի երկու տղաների հետ ուղևորվեցինք եզդիներով բնակեցված Բայզըս (հայերեն՝ Օթևան) կոչվող գյուղ, որտեղ ուխտագնացություն ունեցանք։ Հասնելով այդ գյուղ, մենք այցելեցինք միջնադարում կառուցված վեհաշուք Սբ․ Աստվածածին եկեղեցի։

Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին,
Ուր ծիրանն է հասնում ճյուղին,
Ուր կտրին չիրն է քաղցրանում,
Ուր հոտը սարն է բարձրանում.
Ուր, փեշի տակ Արագածի,
Տան կտրին նստած հացի,
Ձա՜յն են տալիս իրար հերթով
Եվ գյուղամեջ գալիս խմբով,
Աղջիկները՝ կարմիր հագած,
Տղաները՝ փուշի կապած.․․
Գևորգ Էմին

Վերջապես՝ երկար ու բարակ ճանապարհից ու ոչ պակաս ժամանակից մենք վերջ ի վերջո հասանք մեր գլխավոր նշանակման վայր՝ չքնաղ ու գեղեցիկ Աշնակ։ Մեր առաջին կանգառը Աշնակում գյուղի դպրոցն էր, որտեղ և մեզ դիմավորեցին Գևորգ Չաուշի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Պրն․ Մարտիրոսյանն ու դպրոցի սաները։ Ջերմ ընդունելությունից հետո մեզ համար մի փոքր էքսկուրսիա անցկացրին դպրոցի սովորողներն ու տնօրենը․ ուղեկցին կաբինետներով, դասարաններով, սպորտի ու մշակույթի սրահներով և ցույց տվեցին բակում շինված մարզահրապարակը՝ իր ֆուտբոլային դաշտով, պտտաձողերով և այլն։ Մենք ընդհանուր պատկերացում կազմեցինք, թե ինչպես է անցնելու մեր առօրյայի ազատ ժամանակը Աշնակի այս գեղեցիկ ու հայրենասիրական ոգով լցված վայրում։ Ինձ ամենաշատը գերեց դպրոցի կտուրին փակցված պաստառի գրվածը, որի շուրջ կարելի է մտածել․ «Դպրության դարբնոց, բարության ամրոց»։

Մինչև ճաշին անցնելը սովորողներին մեր մասնակիցներից Արի Ագոփը իր նախագծային խմբով ներկայացրեց իր նախագիծը՝ ուղղված երիտասարդության շրջանում նախաձեռնողականության զարգացմանը։ Ես ցանկանում եմ հատուկ նշել, որ այսպիսի ծրագրերը և նախագծերը նպաստում են երկու (որոշ դեպքերում՝ ավելի շատ) հաստատությունների միջև համագործակցական կապերի ընդլայնմանը, և հետևաբար հարաբերությունները մնում են ոչ միայն ուսումնահայրենագիտական-կրթական, այլև դառնում՝ գործնական, ինչի համար, մասնավորապես՝ ես շատ ուրախ եմ, քանի որ համարում եմ, որ հայաստանյան բոլոր դպրոցները պետք է համագործակցեն, ստեղծեն համագործակցության հարթակներ, որպեսզի ոչ միայն միմյանց հետ կապերը չկորեն, այլև նրանց միջև տեղի ունենա գիտելիքի ու փորձի փոխանակում, որպեսզի կազմակերպվեն հանդիպումներ, այցեր՝ միմյանց լավ ճանաչելու համար։

Ներկայացումից հետո մի խումբ սովորողներ դպրոցականների ուղեկցությամբ հարգանքի տուրք մատուցեցին Համաշխարհային երկրորդ և Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ Այսքանին հաջորդեց ճաշը, ինչի համար սրտանց շնորհակալ ենք ու շնորհակալ դեռ կլինենք Գևորգ Չաուշի անվան միջնակարգ դպրոցի խոհարար տիկ․ Նոնային։ Ճաշին էլ հաջորդեց մտերմիկ զրույցը դպրոցի համերգների սրահում։ Մենք՝ ընկեր Վարդանի գլխավորությամբ շրջան կազմեցինք և խոսեցինք մեր բարբառների իմացության մասին։ Այս խոսակցությունը դրական կերպով ազդեց ոչ այնքան ուսումնական, ինչքան՝ ճանաչողական տեսանկյունից, բայց և մեկ տեղ մենք կարողացանք իրականացնել «Մեր գերդաստանը» և «Բարբառներ» նախագծերը։ Զրույցը կարող եք դիտել ստորև՝

Տեսանյութը՝ Վարդան Կարապետյանի

Երեկոյան էլ մենք խարույկ վառեցինք և նրա շուրջ զրույցներ բռնեցինք, իսկ հետո շարժվեցինք տնօրենի տուն՝ ննջելու։ Այսպես անցավ մեր մեկնարկային օրը, և սա դեռ վերջը չէր․ առջևում մեզ սպասում էին ավելի հետաքրքրաշարժ արկածներ։ Նաև նշեմ, որ առավոտյան մեզ սպասելու էր համեղ նախաճաշ՝ Սասնո հարիսայի տեսքով։

Օր 2 / Դեպի Թալին, դեպի նոր ծանոթություններ

Երկրորդ օրը մեզ համար ավելի բուռն օր էր, քանի որ նախատեսված էին տարբեր այցելություններ։ Մենք շուտ արթնացանք, ճաշեցինք և շարժվեցինք Թալին քաղաք։ Մեր այցի նպատակն էր տեսնելու Սբ․ Կաթողիկե եկեղեցին, ինչը և մեզ հաջողվեց։ Սբ․ Կաթողիկե եկեղեցին կիսավեր էր, սակայն այդ կարգավիճակը չէր պակասեցնում նրա դերը մեր մշակույթի և պատմության մեջ։ Մեզ ուղեկցողներից մեկը պատմեց, որ Սբ․ Կաթողիկեն այն եզակի եկեղեցիներից է, որտեղ կարող են այցելել ուխտագնացության նպատակներով քրիստոնեության տարբեր ճյուղերը դավանող ներկայացուցիչները։

Այնուհետև մենք մի քիչ զբոսնեցինք Թալինով, Պրն․ Տիգրանյանի և ընկեր Վարդանի հետ քայլքի ժամանակ քննարկեցինք որոշ արդիական թեմաներ, իսկ հետո ուղևորվեցինք մեր հաջորդ նշանակետ՝ Դաշտադեմի ամրոց։ Ընթերցենք մի փոքր պատմական ակնարկ։

Դաշտադեմի ամրոց, նախկինում՝ Ներքին Թալին, 11-20-րդ դարերի ամրոց Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում՝ նրա հարավային եզրին։ Տեղակայված է Արտենի լեռան հարավարևելյան կողմում տարածվող լայնարձակ սարահարթի վրա։ Դաշտադեմի ամրոցը Հայաստանի ամրաշինական համակարգի եզակի համալիրներից մեկն է։ Բաղկացած է միջնադարյան դղյակից, որն, իր հերթին, պարփակված է 19-րդ դարի սկզբին կառուցված արտաքին մեծ պարսպով։ Ամրոցից դուրս՝ հարավային կողմում, տարածվում է միջնադարյան գյուղատեղին՝ բնակելի և արտադրական համալիրներով, գերեզմանոցներով և առանձին կանգնեցված խաչքարերով։ Ամրոցի հիմնադրման և պատմության վերաբերյալ գրավոր սկզբնաղբյուրները սակավաթիվ են։ Առաջին թվակիր աղբյուրը միջնաբերդի հարավարևմտյան աշտարակի վրա պահպանված արաբերեն արձանագրությունն է, որի համաձայն՝ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուր Շադդադյանը 1174 թվականի սեպտեմբերին հիմնում է այս շինությունը։

Եվս մի շփոթմունք կապված է ամրոցի շուրջ տարածվող միջնադարյան բնակատեղիի անվան հետ։ Տարածված է ամրոցն անվանել նաև Քաղենիի ամրոց։ Սա հիմնված է 10-րդ դարի պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցու հիշատակած այն իրադարձության հետ, երբ 8-րդ դարի վերջին քառորդում արաբների կողմից իրականացվում է հայերի դաժան կոտորածը, որը պատմության մեջ հայտնի է որպես Թալինի կոտորած. “Յաւուրս սորա եղև կոտորումն Քաղինոյ և Արենոյ և գիւղաքաղաքին Թալնայ, յորում սպանան ոգիք իբրև եօթն հարիւր և գերեցան հազար երկերիւր”։

undefined

Սովորողները ոգևորված շրջեցին Դաշտադեմի ամրոցի տարածքում, լուսանկարեցին իրենց հետաքրքրած տեսարաններն ու շինության հատվածները, ինչից հետո վերադարձանք երեք օրով հանգրվանած մեր տուն՝ Աշնակ։ Աշնակ վերադառնալուն պես մենք խորոված արեցինք, և դպրոցում դպրոցականների հետ միասին, մի սեղանի շուրջ նստած, համտեսեցինք այն։ Խոսքերն ավելորդ են համը բնութագրելու համար։ Ընթրիքին հաջորդեցին ազգային պարերն ու երգերը, որոնք մեծ շուքով ներկայացրին աշնակցիները։ Նաև դրանից առաջ տնօրենի տան բակում հասցրել էինք հետաքրքիր, արդիական զրույցներ կապել պատմությունից Պարոն Տիգրանյանի հետ։

Օր 3 / Հրաժեշտի հետ համակերպում Աշնակում, քայլք՝ Աշտարակում

Ահա և եկավ հրաժեշտի պահը։ Իսկապես, որ երեք օրերի ընթացքում մենք մտերմացանք աշնակցիների հետ, դարձանք իսկական հայ ընկերներ, ինչի համար հատկապես՝ ես շատ ուրախ եմ։ Մենք հրաժեշտ տվեցինք մեր նոր ընկերներին և հույս հայտնեցինք, որ նոյեմբերին կրթահամալիրում տեղի ունենալիք հարիսայի ծեսին նրանք անպայման ներկա կգտնվեն և կհամեմատեն մերը պատրաստածը Սասնո հարիսայի հետ։

Բայց սա էլ վերջը չէր։ Մենք դեռ կանգառներ ունեինք։ Այսպիսով՝ հասնելով Պերճ Պռոշյանի ծննդավայր Աշտարակ, մենք այցելեցինք վերջինիս թանգարանը, որը գտնվում էր քաղաքի սրտում։ Սովորողներին ներկայացվեց Պերճ Պռոշյանի, նույն ինքը Հովհաննես Տեր-Առաքելյանի կյանքը, կրթությունը, այնուհետև՝ գործունեությունը։ Սովորողները գոհ մնացին, որ կարողացան ճանաչել մեր մեծանուն գրողներից մեկին ավելի մոտիկից։

Թանգարանից հետո մենք քայլքով շրջեցինք Աշտարակ քաղաքում և այցելեցինք Սպիտակավոր, Ծիրանավոր և Կարմրավոր եկեղեցիները, որոնցից վերջինում և ամփոփեցինք և ավարտեցինք մեր եռօրյա ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներով և արկածներով հագեցած ճամփորդությունը։

Ամփոփում

Ահա և ավարտվեցին մեր օրերը չքնաղ Աշնակում։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գևորգ Չաուշի անվան դպրոցի տնօրեն Պրն․ Մարտիրոսյանին՝ իր գեղեցիկ ընտանյոք հանդերձ, խոհարար տիկ․ Նոնային, մեր նոր ընկերներին՝ իրենց ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։ Երբեք չեմ մոռանա այդ հրաշալի օրերը՝ քաղաքից մեկուսացված վայրում՝ ծառերի սաղարթներում կորած։ Նաև մեծագույն երախտագիտության խոսքեր եմ ցանկանում ասել մեր ուսուցիչներ Վարդան Կարապետյանին ու Աշոտ Տիգրանյանին՝ այս ուսումնահետազոտական սքանչելի ճամփորդությունը կազմակերպելու համար։ Շնորհակալություն ուշադրության համար․․․