Արհավիրքի ահասարսուռ օրերին Կոմիտասի ալեկոծ հոգին ելք էր փնտրում՝ հորդալով երաժշտական հնչյունների ու մեղեդու ձևով։ Հայ երգերի մեջ ամբարված դարավոր թախիծը, ողբը, մրմուռն ու կսկիծը կուտակվել էին նրա տանջալլուկ հոգում՝ պոռթկալու իբրև նոր աղոթք՝ նոր «Տեր ողորմյա»՝ հոգեհանգստի մեղեդի։ Աչքերի առջև սրախողող մարդիկ՝ գլուխները քարով ջախջախված, նահատակ մտավորականներ, չորսդին սփռված դիակներ, խեղանդամ մարմիններ․ նա ցավով ու տառապանքով ստեղծեց այդ «Տեր ողորմյան»՝ ողբերգական ելևէջներով լի ցնցող երգ՝ գրված Սիամանթոյի բառերով։ Նույնիսկ ծայրաստիճանի հուսահատական այդ օրերին Կոմիտասը հոգում կորով գտավ՝ երկնելու կենսաթրթիռ մի գլուխգործոց ևս՝ «Մշո պարը»՝ գրված դաշնամուրի համար։
Ինքն, ընկճված, ոգևորում էր շրջապատողներին։
Մենք՝ փրկվածներս, երկու կյանքով պիտի ապրենք․ առաջինը՝ մեզ համար, երկրորդը՝ նահատակների՝ կենդանի պահելու նպատակով նրանց իղձերը, անուրջները։ Վայ վհատվողին ու անհամբերին։

Բայց օրըստօրե հանճարեղ երաժշտահանի հոգեվիճակը վատթարանում էր։ Փաթաթված փարաջայով՝ նա լռելյայն ամփոփվում էր իր մեջ՝ անհաղորդ արտաքին անցուդարձին։ Օրերով փախչում էր տնից, պատսպարվում՝ մերթ այս մերթ մյուս ընկերոջ տանը՝ ծայրաստիճան ջղագրգիռ վիճակում կծկվելով որևէ անկյունում, ինքն իրեն ինչ-որ կցկտուր բառեր մրմնջալով և նախընտրելով մնալ մեն-մենակ։
Ցավով ըմբռնելով, որ Կոմիտասի ուղեղը մթագնված է, և որ հիվանդությունն անդարմանելի է, բարեկամները որոշեցին նրան փոխադրել հոգեբուժական հիվանդանոց։

Ըստ Վ․ Վարդանյանի