Թեմա ՝ Մոդայի գեղագիտական տարրը: Ազգային հագուստ: Էջ 23-25/այլ աղբյուրներ

  • Ինչով է տարբերվում ազգային հագուստը մոդայիկ հագուստից: Ներկայացրե՛ք հայկական ազգային հագուստի առանձնահատկությունները: Ըստ ձեզ ինչպես կարելի է ազգային հագուստը կիրառելի դարձնել մեր օրերում։

Ազգային հագուստը /տարազը/ տվյալ ազգի ներկայացուցիչների կողմից դարերի ընթացքում ընդունված զգեստների, գլխանոցների, ոտքերին հագցվող միջոցների և արդուզարդի ամբողջությունն է։ Ազգային հագուստը մոդայիկ հագուստից տարբերվում է պատմության, կարելու և հագնելու մշակույթով։ Սեղմ ասած՝ ազգային հագուստը տվյալ ազգի ներկայացուցիչների դարերի եկած մոդան է, որով նրանք ապրել են և որը մեզ են այսօր փոխանցել։

Եթե անկեղծ, ապա ես կարծում եմ, որ դարի փոփոխությամբ պայմանավորված, մարդիկ սկսել են ազգային տարազի կամ հագուստին վերաբերվել սիմվոլիկ, այսինքն՝ քանի որ կան տնային, դրսի, դպրոցի, աշխատանքի և այլ կենցաղային պայմանների ու գործառույթների համար առանձնացված հագուստներ, ապա ազգային հագուստի դերը մնում է, իրականում, որպես սիմվոլիկ։ Ազգային հագուստը մեր նախնիները օգտագործել են իրենց մշակույթը ցուցադրելիս։ Օրինակ՝ ազգային տարազով են մեր պապերն ու տատերը պարել ազգային երգեր /ինչն ի դեպ այսօր էլ են անում/։ Սակայն այստեղ չկա ազգային հագուստը հագնելու խնդիր, այստեղ կա ազգային հագուստի օգտագործման ըմբռնման խնդիր։ Յուրաքանչյուր ազգի համար իր ազգային հագուստը իր հարյուրամյակների ու հազարամյակների պատմության, մշակույթի, ապրելակերպի, արքուվաճառքի, արհեստների և այլնի միավորող ամբողջությունն է, գեղեցիկի ընկալման արացոլանքը։ Այդպիսով ազգերը տարբերվում են միմյանցից, այսինքն՝ պահպանում են իրենց ինքնատիպը, ինչպես նաև պատմությունը։

Հայկական ազգային տարազի առանձնահատկությունները։ Ինչպես նշված էր դասագրքում, համեմատաբար շոգ ու շուրջտարի բարձր ջերմաստիճան ունեցող երկրներում մարդիկ հագել են թեթև, կարելի է ասել, ամառային հագուստ, իսկ օրինակ՝ տայգայում կամ տունդրայում՝ մորթուց պատրաստված վերարկուներ, երկարաճիտ կոշիկներ և այլն։ Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ կլիմայական փոփոխություններից ելնելով, մարդիկ հագել են տարբեր հագուստներ, որոնք ապրելով բազում փոփոխություններ, գեղագիտական նախշերի ու կոմպոնենտների ավելացումներ, դարձել են ազգային հագուստ։ Ճիշտ է այն, որ թե՛ Երևանի և թե՛ Շատախի տարազները միմյանցից տարբերվում են։ Ճիշտ է նաև այն, որ համահայկական տարազների ամբողջություն չկա, այն բազմատեսակ ազգային հագուստների համալիրն է։ Որոշ դեպքերում կանայք կրել են գոգնոց, որոշներում՝ ոչ, ուրիշ դեպքերում տղամարդիկ կրել են թիկնոց, ուրիշներով՝ ոչ։ Այսինքն՝ հասկանում ենք, որ չկա մեկ համալիր, դրանք բազմազան են․ տարբերակում են Վասպուրականի, Գուգարքի, Բարձր Հայքի, Սյունիքի ու Արցախի տարազների համալիրները։ Հիմա տարբերենք հայ տղամարդու ու կնոջ տարազները։

Տղամարդկանց տարազ։ Տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար)։ Շապիկի օձիքը զարդարվում  էր ասեղնագործ գեղազարդերով: Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։ Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Հասարակական վայրում առանց չերքեզիի երևալը համարվում էր անընդունելի՝ նույնիսկ շոգ եղանակին: Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց:

Կանանց տարազ։ Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ (արձակ և ոչ արձակ), բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։ Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք, կարմիր և երկար շապիկի տակից` կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից։ Արևմտյան Հայաստանի կանացի զգեստները ձևով համարյա նույն էին, սակայն ունեին որոշակի տարբերություններ (շապիկը սպիտակ էր, օգտագործվում էր ասեղնագործությունը, պարտադիր ներկա էր գոգնոցը)։ Զարդարանքներից էին մանյակը, արծաթե ապարանջանը:

Ասեղնագործ բանվածքը, որը հատուկ էր կնոջ տարազին, բացի գեղագիտական գործառույթից ունեցել է մեկ այլ ու թերևս ավելի կարևոր՝ ծիսապաշտամունքային և պաշտպանական նշանակություն: Այդ բանվածքներին մոգական զորություն էր վերագրվում ու հավատում էին, որ դրանք կրողներն պաշտպանված էին չար, վնասաբեր ազդեցությունից: Այս գաղափարը կար նաև կանանց գլխաշորի վրա, որի գաղափարաբանությունը այն էր, որ կրողին այն պաշտպանում էր նույնիսկ ծոծրակի հատվածից:

Իսկ այն հարցին, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ազգային հագուստը դառնա կիրառելի մեր օրերում, կպատասխանեմ, որ պետք է փոխել հասարակության որոշ ստվար զանգվածի մենտալիտետը, ինչպես նաև ազգի, երկրի և ազգային ինքնատիպի ըմբռնման մտածելակերպը։ Ինչպես նշեցի վերևում, ազգային հագուստները, կարծես, սիմվոլիկ են դարձել։ Սիմվոլիկ են, քանի որ օգտագործվում են գրեթե միայն մեր տատիկների կողմից, ինչպես նաև մշակութային ուղղվածություն ունեցողների կողմից, օրինակ՝ երաժիշտներ, պարողներ, երգիչներ և այլն։ Եթե բարձրացվի ազգի սերն ու հարգանքի դեպի հայրենիքը, դեպի մեր նախնիների կողմից թողնված ժառանգությունը, ապա ազգը ազգային հագուստի մասին ավելի ճիշտ պատկերացումներ կունենա՝ այդպես պահպանելով ազգի պատմությունն ու յուրահատկությունը։

Հայ տղամարդկանց և կանանց ազգային տարազը բնութագրելու համար օգտվել եմ armgeo.am կայքից։

Հարցեր՝

  • Ի՞նչ է մոդան։

Մոդան ներկա դրությամբ արդիական, հասարակության կողմից գեղեցիկ և գրավիչ համարվող զարդերի, հագուստի, հագուկապի, վարքագծի, էթիկայի ամբողջությունն է։

  • Ի՞նչ է նշանակում մոդայիկ լինել։

Ներկայումս այն նշանակում է լինել ժամանակակից, այսինքն՝ ժամանակից հետ չընկնել։ Մոդայիկ են այն մարդիկ, ովքեր հասարակության մեծամասնության աչքերում իրենց հագուստով տարբերվում են, ստեղծում են իրենց բնորոշ որոշակի ճյուղ (որն իհարկե հետագայում կարող է դառնալ հայտնի)։

  • Արդյո՞ք գեղեցիկ է այն ինչ մոդայիկ է։

Միանշանակ ոչ։ Կան իրեր, որոնք առաջին հայացքից մոդայիկ են, սակայն, որ խորանում ես, հասկանում ես, թե ինչքան անպետք են դրանք։ Օրինակ վերջերս տեսել էի գովազդ մի շատ հայտնի ֆիրմայի կողմից, որը առաջարկում էր ականջօղներ պտուտակի տեսքով։ Կամ էլ մեկ այլ օրինակ՝ սրբիչ՝ որպես կիսաշրջազգեստ։ Մոդան այսօր ունի առավել քան լայն հասկացություն։

  • Երբևէ փորձե՞լ եք ձեր ոճին հակասելով լինել մոդայիկ։

Մեկ-մեկ։ Շատ են լինում դեպքեր, երբ պետք է հասարակության մեծամասնության աչքին լինես հավասար, մոդայիկ, որպեսզի նրանք ունենան քեզ հետ խոսելու թեմա, միտում։ Սակայն չեմ չարաշահում դրանով, ես միշտ փորձում եմ լինել իմ ոճով, ինչքան էլ, որ դա դուր չի գալիս մոտիկներին, ընկերներին կամ հասարակությանը։

  • Ինչո՞վ է տարբերվում ազգային հագուստը մոդայիկ հագուստից։

Շատ քննարկումների ժամանակ պատասխանել եմ, որ «պատմությամբ», ինչու ոչ նաև կրելու իմաստով։ Ազգային հագուստը տվյալ ազգի կամ ժողովրդի դարերով եկած մշակույթն է, որտեղ արտացոլված են հենց այդ ազգին բնորոշ երևույթները (զարդերը, մանրանկարները, խորհրդանիշները)։ Տարբերվում է նաև կրելու իմաստով։ Այսօր ազգային հագուստն ավելի շատ «հնություն» կհամարեն մարդիկ, քան թե առօրյայում կրելու հագուստ։

  • Ի՞նչ է ազգային հագուստը։

Ազգային հագուստը /տարազը/ տվյալ ազգի ներկայացուցիչների կողմից դարերի ընթացքում ընդունված զգեստների, գլխանոցների, ոտքերին հագցվող միջոցների և արդուզարդի ամբողջությունն է։

  • Ներկայացրե՛ք ձեր կողմից ուշադրության արժանացած որևէ ազգային հագուստ և փորձեք նկարագրել դրա նշանակությունը։

Նկարագրված է վերոնշյալում։