Վերլուծություն՝
Պատմվածքը գնահատեցի այն պատճառով, որ իրական էր, այսինքն՝ մարդը հեշտ կհավատա, որ նման դեպք է եղել։ Ես, անկեղծ ասած, սիրում եմ այնպիսի հեղինակների, ովքեր իրենց խոսքը ցանկանում են գործով, այս դեպքում՝ պատմվածքով, օրինակով ցույց տալ, ապացուցել։ Վանո Սիրադեղյանը այն եզակի հեղինակներից է, ով ամեն ինչ ուղիղ էր ասում, քիչ էր ակնարկներ անում, իր պատմվածքներում դեպքերը հազվադեպ էր ուրճացնում, չափազանցնում։ Այս պատմվածքը դրանցից մեկն է, որը, կարծես, մեր մասին է։ Իսկապես, այն ընթերցելիս՝ ես մի պահ խորացա և հիշեցի, որ անցյալում նման դեպքեր ունեցել եմ՝ մի քիչ ավելի մեղմ վերաբերմունքով, իհարկե։ Այս պատմվածքը յուրօրինակ է, քանի որ բոլորս գրեթե սկզբից մինչև վերջ հասկանում ենք գործողությունների ժամանակագրությունն ու հերթականությունը։ Չնայած՝ կարծում եմ, որ այստեղ ևս կա ենթատեքստ։ Վանո Սիրադեղյանը, անշուշտ, պետական և քաղաքական իր գործունեության ընթացքում մեծ դեր է ունեցել և հիմա էլ նրա ժառանգությունն արդի տեղ ունի, այդ իսկ պատճառով, ընթերցելով այս պատմվածքը, ենթատեքստը կապեցի հայրենիքի, այնուհետև՝ ժողովրդի հետ։
Սա սովորական նկարագրված իրավիճակ էր․ երեխան շուտ էր դպրոց եկել, նա մրսում էր, սառում, սակայն գործողությունների չէր դիմում, այսինքն՝ անօգուտ էր։ Մտածում եմ, որ ավագի ու պահակի դերը այստեղ կարող ենք լինել մենք, հայերս, ժողովուրդը։ Ինչու՞։ Քանի որ մենք մինչև վերջ չգիտակցելով, թե ինչպիսի բարդ ճանապարհ է անցել երեխան՝ շների հաչոցներից ու ձյան տակ մնալուց խուսափելով։ Մենք մինչև վերջ չենք հասկանում, թե այսօրվա մերը ինչու՞ են ուրիշները իրենցով անում։ Մեկ-մեկ ինձ էլ է թվում, որ անընդհատ ենթատեքստ եմ փնտրում նույնիսկ ամենատարրական պատմվածքներում։ Բայց ոչ, այս դեպքում միանշանակ ոչ, քանի որ պատմվածքի հեղինակը Վանո Սիրադեղյանն է, իսկ նա վստահաբար կփորձեր այս ամենը կապել իրականության հետ։
Մենք անընդհատ տենչում ենք ունենալ անսահման իշխանություն։ Պահակն ու ավագը ցույց տվեցին, թե ինչի կարող է վերածվել իշխանությունը, երբ երեխան (հայրենիքը) նրա օգնության կարիքը ունենա։ Եվ այս դեպքում իշխանությունը դիտարկենք որպես ժողովուրդ։ Ժողովուրդը ներս չթողեց հայրենիքին, ասելով, մի քիչ էլ սպասի, հետո կգաս, իսկ ավագը նրա վրա ընդամենը բարկացավ։ Դա մենք ենք, ովքեր ձգտելով հասնել համաշխարհայնության և միջազգայնության մոռանում ենք սեփական հայրենիքի մասին։ Հիշում ենք այն, երբ հայրենասիրությունն է զարթնում մեր մեջ։
Նույն ձև կարող ենք համեմատել նաև ժողովրդին՝ նրա տարբեր խավերին։ Ավագն ու պահակը ավելի փորձառու, ավելի մասնագիտացված և իրենց ապահով կյանք ստեղծած անձնավորություններ են, ովքեր ունեն որոշակի դեր, սակայն կամ չեն կարողանում կամ չեն ցանկանում օգնել մյուսներին (երեխաներին), ովքեր իրենցից պակաս ճանապարհ չեն անցել՝ իրենց տարիքի համեմատ։
Երեխայի երգած երգը վերջին ճիչն էր, թունելի վերջի լույսը, որով նա ձգտում էր տաքանալ, այսինքն՝ մոռացության չմատնվել։ Երեխան առաջին հայացքից ուներ պարզ տրամաբանություն, նա միամիտ էր, սակայն նրա գործողությունները մեծահասակի վարքագիծ էին։ Երգելը ինքն իրենով արդեն լուծում էր, լուծում, որն ըստ երեխայի կարող էր իրեն փրկել, տաքացնել։ Այդ երեխան էլ մենք ենք դժվար ժամանակներում, երբ պետք է համախմբվել։ Այդժամ մենք կանգնում ենք մեկս մյուսի կողքին և երգ երգելով՝ փորձում հաղթահարել ճակատագրի կողմից ևս մի ուղարկված աղետը։
Նմանություններն ու բերված օրինակները կարող են թվալ անհեթեթություն, սակայն իրականությունն է այդպես դասավորված և այդպես ընթանում։ Միգուցե պատմվածքը իրոք տարրական էր, փոքրերի համար, միգուցե ես եմ մի քիչ խորացել, սխալ հունով ընթացել։ Բայց, միևնույնն է, կարծում եմ, որ նման տեսարանները, պատմվածքները, այն էլ՝ գրված Վանո Սիրադեղյանի կողմից, պետք է դիտարկել մասշտաբային։ Եթե նա գրել է անհատների տեսանկյունից, ապա նա ի նկատի չի ունեցել անհատներին։ Այսպիսի պատմվածքներին պետք է նայել ավելի խորը՝ ենթատեքստը հասկանալով և հաշվի առնելով։ Այս պատմվածքը կարելի է տարբեր ձևերով բնութագրել, վերլուծել։ Ես հասկանում եմ սա որպես կոչ հանրությանը՝ հանդուրժելու միմյանց, չտարակուսելու միմյանց հետ առերեսվելուց, խոսելուց, հարաբերվելուց։ Ես սա հասկանում եմ, որ բոլորը պետք է հավասար լինեն։ Երեխային կարող էին ներս մտցնել, նա այդ սառնամանիքին հերիք չէ եկել է դպրոց, մի հատ էլ՝ չեն թողնում, որ մտնի ներս։ Դա ցույց է տալիս նաև մեր աշխարհընկալումները, մարդկային փոխհարաբերություններում մեր պատկերացումները, հաճախ՝ սխալ։ Առաջարկում եմ դուք ևս ընթերցեք, քանի որ ենթատեքստն ու պատմվածքի բուն ըմբռնումը որոշիչ դերեր են խաղում։ Շնորհակալություն ուշադրության համար․․․
Պատմվածքը ընթերցե՛ք այստեղ