Միշտ չէ, որ հնարավոր է ստույգ ասել, թե պատկերները արդյոք նույնն են, նման են, թե հավասար։ Դրա համար հաճախ մենք դիմում ենք հավելյալ գործիքների, որպեսզի պարզենք թե՛ խոսքերի և թե՛ չափումների ճշմարտացիությունը։ Ստորև ներկայացնում ենք «Ես եմ իմ ուսուցիչը» նախագծի ենթագլուխ «Եռանկյունների հավասարության և նմանության հայտանիշները»։
Եռանկյունների հավասարության հայտանիշները
I հայտանիշ․ Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանցով կազմված անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանցով կազմված անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:

II հայտանիշ․ Եթե մի եռանկյան կողմն ու նրան առընթեր երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր երկու անկյուններին, ապա այդ եռանկյունները հավասար են:

III հայտանիշ․ Եթե մի եռանկյան երեք կողմերը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա այդ եռանկյունները հավասար են:

Եռանկյունների նմանության հայտանիշները
Միշտ չէ նաև, որ եռանկյունները հավասար են․ կարող են պատահել դեպքեր, երբ երկու կողմերը համապատասխանաբար հավասար լինեն, սակայն երրորդ կողմը՝ ոչ։ Ուստի ունենք նաև եռանկյունների նմանության հայտանիշներ, որոնցով մենք պարզում ենք, եռանկյունները իրար նման են, թե՝ ոչ։
I հայտանիշ. Եթե մի եռանկյան երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու անկյուններին, ապա եռանկյունները նման են:

II հայտանիշ․ Եթե մի եռանկյան երկու կողմերը համեմատական են մյուս եռանկյան երկու կողմերին, իսկ այդ կողմերով կազմված անկյունները հավասար են, ապա եռանկյունները նման են:

III հայտանիշ․ Եթե մի եռանկյան երեք կողմերը համեմատական են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա եռանկյունները նման են:

Հիշել․ Խնդիրներ լուծելիս, սկզբում պետք է համոզվել, որ տրված եռանկյունները նման են: Եթե եռանկյունների նմանությունը տրված չէ, ապա դա պետք է ապացուցել: