Գրականության դասաժամերին մենք արդեն երկրորդ անգամ իրականացնում ենք «Իմ հերոսը» կամ «Իմ ազդեցիկը» նախագիծը, որն, ըստ էության, բացահայտում է սովորողների թե՛ խոսելու և թե՛ ճիշտ համեմատականներ տանելու հմտությունները։ Նախորդ անգամ «իմ հերոսը» Կարեն Դեմիրճյանն էր, հայրենասեր մի անձնավորություն, որին մինչև հիմա էլ ազգի մի ճնշող մաս հարգում է և նույնիսկ պաշտում։ Հիմա ես խոսելու եմ արդեն իմ արյունակից հերոսի և ազդեցիկի՝ պապիկիս մասին։

Կենսագրական փոքր ակնարկ

Նախ, առաջարկում եմ ծանոթանանք իմ պապիկի՝ Ժան Քելեշյանի հետ։ Նա ծնվել է 1949թ․ հունիսի 10-ին․ Արշավիր Քելեշյանի և Լալա (Լենա) Մխիթարյանի առաջնեկն էր։ Նրանք երեք եղբայր են․ Ժան, Ռոլանդ, Ռոմիկ։ Երեքն էլ ակտիվորեն մասնակցել են հայրենիքի պաշտպանման գործընթացին, քաջարիաբար մարտնչել են կռվի դաշտում, ցավոք, եղբայրներից միայն Ռոմիկն է ողջ։ Ժանն 1970-ականների սկզբից մինչև 1980-ականների սկզբերը աշխատել է Երևանի անվադողերի գործարանում (ԵԱԳ), այնուհետև մինչև 1996 թվականը՝ որպես հանրակացարանների վարիչ։

Նրանց ավելի լավ ճանաչելու համար առաջարկում եմ դիտել այս հոլովակները․ 1, 2, 3, 4, 5

Ախպերս ու ես» երգը գրվել է 1993 թվականին, Մարտունու մերձակայքի կատաղի  մարտից անմիջապես առաջ՝ խրամատում (տեսանյութ)(լուսանկարներ)

Ես, ցավոք, պապիկիս չեմ տեսել, նա վաղ տարիքում է կյանքից հեռացել՝ 47 տարեկանում։ Չնայած որ ես իմ պապիկին չեմ տեսել, չեմ ունեցել այն հնարավորությունը նրա հետ խոսելու, նրան անձնապես ճանաչելու, սակայն ես լսելով նրա մասին մայրիկիցս և ազգականներից՝ կամա փորձել եմ ինձ կապել նրա հետ և գտնել որոշակի նմանություններ երկուսիս բնավորության մեջ։ Դե, ըստ երևույթի, արտաքինում ևս կան որոշ նմանություններ։ Փորձեմ կարճ վերլուծել մեր ընդհանուր բնավորության գծերը։

Այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես էր առաջին ուսուցչուհիս միշտ շատ զարմացած մնում իմ՝ այդքան փոքր տարիքում դաստիարակության և քաղաքավարիության դրսևորումներից, ասելով, որ դրանք գենետիկորեն են իմ մեջ ձևավորված։ Դրանից հետո, չնայած, որ ես փոքր էր, փորձում էին ինքս իմ մեջ հասկանալ, վերլուծել, թե ինչ կարող էր նշանակել ուսուցչուհուս այդ արտահայտությունը և ում նա կարող էր ակնարկել այդ պահին։ Եվ իհարկե, ոչ շատ երկար մտորումների արդյունքում՝ հասկացա, որ դա միանշանակ կապվում էր պապիկիս հետ։ Ընդգծեմ այն բնավորության գծերը, որոնք արտացոլվել են իմ մեջ։

  1. Վերլուծական միտք
  2. Հայրենասիրություն
  3. Նվիրվածություն
  4. Աշխատասիրություն
  5. Արդարամտություն
  6. Ազնվություն
  7. Անձնական և գործնական բարձր պատասխանատվության զգացում
  8. Համախմբելու կարողություն
  9. Կազմակերպչական ձիրք

Այս ամենը, իմ սուբյեկտիվ կարծիքով, այն դեռ մի փոքր մասն է կազմում ընդհանուր բոլոր գծերի։ Գիտեք, լինում են դեպքեր, երբ մարդիկ զգում են ինչ-որ մեկի ներկայությունն իրենց կողքին։ Ես բացառություն չեմ, նույն զգացումը նաև ես եմ ունեցել։ Չեմ կարող հստակորեն ասել, որ դա Նա էր՝ պապիկս։ Նրա ներկայությունից հետո միայն հետևանքների հերթականության արդյունքում եմ ես դա հասկացել։ Ես նրան պատկերացնում եմ վերոնշյալ գրեթե բոլոր կետերը ապրելիս։ Եվ ես միշտ փորձում եմ իմ գործողությունները կապել նրա հետ, փորձում եմ ինքս իմ մեջ հասկանալ՝ եթե պապիկը ողջ լիներ, ապա ինչպես կաներ այս գործողությունը, խնդիրը որ տեսանկյունից կդիտարկեր և ինչ տեսակի լուծում կտար։