«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամեն տարի, ուսումնական օրացույցով հաստատված, անցկացվում են «Սիրադեղյանական օրեր»՝ նվիրված հասարակական-քաղաքական գործիչ, գրող, քաղաքացի Վանո Սիրադեղյանին։

Այսօր՝ նոյեմբերի 10-ին Մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանի գլխավորությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի Հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիայում հրավիրված հյուրերի՝ «Վանո Սիրադեղյան» հիմնադրամի հոգաբարձուների նախագահ Մանուկ Նիգոյանի և Վանո Սիրադեղյանի որդի՝ Խաչատուր Սիրադեղյանի հետ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որի շրջանակներում շոշափվեցին արդի թեմաներ։

Նախապատրաստական աշխատանքներին հետևեք հղումներով․ 1, 2

Հանդիպման օրակարգային հարցերն էին․

  • Վանո Սիրադեղյանը ժամանակակից արձակագիր, ընթերցումներ
  • Սիրադեղյանի գրականությունն ու մերօրյա իրականությունը․ սովորողների կարծիքները
  • Սիրադեղյանի մտքերից

Հանդիպման ընթացք

Հյուրերի ժամանումից և տեղավորումից հետո սկսվեց մեր հանդիպում-քննարկումը, որը վարում էր Ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սեդա Ստեփանյանը։ Սկզբից վարողը ներկայացրեց հյուրերին, այնուհետև՝ քննարկման իմաստն ու արդիականությունը։ Սովորողները ոգևորված լսում էին հյուրերին, որոնք կիսվում էին իրենց կարծիքներով ու տպավորություններով։ Ոչ պակաս ոգևորված էին նաև կրթահամալիրի բարեկամ հյուրերը՝ Մանուկ Նիգոյանն ու Խաչատուր Սիրադեղյանը։ Նրանք նույնպես կարևորեցին այսօրվա հանդիպման նշանակությունը, ինչպես նաև Վանո Սիրադեղյանի գրականության ուսումնասիրելն ու վերլուծելը։

Ընդհանուր առմամբ հանդիպումը ստացվեց բազմաբովանդակ, շոշափվեցին թե՛ օրակարգային, թե՛ օրակարգից դուրս հարցեր և թեմաներ։ Հրավիրվածները տպավորված էին սովորողներով և նրանց կողմից Մեծն արձակագրի պատմվածքների ու հրապարակախոսական հոդվածների վերլուծություններով։

Մի խոսքով՝ ունեցանք հետաքրքիր հանդիպում-քննարկում։ Չնայած որ հանդիպումը կարճ տևեց, հրավիրվածները կարողացան պատասխանել սովորողներին հուզող որոշ հարցերին։ Շնորհակալություն ուշադրության համար․․․