“Կնոջ մասին մի գրող շատ ճիշտ բան է ասել։
Ասում է՝ կինը նման է Պիզայի աշտարակին, ծռվում է դեպի քեզ, բայց հեշտությամբ չի փուլ գալիս վրադ։ Բայց ճիշտ է նաև այն, որ եթե մի անգամ փուլ եկավ վրադ, էլ հավիտյանս դուրս չես գա տակիցը՝ կյանքդ կխորտակվի”։
Վերլուծություն։ Մտքի շատ հետաքրքիր մատուցում էր սա։ Եթե անկեղծ, կանանց դերի մասին բավականին տեղեկացված եմ, չեմ առարկում այն, որ նրանց նշանակությունը մեր կյանքում մեծ է։ Լեռ Կամսարի հետևյալ օրինակը բնավորության մասին է։ Այսինքն՝ այո, կանայք միգուցեև նման են Պիզայի աշտարակին․ թեքված են, բայց ոչ ընկած։ Եթե միտքը փորձենք ճիշտ դասավորել և շարունակել, ապա տղամարդիկ կարող են հանդես գալ որպես ոչ ամուր հիմքով շինություններ, որոնք վեհ վեր են խոյանում, սակայն ամենափոքր շարժումից և գործողությունից կարող են փուլ գալ։ Ըստ էության, այս երկու օրինակները մարդկային բնավորության մասին են։ Տղամարդ կա, կարող է ունենալ ավելի ակնհայտ կանացի բնավորության գիծ, կա և կին, ում մոտ ավելի վառ են արտահայտված տղամարդու բնավորության հատկանիշները։
Ինչպես դերասանը չի կարող բեմ բարձրանալ իր սեփական շորով ու սեփական դեմքով, այնպես էլ գրողը չի կարող Հայաստանի գրողների շարքը մտնել իր սեփական ճաշակով, սեփական համոզմունքով ու սեփական լեզվով։ Անմիջապես քեզ կուլիս քարշ կտան, նոր լեզու կդնեն բերանդ ու բեմը կհրեն ասելու այն, ինչ «հուշարարը» ականջիդ կշշնջա։
Իսկ այս՝ ռուսերեն ասվում է «խոսքի ազատություն»…
Վերլուծություն։ Մեր ժամանակներում վերոնշյալ խոսքերը ևս արդիական են։ 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի կեսերն ապրած այս գրողը ճիշտ գնահատականներ և դիտարկումներ է անում։ Մեր 20-րդ և 21-րդ դարի հեքիաթագիրները, գրողները, բանաստեղծները բոլորը բոլորից ինչ-որ բանով տարբերվում են։ Մեկը գրում է սիրո մասին, մյուսը՝ մարդ-բնություն կապի, մյուսը՝ ռոմանտիզմի, մյուսը՝ երկրի, հայրենիքի, պետության, մեկ ուրիշն էլ՝ ընտանիքի մասին։ Եվ հենց սրանով են իրարից տարբերվում գրողները։ Ամեն մեկն ունի իր ուղղությունը, իր սկզբունքը։ Եվ եթե անկեղծանամ, ապա դա տենց էլ պետք է լինի և պահպանվի, քանի որ մարդուն հետաքրքիր է ընթերցել կամ ծանոթանալ այնպիսի ստեղծագործության հետ, որի մասին նա գաղափար չունի, բայց գիտի, որ այն մեր ժամանակներում նորություն է, նոր ժանրից է։ Իսկ ինչ վերաբերվում է երկրորդ արտահայտած մտքին, ապա ևս որոշ չափով համաձայն եմ։ Այն մարդն, ով ցանկացել է ասել ճշմարտությունը, այդ ամենը փորձելով զետեղել իր ստեղծագործությունների մեջ, վաղ թե ուշ արժանացել է մասսայական նվաստացման, նրան փորձել են խայտառակել, ստորացնել, անպատվել։ Մեկ այլ լուծումն էլ եղել է «դիմակային խաղը», երբ կուլիսների հետևում կանգնածը թելադրել է, իսկ բեմում հանդես եկողը՝ արտասանել։
Հայերը զարմանալի բազմածին ազգ մը եղած են, օրական միջին թվով ծնած են մեկ մանուկ, երկու միություն և կուսակցություն։
Վերլուծություն։ Գնահատեցի մեջբերման ետին քմծիծաղը, ծաղրանքը։ Այս մտքի հետ լիովին եմ համաձայն։ Մենք երևի թե ամենաեզակի ազգն ենք, որ իսկապես մեկ օրում ծնում է մի քանի երեխա, մի քանի կուսակցություն, դաշինք և միություն։ Եթե պնդմանը նայենք թվերով, ապա ներկայիս Հայաստանում գործում է մոտավորապես 130 կուսակցություն, որից ընդամենը 5-ին ենք մենք քիչ, թե շատ ծանոթ։ Այն մնացած 125 կուսակցությունները երևի թե ստեղծված են միայն ընտրություններին մասնակցելու, դրանցում պարտվելու, ձայն չհավաքելու, հետո մի քանի տարի սպասելու՝ մյուս ընտրություններին մասնակցելու համար։ Եվ սա է այսօրվա իրականությունը։ Նույնիսկ Միացյալ Նահանգների պես գերտերությունում համարյա միշտ եղել է երկու՝ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություն։ Իսկ մեզ մոտ մի կուսակցությունն նույնիսկ ունի մի քանի անվանումներ։ Եվ գիտեք, սա դժբախտություն է, քանի որ նման կուսակցությունների միջև տարաձայնությունները, որոնք հետո հանգեցնում են սրման, ներքին անկարգությունների հրահրման հիմնական պատճառն են։ Կուսակցություն ստեղծելը մեր իրավունքն է, բայց և պետք է հաշվի առնենք, որ կուսակցությունը թղթի վրա չի միայն, այն պետք է գործի ի բարօրություն պետության և հասարակության, այլ ոչ թե ՝ ընդհակառակը։ Եվ այս ամբողջի միասնական միտքը հենց Լեռ Կամսարի այս մեջբերումն էր։
Մեջբերումներն արվել են Anunner.com կայքից։