Այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ քննարկում-բանավեճ, որին մասնակցում էին Ավագ դպրոցի պատմության ընտրությամբ խմբի 10-րդ և 11-րդ դասարանի աշակերտները, պատմության և հասարակագիտության ուսուցիչները, հրավիրված հյուրեր Արամ Մանուկյանը, Մանուկ Նիգոյանը և այլ հետաքրքրված անձինք։
Քննարկում-բանավեճի մանրամասներին կարող եք ծանոթանալ հղմամբ․
Մինչ քննարկում-բանավեճին անցնելը Ավագ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցիչներ Սամվել Թամազյանն ու Վարդան Կարապետյանը ներկայացրին ընթացքը, ինչպես նաև կլոր սեղանի իմաստը։



Այնուհետև սովորողները ընթերցեցին և միաժամանակ վերլուծեցին հավանած հոդվածներից մեջբերումներ և մտքեր, որոնց հիման վրա ծավալվեց հետաքրքիր ու բազմաբովանդակ քննարկում։ Մանուկ Նիգոյանն ու Արամ Մանուկյանը ներկայացված մեջբերումները վերլուծելիս՝ փորձեցին նաև վերլուծել Վանո Սիրադեղյանին որպես գեղարվեստական ոճի գրող, արձակագիր, ում իրենք անձնապես ճանաչում էին։ Ընդհանուր առմամբ այս ձևաչափը կարևոր էր, քանի որ սա, կարծես, «նախապատրաստում» էր բանավեճի, որը տեղի էր ունենալու ակնթարթներ անց։
Քանի որ նախնական ֆորմատը որոշվել էր, որ լինելու է բանավեճը, ուստի մենք, երկու թիմ կազմելով, նախապատրաստական աշխատանքներ էինք տարել այս ուղղությամբ։ «Կողմ» և «դեմ» թիմերի միջև սկսվեց բանավեճ, երբ «դեմ» թիմի մասնակիցները պնդումներ և հարցեր հնչեցրին «կողմին»։ Բանավեճի էթիկան, միանշանակ, ցանկանում էինք որոշակի չափով պահել, բայց քանի որ բոլորն ոգևորված էին և առաջին անգամ էին մասնակցում այսպիսի ձևաչափին, այդպիսի մշակույթ ստեղծելն ու հենց այնտեղ պահելը մեզ համար փոքր-ինչ դժվար առաջադրանք եղավ։ Բայց մենք չհուսահատվեցինք, քանի որ կարողացանք մեր բառերով և պնդումներով պաշտպանել սեփական տեսակետներն ու դիրքորոշումները։ Ըստ էության, այս կլոր սեղանի շրջանակներում մենք ավելի լայն ու ծավալուն թեմաներ շոշափեցինք, քան միայն Վանո Սիրադեղյանին՝ որպես արձակագիր։ Մենք անդրադարձանք Վանոյի ժամանակվա պետական և քաղաքական գործիչներին, նրանց գործունեությանը, փորձեցինք զուգահեռներ տանել երեկվա և այսօրվա իրականությունների միջև, և ես պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ դա մեզ մոտ հաջողվեց։
Կարևոր էր այն, որ քննարկում-բանավեճին մասնակցում էին նաև ուսուցիչները, որոնք ևս ակտիվ իրենց դիրքորոշումն ու կարծիքն էին հայտնում հնչեցրած մտքերի նկատմամբ։ Արամ Մանուկյանն իր հերթին պատմեց իր և Վանոյի փոխհարաբերությունների մասին, թե՛ անձնական և թե՛ քաղաքական կյանքում։ Պատմեց, թե ինչպիսի քննարկումներ են նրանք ունեցել, Վանոն ինչպիսի կերպար է եղել։ Սովորողները տպավորված լսում էին, իրենց հուզող հարցերը տալիս հյուրերին և ուսուցիչներին և ստանում ոչ պակաս հետաքրքիր պատասխաններ։ Այսպիսինն էր մեր երկար սպասված կլոր սեղան քննարկում-բանավեճը։ Շնորհակալություն ուշադրության համար․․․















