Այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի Հասարակական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիայում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որի հիմնական և առանցքային թեման էր «Իրանի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում»։
Սեբաստացու օրերի շրջանակում հասարակագիտական լաբորատորիան նախաձեռնել էր ուսումնական բաց պարապմունք-քննարկում ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ, որին մասնակցում էին 12-րդ, 11-րդ, 10-րդ և 9-րդ դասարանների աշակերտներ, այլ հետաքրքրվող անձինք։

Հանդիպման նախապատրաստական աշխատանքների և մանրամասների հետ կարող եք ծանոթանալ պատմության ուսուցիչ Լևոն Միրզոյանի բլոգում։
Սկզբից նախաձեռնող ուսուցիչները հանդես եկան կարճ ելույթներով, որոնց ժամանակ ներկայացրին հանդիպում-քննարկման կարևորությունն ու նշանակությունը այսպիսի բարդ ժամանակաշրջանում, որից հետո իրանագետն անցավ բուն թեմային։ Իրանագետն իր ելույթը սկսեց հին ժամանակներից, պատմելով, թե ինչպես է Աքեմենյան և Սասանյան Պարսկաստանը իր քաղաքականությունը դասավորել Մերձավոր Արևելքում՝ ի շահ իրեն։ Մեզ քարտեզով հստակ ցուցադրվեցին տեղանքներ և տարածաշրջաններ, որտեղ պահպանվել և պահպանվում են իրանական արմատները, իրանական անցյալը (Աֆղանստան, Պակիստանի հարավ, Տաջիկստան, Արաբական թերակղզի)։
Խոսելով տարածաշրջանային կոնֆլիկտի և խաղաղության օրակարգի մասին՝ իրանագետը նշեց, որ Իրանի սկզբունքն է հարաբերություններ ունենալ բոլոր հարևանների հետ։ Այդ կապակցությամբ ես հարց հնչեցրի, որն ընթերցեք ստորև։
«Դուք նշեցիք բոլոր հարևանների հետ հարաբերություններ ունենալու մասին Իրանի սկզբունքը։ Այս կոնտեքստում խորհրդանշական են Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները։ Կնշեք, թե ներկայումս ինչպես է այդ սկզբունքը գործում Ադրբեջանի հետ, երբ վերջինս հայտարարում է, որ Իրանի հյուսիսային հատվածը Հարավային Ադրբեջան է, այնտեղ ապրող բնակչությունն էլ ադրբեջանցիներ են»։
Իրանագետի պատասխանից և ներկայում ստեղծված իրավիճակից ես եզրակացեցի հետևյալը․
Իրանում փակվել է Ադրբեջանի դեսպանատունը և մինչև հիմա էլ չի բացվել։ Ադրբեջանը թշնամական պետություն է Իրանի համար, սեղմ ասած, պլացդարմ։ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարում է, որ պետք է պարզապես գրավել Ադրբեջանը։ Գեներալները պնդում են՝ ոչնչացնել, դիվանագետները՝ համագործակցել։ Իրանը փորձում է խոսքերով սպառնալ, քանի որ հասկանում և հաշվարկում է պատճառահետևանքային կապերը։ Շատ պարզ «Որ երկիրն ունի իսրայելական որոշակի ազդեցություն ենթակա է ռմբակոծման» խոսքով և թեզով Իրանի ղեկավարությունը ընդգծում է (ակնարկում) Ադրբեջանի նկատմամբ ոչ շատ բարիդրացիական տրամադրվածության մասին։
Ինչ վերաբերվում է լեզվին։ Իրանի հյուսիսային հատվածում դարեր առաջ խոսում էին ազարի լեզվով՝ իրանական «լեզվաընտանիքի» հյուսիսային ճյուղերից մեկով, սակայն թյուրքերի գալով իրավիճակը փոխվել էր։ Գյուղացիները այդժամ, ցանկանալով խոսել գյուղապետի հետ, նրա հետ հարաբերվում էին թուրքերենով։ Նույնիսկ կենցաղային հոգսերի ընթացքում նրանք օգտագործում էին թուրքերենը։
Այսինքն՝ ես հետևյալ պատասխանից ընկալեցի այն, որ Իրանի քաղաքականությունը Ադրբեջանի հանդեպ բաժանված է երկու մասի․ զսպողական և սպառնողական։ Զսպողական դիրք են գրավել դիվանագետները, պետության առաջնորդները, իսկ սպառնողականը՝ ռազմական ղեկավարները։ Իրանի քաղաքականությունը Ադրբեջանի հանդեպ շատ բազմաշերտ է, ոչ այնքան թափանցիկ, ինչքան Հայաստանի հանդեպ, ուստի հարյուր տոկոսանոց ճիշտ բացահայտումներ և վերլուծություններ չի ստացվի անել։

Ամփոփում՝
Ընդհանրապես՝ Իրանից խոսելիս անպայման պետք է հիշել ոչ միայն նրա պատմությունն ու մշակույթը, այլև՝ աշխարհագրությունը։ Իրանը այնպիսի պետություն է, որ կարող է թելադրել, և ում հետ հաշվի են նստում շատ աշխարհիկ գերտերություններ։ Պարսկական ծոցում, Արաբական թերակղզում, Մերձավոր Արևելքում և այլ շատ ու շատ կարևոր տարածաշրջաններում կա և կմնա իրանական ազդեցությունը։ Եթե փորձենք մեկ խոսքով բնութագրել, ապա «չկան մշտական բարեկամներ, կան մշտական շահեր», ինչի վառ օրինակ է իբրև իմամ Ալիի համար աֆղանցի շիաներին Յեմենում զոհելու իրանական պնդումը։ Իսկ հանդիպումը անցավ փայլուն, ես շատ նոր գիտելիքներ և տեղեկություններ ստացա, որոնք որոշակի չափով ազդեցին իմ՝ Իրանի քաղաքականության նկատմամբ ունեցած քիչ, թե շատ հստակ դիրքորոշման վրա։ Շնորհակալություն ուշադրության համար․․․