Լեռնային Ղարաբաղ. հակամարտության պատմություն (rbc.ru)

Այս երեք տարիների ընթացքում զինված բախումների արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել ևս մի քանի տարածքներ թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանում։ 2022 թվականի դեկտեմբերից Ղարաբաղը փաստացի գտնվում է շրջափակման մեջ։ Հայաստանը Ղարաբաղի հետ կապող միակ ճանապարհին՝ Լաչինի միջանցքում, տեղադրվել է ադրբեջանական անցակետ։ Ըստ Բաքվի, դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Հայաստանը Պրահայում և Սոչիում վերջին հանդիպումների ժամանակ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, համապատասխանաբար, Բաքուն իրավունք ունի այնտեղ գործել իր հայեցողությամբ։ Ռուսաստանի ներկայացուցիչները նշել են, որ դա նախատեսված չէ 2020թ. համաձայնագրով։

Ինչպես այս, այնպես էլ մյուս ռուսական լրատվամիջոցները պնդում են, որ ՀՀ վարչապետի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո ռուսական կողմն այլևս բան չունի անելու, կոպիտ ասած՝ մի քանի հայտարարությամբ «չեղարկվեցին» նախկինում (նոյեմբերի 9, 2020թ․) ձեռք բերված պայմանավորվածություններն ու պարտավորությունները։ Նույնիսկ պետական մակարդակով է այդպիսի «վարքագիծը» ներկայումս դրսևորվում։ Ի դեպ, տեսանյութի շարունակության մեջ նշվում է, որ ՀԱՊԿ-ը գործում է միայն անդամ երկրի հանդեպ նրա ռազմաքաղաքական թշնամիների կողմից սանձազերծած սադրանքի արդյունքում։ Բայց երբ ադրբեջանցիները ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք՝ Ջերմուկ, այդ ժամանակ ՀԱՊԿ-ն ու մասնավորապես ՀՀ ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանը պնդեցին, որ դրանք չեզոք գոտի են, այսինքն՝ նրանք պաշտպանեցին այն ադրբեջանական թեզը, թե իբրև Ջերմուկն ու Սևանը և ընդհանրապես մնացյալ տարածքները «պատմական» ադրբեջանական հողեր են։

Հակամարտություն Լեռնային Ղարաբաղում (gazeta.ru)

2020 թվականին Ադրբեջանը հարձակողական գործողություն կատարեց և «44-օրյա պատերազմի» ժամանակ վերականգնեց որոշ տարածքներ։ Սրանից հետո Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Մոսկվայում զինադադար են ստորագրել։ Այս պատերազմի զոհ է դարձել 161 խաղաղ բնակիչ։

Տեսնում ենք, որ կանաչով են ներկված Ադրբեջանի ինքնիշխան տարածքները, այդ թվում՝ յոթ շրջանները։ Կարմիրով են ներկված այն տարածքները, որտեղ ընթացել են ռազմական գործողությունները։ Նշեմ, որ քարտեզը 2023 թվականի սեպտեմբերի 20-ի է։ Այսինքն՝ հասկանում ենք, որ այսպիսով ռուսաստանյան այս ալիքը ճանաչում է, որ յոթ շրջանները, ինչպես նաև (տեքստից) ամբողջ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին և վերջինիս անբաժանելի մասն է։ Հատկանշական է, որ վերոնշյալ տեքստում թվագրվում են միայն 2020 թվականի գործողությունները, բայց ոչ մի կերպ չեն հիշատակվում բռնի տեղահանումները, ճնշումները, ապօրինի ձերբակալումները, սպանությունները և այլն։

Լեռնային Ղարաբաղի հակամարտություն (blogs.korrespondent.net)

Ձեզ չմոլորեցնելու համար անմիջապես կասեմ, որ չկա Լեռնային Ղարաբաղի «հանրապետություն», ինչպես Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական «հանրապետությունները»։ Իմ կարծիքով այս իրերը պետք է կոչել իրենց իսկական անուններով։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և հակամարտությունը Ուկրաինայի հարավ-արևելքում տարբեր են, բայց կան նաև ընդհանուր հատկանիշներ, որոնք այն են, որ այս հակամարտություններում կան «կուրատոր» ռազմավարություններ, որոնք ուղղված են խարխլելու տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և պետական ​​կենսական ինստիտուտները։

1991-1994 թվականներին Հայաստանի կողմից օկուպացիայի արդյունքում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքները, որին պատկանում են Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի հարակից 7 շրջանները, ոչնչացվեց ողջ տարածաշրջանի անվտանգության համակարգը։ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը չէր կարողանում հասկանալ, որ պատերազմում է մի երկրի հետ, որը քառորդ դար հետո վերածվելու է ողջ տարածաշրջանի աշխարհաքաղաքական կենտրոնի։

Ուկրաինական այս լրատվականում հեղինակը, որն ըստ երևույթի, նույնիսկ ուկրաինացի չէ, մեղադրում է Հայաստանին և հայ ժողովրդին, որ նրանք ազատագրել են իրենց պատմական հողերը, որտեղ ապրել են դարերով։ Տեքստում խոսվում է նաև ռազմավարական կորուստների մասին, որը Հայաստանը կրել է 44-օրյա պատերազմի արդյունքում։ Հեղինակը նշում է, որ չկա ոչ մի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչպես չկա Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետություններ։ Սա ասում է այն մարդն, ով ներկայումս էլ է գտնվում պատերազմական գործողությունների կիզակետում և չի կարող կանխատեսել, թե վաղն ինչ է լինելու։ Նախ Լուգանսկի, Դոնեցկի և Ղարաբաղի հակամարտությունները տարբերվում են, նրանք նույնը չեն, ինչպես նշում է հեղինակը։ Եթե Ուկրաինային ներկայումս օգնում է ամբողջ ցիվիլ աշխարհն, ապա Արցախի կողքին ոչ մեկ, բացի հայ զինվորից չկանգնեց։ Գոնե սա պետք է միանգամայն արձանագրել։ Մյուս բերված պնդումների հետ որոշակիորեն համաձայն եմ։ Իսկ ինչ վերաբերվում է մեղադրանքներին, ապա դրանք ներկայումս անտեղի են, քանի որ բացի Հայաստանի դաշնակիցներից մյուսները գոնե տեսնում են և ինչ-որ տեղ նաև բարձրաձայնում են Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտվող պայմանավորվածությունների մասին։

Կարմիր գույնով նշված են Լեռնային Ղարաբաղի տարածքները, իսկ մուգ կարմիրով՝ գրաված հողերը։

Պուտին․ “Հայաստանի ղեկավարությունը ընդունել է Ադրբեջանի ինքնիշխանությունը”

Թուրքական trthaber.com-ը հղում է անում ՌԴ նախագահ Պուտինի խոսքերին, մանրամասնորեն նշելով, որ Հայաստանի պատճառով է, որ Ադրբեջանը դիմում է «ազատագրական» գործողությունների։ Ուսումնասիրելով այնպիսի թուրքական ալիքներ, ինչպիսիք են cumhuriyet.com.tr, trthaber.com, sondakika.com և ուրիշները, զարմանալի չէ, որ նրանք սպասարկում են իրենց շահերին համապատասխան քարոզչական բնույթ։ Թուրքական, ադրբեջանական և ռուսական ալիքները պաշտպանում են այն տեսակետը, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված յուրաքանչյուր գործողություն «ազատագրական» բնույթի է և կատարվում է միայն իր սահմաններից ներս, մինչ դեռ շատ այլ պետություններ պնդում և ստիպում են Ադրբեջանին հրաժարվել իր ապակառուցողական քաղաքականությունից։ Վերոնշյալ ալիքներում շատ են նաև այնպիսի հոդվածներն ու դրանցում արտահայտված մտքերը, որտեղ կոչ է արվում «երկու կողմերին» դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այսինքն՝ Հայաստանը և՛ տուժում է և՛ մեկ տեղ հարձակվում, սադրում, պատերազմում։ Ստացվում է, որ նման կերպ հեղինակները ցանկանում են ասել, որ ՀՀ-ն ևս հակամարտության կողմ է նույնիսկ այն դեպքում, երբ դիվանագիտական տարբեր լեզուներից նա «փափուկն» է, Ադրբեջանը՝ «կոշտը»։

Որոշակիորեն շեղվելով թեմայից՝ կցանկանամ նշել ստորև ներկայացված մտքի իրական արժեքն ու այսօրվա իրականության մեջ նրա ազդեցությունը։ Եզրակացություններն ու ենթադրությունները կանեմ հաջորդող վերլուծության մեջ։ Մենք անդրադառնանք Բուն TV-ի վերլուծությանը։

Ղարաբաղյան կոնֆլիկտ. կոլեկտիվ հիշողություն և ընտրովի ընկալում. Արսեն Հակոբյան, Արտակ Այունց, Յուրի Մանվելյան

Ո՞րն է թշնամու կերպարը: Ադրբեջանցուն՝ կոնկրետ թշնամուն, մենք զրկում ենք մարդկային հատկանիշներից և սարքում ենք բացարձակ չարիք, և հակառակը՝ անդրադառնում ենք այն դեպքերին, որտեղ նույն տրամաբանությամբ հայերն էին ոճիր գործել և արդարացնում ենք: Այսինքն՝ արդարացված բռնություն և չարդարացված. ադրբեջանցու բռնությունը բարբարոսություն է, հայի բռնությունը՝ արդար վրեժ:

Վերլուծենք մյուս միտքը, որը հակիրճ պատմում է հայերի՝ ադրբեջանցիների կենցաղի մասին ունեցած որոշ տեղերում բացարձակ անճշմարտության և իրականության հետ որևէ աղերս չունեցող մտքերի, ավելի ճիշտ՝ համոզմունքների մասին։

Պետք չէ շատ համարձակ գնահատական տալ, թե ինչ է կատարվում Ադրբեջանում, քանի որ ասում ենք մի կողմից՝ Ադրբեջանից եկող ամբողջ ինֆորմացիան հնարավորինս վերահսկվում է, մյուս կողմից՝ մենք փորձում ենք ներկայացնել այն, ինչ կատարվում է Ադրբեջանում: Իհարկե, ես չեմ կարող ասել, որ Ադրբեջանում ամեն ինչ շատ լավ է, բայց փաստն այն է, որ այս վերջին երկու տասնամյակում Հայաստանում բոլոր մակարդակներում հարցերը լուծելու գլխավոր բանաձևը հետևյալն է՝ Հայաստանում վատ է, բայց Ադրբեջանում ավելի վատ է: Դա կլինի խոսքի ազատություն, բանակ, թե որևէ ոլորտ. այո, Հայաստանում կինո չկա, բայց Ադրբեջանում ընդհանրապես կինո չկա: Հարցն այն է, որ մենք չգիտենք, թե այնտեղ ինչ կա կամ գիտենք մոտավորապես:

Հայերը, ինչպես նաև շատ այլ ժողովուրդներ, սովոր են փնտրելու երկու կողմերի հակամարտության մեջ իրենց թշնամու վատ կամ թույլ կողմերը։ Սակայն ոմանք նույնիսկ հաշվի չեն էլ առնում, որ այն ինչ ցույց են տալիս, միգուցե՞ իրականություն չէ, միգուցե՞ մանիպուլյացիա է։ Այո, ցավոք, մենք սովոր ենք մեր աչքի գերանը թողած փնտրել թշնամու աչքի փայտիկը։ Կամ այնպիսի դեպքերում, երբ պարզապես չկա որևէ ստույգ ապացույց կամ նույնիսկ վարկած հայի՝ իրավիճակի մեջ ճշմարիտ լինելու մեջ, նա միևնույնն է փորձում է ցույց տալ, որ ինքն է ճիշտ ու ոչ այլ մեկը։ Վերոնշյալ միտքն վերլուծելով՝ պիտի ասեմ, որ համամիտ եմ։ Եթե ուրիշն է մեզ սպանում, ապա դավադիր ոսոխ է, բայց եթե մենք՝ ապա արդար վրեժ։ Իմ կարծիքով՝ նմանատիպ մտածմունքների և համոզմունքների, ինչպես նաև հենց ինքդ քեզ դա ապացուցելու դարն անցել է։ Ժամանակն է ամեն ինչին նայել ռեալ, չմտածել, որ միայն մեզնով է աշխարհը սկսվում, և միայն մեզնով է այն վերջանում։ Չի կարելի մտածել, որ աշխարհը պտտվում է մեր շուրջ, դա անհեթհեթություն է, ստամտություն, ինքնախաբեություն։ Իհարկե, չեմ առարկում այն, որ մենք դարավոր ազգ ու քաղաքակրթություն ենք, պատմություն ու մշակույթ ենք, սակայն մենք էլ պետք է մեզ գոնե մի քիչ այդպես դրսևորենք, այլ ոչ թե մեզ թողած ուրիշին վիրավորենք, մեր սխալները թողած մյուսի սխալները օրերով բացատրենք։

Որպես օրինակ՝ 5tv.am, hayeli.am, oragir.news, 24news.am և այլ ընդդիմադիր կայքեր և լրատվականներ ավելի հակված են մեղավորներ փնտրելու հայ հասարակության, մասնավորապես՝ իշխանության շրջաններում։ Ժամանակ առ ժամանակ, անշուշտ, հաշվի են առնում, թե ինչպիսի դեր է ունեցել և ունենում Ռուսաստանը այս ամբողջ իրավիճակում։ Սակայն այն, ինչ խոսվում է ՌԴ-ից, քիչ է, իրոք քիչ է, չի համապատասխանում այն ծավալներին, որոնք իրականում կան։

Այլ քարտեզներ