Նոյեմբերի 18-20 Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) աշնանային նստաշրջանը անցկացվում էր Հայաստանի Հանրապետությունում՝ մայրաքաղաք Երևանում։ Քանի որ աշխատանքը ծավալուն էր, ծանրաբեռնված, ուստի կարգելու և այն ավելի դյուրին դարձնելու համար օտարերկրյա դիվանագետների դիմավորման, սպասարկման, տեղավորման և ընդհանուր գործերով զբաղվում էին նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կողմից հավատարմագրված կամավորները՝ դեռահաս, երիտասարդ, թե մեծահասակ։ Քանի որ կար աշխատանքի սուր պահանջարկ և կամավորների մեծաքանակ թիվ, ուստի դերերը բաշխվեցին, և յուրաքանչյուր կամավոր ընդգրկվեց երեք ցուցակներից մեկում․ Զվարթնոց օդանավակայանում, որտեղ հիմնական աշխատանքը դիմավորելն էր, հյուրանոցներում՝ տեղավորելը, և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ կոնֆերանսների դահլիճներ դիվանագետներին ուղեկցելը, օգնելը։ Ես կամավոր էի մարզահամերգային համալիրում, վերջին օրն էլ՝ կարճ ժամանակով Մարիոթ հյուրանոցում։
Նմանատիպ աշխատանքը պահանջում էր համախմբվածություն, ինչպես նաև մոտիվացիա՝ սեփական երկիրն ու պետությունը լավ կերպով ներկայացնելու համար։ Բոլոր կամավորները իրենց համապատասխան կերպով պատրաստ էին երեք օր աշխատել, որպեսզի այս կարևորագույն միջազգային միջոցառումը անցներ հավուր պատշաճի, և կապ չուներ, թե ով որտեղ է աշխատում, կապ ուներ այն, թե ով ինչպես է աշխատում։ Մի խոսքով՝ այս ամբողջ միջոցառումը, ըստ մեծաքանակ օտարերկրյա դիվանագետների կարծիքների, անցավ հիանալի, նույնիսկ՝ հրաշալի, և նրանք գնահատեցին, որ աշխատանքներին էին միացել նաև կամավորներ, այն էլ՝ տարատարիք։ Շատերը նույնիսկ զարմանում էին, երբ իրենց՝ տարիքի վերաբերյալ հարցին շատերը պատասխանում էին 15, 16, 17։ Այո, պետք է նշել, որ շատերը սովորողներ ու ուսանողներ էին, ովքեր այդ երեք օրվա իրենց գործերը մի կողմ էին դրել՝ այս նշանակալից միջոցառման մի մասնիկ դառնալու և սեփական երկիրը լավ ներկայացնելու համար։
Առաջին օրը կարելի է ասել ծանոթության օր էր։ Ես՝ իմ գործընկերների հետ միասին, դիմավորում էի արտասահմանցի և հայաստանյան դիվանագետներին և քայլում իրենց հետ մինչև վերելակներ, անշուշտ՝ խոսելով։ Այնուհետև՝ ուղեկցում էի կոնֆերանսների և հանդիպումների (meeting) դահլիճներ, որտեղ քննարկվում էին ռուս-ուկրաինական, իսրայելա-պաղեստինյան, հայ-ադրբեջանական հակամարտությունները և դրանց լուծման տարբերակներն ու ուղիները։ Առաջին օրը խորհրդանշական և կարևոր էր նաև նրանով, որ միջոցառման ժամանակ ելույթ էին ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետն ու Ազգային ժողովի նախագահը, և սա ևս մեկ հնարավորություն էր պետության գլուխներին տեսնելուն, նրանց լսելուն, որը, ցավոք, ոչ բոլորին հաջողվեց։
Միանգամայն պետք է հստակ նշեմ, որ այս դժվար, բայց պատվավոր գործում ինձ օգնեց իմ անգլերենի իմացությունը։ Տրամաբանական է, որ օտար երկրներից ժամանած դիվանագետների և ներկայացուցիչների հետ պետք էր խոսել անգլերեն։ Կարծում եմ՝ կարողացել եմ լավ տպավորություն թողնել, վստահ եմ՝ անգլերենով կարողացել եմ լավ հաղորդակցվել։ Պետք է նշեմ, որ այս կամավորությունը նաև փորձ էր ինձ համար, քանի որ անգլերենով խոսելով և շատ մարդկանց հետ հարաբերվելով ես կամա-ակամա զարգացրի այն, կիրառեցի այնպիսի բառեր և խոսքեր, որոնք կարծես միայն դասընթացների շրջանակներում էի կիրառում։ Այսպիսով՝ ես գոհ ու հպարտ էի, որ իմ այս գործունեությունը չսահմանափակվեց միայն ուղեկցելով և դիմավորելով, այլև՝ անգլերենի իմացությունս զարգացնելով, ինչի համար անչափ շնորհակալ եմ իմ անգլերենի դասավանդողներին։
Երկրորդ և երրորդ օրերը անցան ավելի «հեշտ», կամավորները արդեն սովորել և վարժվել էին։ Ընդմիջումների ժամանակ մեր մեջ տեղի էին ունենում հետաքրքրաշարժ խորհրդակցություններ, խոսակցություններ և քննարկումներ, սակայն երբ ժամանակն էր կենտրոնանալու աշխատանքի վրա՝ բոլորը միահամուռ կերպով մասնակցում էին աշխատանքներին։ Երկրորդ օրվա ընթացքում հնարավորություն ունեցա կարճ զրույցներ ունենալու Ավստրիայի, Խորվաթիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի, Բելգիայի, Վրաստանի, Ղրղզստանի խորհրդարանների պատգամավորների հետ։ Ամենաշատը ես տպավորված էի ԱՄՆ Սենատի անդամ Ջո Վիլսոնի, նրա օգնական՝ Սթիվեն Շրագեյի, Իտալիայի խորհրդարանի պատգամավորներ Ֆաբրիցիո Կոմբայի, Էմանուելե Լոպերֆիդոյի, աշխատակազմից՝ Պիա Կալիֆանոյի և Պիպո Տրեցցայի հետ հանդիպումներից, մտերմիկ և ջերմ խոսակցություններից։

Ի դեպ նշեմ, որ վերջին՝ երրորդ օրը, իտալացիների ընտրությամբ պայմանավորված Մատենադարան այցելությունից հետո, մենք անձրևային եղանակի ուղեկցությամբ հինգով այցելեցինք երևանյան այցեքարտ համարվող վայրեր՝ Կասկադ, Օպերա, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ (նրանք հանգրվանել էին այնտեղ)։ Մենք նույնիսկ միասին այդ ամբողջ ճանապարհը հաղթահարելու ընթացքում հասցրել էին փոքրիկ կանգառ-ընդմիջում ունենալ կասկադյան սրճարաններից մեկում, որտեղ մատուցողի և համատեղությամբ սրճարանի ղեկավարի հյուրասիրությամբ տպավորված էին իտալական խորհրդարանի ներկայացուցիչները։

Միանշանակ՝ տխուր էր, որ այսքան կարճ տևեց մեր պետությունում ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանը։ Սակայն կոնկրետ ինձ համար մեծագույն պատիվ էր իմ երկրում օտարերկրյա դիվանագետներին ընդունելն ու ուղեկցելը, օգնելն ու նրանց հետ խոսելը։ Ես ձեռք բերեցի նոր ընկերներ, թե՛ կամավորների և թե՛ ինչու ոչ նաև Հայաստանի բարեկամ շատ ու շատ պետությունների խորհրդարանների ներկայացուցիչների շրջաններում։ Անչափ գոհ եմ, շնորհակալ և երախտապարտ, որ ՀՀ ԱԺ-ի և ՀԿՄ-ի շնորհիվ կարողացա դառնալ այս կարևորագույն միջոցառման մասնիկներից մեկը։ Անչափ շնորհակալ եմ նաև իմ անգլերենի ուսուցչուհիներին, որոնց շնորհիվ ես կարողացա թե՛ ինձ, թե՛ երկիրս լավ և դրական կերպով ներկայացնել։ Շնորհակալություն ուշադրության համար․․․






