Գրականության դասընթացի շրջանակներում շարունակում ենք իրականացնել «Իմ հերոս» նախագիծը, որի ընթացքում յուրաքանչյուր սովորող ընտրում է հայտնի անձնավորության (նկարիչ, բանաստեղծ, գրող, արտիստ, արվեստագետ և այլն), ով նրան ոգևորում է և ոգեշնչում։ Նախագծի նպատակն է բացահայտել ընդհանուր բնավորության գծերը, պարզել՝ թե ով կարող է դառնալ ապագայի համար հեռանկարային կերպար։
«Իմ արյունակից հերոսը»․ նախագիծ
Այս անգամ երկար փնտրտուքներից հետո որոշեցի գրել Վահագն Դավթյանի մասին։ Ստորև կներկայացնեմ, թե ինչու եմ ընտրել հենց իրեն։

Հայ ժամանակակից բանաստեղծ Վահագն Դավթյանը ծնվել է 1922թ. օգոստոսի 15-ին, Արևմտյան Հայաստանի Արաբկիր գյուղաքաղաքում: 4 տարեկան է եղել, երբ Տրապիզոնից նավով գաղթել են և ժամանակավորապես հաստատվել Կրասնոդարում: Այնտեղից էլ արաբկիրցիները 30-ականներին եկել և Երևանում հիմնել են նոր Արաբկիրը:
Գաղթելուց հետո, երբ ընտանիքը հաստատվել էր Կրասնոդարում և որոշել էր գալ Արևելյան Հայաստան (ներկայիս Հայաստանի Հանրապետություն), գրողի տատիկը՝ Երմոնիան չհասցրեց այդ ամենը տեսնել և մահացավ Կրասնոդարում, իսկ հայրը ընտանիքին միացավ բավականին ուշ, քանի որ վերջինիս օգնելու նպատակով փինաչիություն էր անում։
Նրա կենսագրությունից ես կարևորում եմ այն, որ նա Հայրենական մեծ պատերազմի մասնակից է։ Ընդհանուր առմամբ՝ կյանքի մեծ մասը նվիրել է լրագրությանը, խմբագրությանը, հիմնադրել է «Հայրենիքի ձայնը» թերթը, եղել է նրա գլխավոր խմբագիրը։ Կարիերայի ընթացքում հասցրել է լինել Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ, Հայաստանի գրողների միության նախագահ և այլն։ Մոտ 40 բանաստեղծական ժողովածուի, գրական- հրապարակախոսական հոդվածների, 2 գրքի, մամուլում տպագրված մոտ 1000 հոդվածի, գրախոսությունների, էսսեների, հուշագրությունների հեղինակ է: Թարգմանել է Ա.Ս. Պուշկինի, Ս.Ա. Յեսենինի, Շ. Պետյոֆի բանաստեղծություններից և վեպերից:

Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի», «Աշխատանքային կարմիր դրոշի», «Պատվո նշան» շքանշաններով, Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է: Մահացել է 1996թ․ փետրվարի 21-ին։
Հայ ժամանակակից բանաստեղծ Վահագն Դավթյանը տպագրվել սկսել է 1935 թվականից: “Առաջին սեր” (1947), “Աշխարհի առավոտը” (1950) բանաստեղծությունների հավաքածուներում արտահայտված են Մեծ Հայրենական Պատերազմի մասնակցի հայրենասիրական զգացմունքները, սերը հարազատ հողի, բնության նկատմամբ: Եվ հենց սա եմ ես ցանկանում ուշադրության հրավիրել։ Վահագն Դավթյանը, չնայած, որ երկար ու ձիգ տարիներ եղել է հայրենիքից հեռու, կարծես թե միայն կյանքի մայրամուտին է կարողացել որոշակիորեն տարբերվել հասարակությունից, սակայն նրա ժողովածուներից և բանաստեղծություններից ստեղծվում է տպավորություն, որ նա միշտ եղել է հայրենիքում։ Ես անկեղծորեն հավանում եմ այս մարդու բանաստեղծություններն ու հոդվածները, սակայն չեմ կարող հստակ պնդել, թե բոլորն ընթերցել եմ, ունեմ հստակ կարծիք։ Չնայած՝ ես մնում եմ այն մտքին, որ հարկ չէ բոլոր բանաստեղծություններն անգիր իմանալ, կարևոր է՝ ունենալ ընդհանուր պատկերացում և կարծիք, իսկ ես դա ունեմ։

Փորձեմ գտնել որոշակի նմանություններ․
Հստակ կարող եմ պնդել, որ առաջին նմանությունը դա սերն է դեպի հայրենիքը, կրճատ՝ հայրենասիրությունը։ Իհարկե, ես Վահագն Դավթյանի նման բանաստեղծություններ չեմ գրում, չեմ գրել, կարելի է ասել՝ չունեմ այնպիսի շարադրանք, որ նույնիսկ փոքր-ինչ նմանվեմ Վահագն Դավթյանին (կարծում եմ անհրաժեշտություն էլ չկա)։ Սակայն ես ևս սիրում և պաշտում եմ հայրենիքս, և սա ամենակարևոր և գլխավոր նմանությունն է։
Եթե անկեղծ՝ ապա շատ մեծ ու ակնհայտ նմանություններ մեր մեջ չկան։ Կան որոշ փոքր նմանություններ, որոնցից են օրինակ նախաձեռնողականությունը, թարգմանական աշխատանքը։ Անշուշտ, Վահագն Դավթյանի ժամանակաշրջանում ավելի դժվար էր թարգմանություններ անելը, քան թե հիմա։ Նման ենք խոսքով, հայրենիքի, սեփական հողի հանդեպ անսահման սիրով, ինչն ես ամենաշատն եմ կարևորում։
Ինչն եմ ես գնահատում գրողի ստեղծագործությունների մեջ․
Հայոց երկնքի մեջ լուրթ ու անամպ,
Հայոց ավանդական ու հին հողում
Իր պետական շուքով ու վեհությամբ
Մեր պետական դրոշն է փողփողում։
Քառատողը վերցված է «Մեր պետական դրոշը» բանաստեղծությունից։ Կոնկրետ այս հատվածում ես կարևորում եմ պատմություն-ներկա կապը։ Այսինքն՝ բացի այն, որ նշվում է շուքի, ծածանվելու մասին, նշվում է նաև «ավանդական և հին հողում»-ը։ Եվ սա իրոք կարևոր է, քանի որ հասարակությունը պետք է իմանա հենց այսպիսի գրողներին (իմիջայլոց կա նման գրողների սուր կարիք)։

Լուսաբացին, երբ քնատ քո ձևերն են նվաղում,
Մարմինդ ի վար տաք հողի շնչառությունն է խաղում։
Վերոնշյալ քառատողը վերցված է «Հիմն կնոջ» ստեղծագործությունից։ Ընդհանրապես՝ գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր գրող, բանաստեղծ, ստեղծագործող գտնում է իր «հունը», իր ժանրը։ Օրինակ՝ Համո Սահյանը կապ էր գտնում մարդու և բնության միջև, Վահան Տերյանը ռոմանտիկ ժանրի ստեղծագործող էր, Պարույր Սևակն էլ՝ հայրենիքի հանդեպ «ուղղվածության»։ Թվարկածներից բոլորը ունեին քիչ, թե շատ հստակ ուղղվածություն, այսինքն՝ գրում էին այն ժանրում, որը նրանց համապատասխանում է, որը նրանք սիրում են։ Սակայն Վահագն Դավթյանը այնպիսի գրող էր, որ կապ էր գտնում տարբեր առարկաների և երևույթների միջև։ Մեջբերված խոսքը պարզապես օրինակ է, թե ինչպես է գրողը կապ գտնում, կամ ավելի ճիշտ՝ ստեղծում երկու երևույթների միջև․ հող և կին։ Կարծես՝ ամեն մի ստեղծագործությունում կա հայրենիքի հանդեպ ուղղվածության փոքր կոնտեքստ, փոքր ակնարկ։
Արի քեզ տանեմ մի ուրիշ աշխարհ, հեռավոր դաշտեր,
Ուր հողը փափուկ, ուր ջուրը առատ ու խոտն է թավիշ…
Իսկ ես ասել եմ.- Այստեղ եմ ծնվել, կմնամ այստեղ,
Թեկուզ կաղկանձեմ ու ոռնամ ցավից…
Սա հայրենիքն սիրելու բանաձև է․ «թեկուզ կաղկանձեմ ու ոռնամ ցավից, այստեղ եմ ծնվել, կմնամ այստեղ»։ Մեջբերումը՝ «Հայրենիք»-ից
Բայց դու, իմ հեզ, խիզախ թռչնակ,
Չվախեցար ձյունից,
Չչվեցիր ափերը տաք,
Քո հայրենի բնից:
Վերևում նշված մեջբերումը «Ճնճղուկը» բանաստեղծությունից է․ հայրենիքի և երկրի հանդեպ անսահման սիրո ևս մեկ վառ օրինակ։ Թվում է՝ պարզունակ վերնագիր, ավելի պարզունակ շարադրանք՝ էլի հայրենասիրության կոչով, ակնարկով։ Իրոք որ հետաքրքիր է հետևելը նման շարադրանքներին, ստեղծագործությունների սյուժեներին։

Եվ նման օրինակներ բազում-բազում են։ Նման բանաստեղծների ստեղծագործությունները կարդալը գոնե մենակ ինձ հաճույք է պարգևում։ Եվ գիտեք, տողերն այնպես հարթ, այնպես հեշտ են դասավորված, որ ընդհանուր իմաստն ամենասկզբից էլ ընկալելի է։ Ես փորձեցի որոշ նմանություններ գտնել, որոշակի կապեր ստեղծել։ Անշուշտ, կա տարիքային և փորձության տարբերություն։ Բայց, միևնույնն է, ես այս հեղինակը շատ եմ հարգում, դասում եմ նրան նախ և առաջ որպես օրինակելի հայ զավակ, իսկ հետո՝ բանաստեղծ, գրող։ Միանշանակ խորհուրդ եմ տալիս ընթերցել Մեծն գրողին, որի «կյանքի բանաձևերով» այսօր պետք է շարժվենք։
Փոքրիկ հետազոտություն-նախագիծ-վերլուծությունը կցանկանամ ավարտել «Հայաստան» բանաստեղծության տողերով։
Հայսատա՛ն, իմ լյառ, իմ գագաթ, իմ լույս,
Հողմերին տրված դարավոր իմ ձյուն,
Դու` ձյունամրրիկ իմ խելակորույս,
Իմ ճերմակ հառաչ, իմ սո՜ւրբ մռնչյուն…
Ընդհանուր տեղեկությունները վերցված և խմբագրված են dasaran.net, arm-biography.blogspot.com կայքերից։