Paradyplomacy. tv-ի և Lydian Armenia-ի վեճը։ Դիտարկենք երկու կողմերի արձանագրություններն ու պնդումները։ Երկրորդ մոդուլի աշխատանքներ։

Գլուխ Ա․ «Lydian» ընկերության գործունեությունը Հայաստանում և հարևան երկրներում։

Ամուլսարը Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանին է։ Այս տարածքով են անցնում Հայաստանի զգալի հատվածում անցնող գետերը։ Այս տարածքում են ձևավորվում Հայաստանի ազգային հարստություն համարվող Ջերմուկի ջրերը։ Հյուսիսային և հարավային հատվածներով են հոսում Որոտան և Արփա գետերը։ Ամուլսարի շահագործման արդյունքում նախատեսվում է պետական բյուջե հարկերի տեսքով փոխանցել 489 միլիոն դոլար։

Ամուլսար - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Պնդում Ա — 2005 թվականին Հայաստանում գրանցվում է Geoteam ՓԲԸ-ն, այժմ՝ Lydian Armenia: Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիայի օֆշորային Ջերսիի գոտում ստեղծվում է Lydian International ընկերությունը, որը հետագայում դառնում է Geoteam ՓԲԸ-ի 100%-անոց բաժնետերը։ Հանքարդյունաբերության ոլորտում ոչ մի փորձ չունեցող այս ընկերությունը փորձել է հանքեր շահագործել նաև Թուրքիայում, Կոսովոյում և Վրաստանում, սակայն գործունեությունը ակտիվ փուլ չի տեղափոխվել։ Վերը նկարագրված պնդումներին հակառակ Lydian Armenia ընկերությունը պատասխանում է հետևյալ կերպ․ Թուրքիայում շահագործման ծրագիր չի եղել, իսկ Վրաստանում և Կոսովոյում իրականացրել է երկրաբանահետախուզական աշխատանքներ։ Ի դեպ Վրաստանում դուստր ընկերությունն ունի բոլոր թույլտվությունները որոնահետախուզական աշխատանքներն իրականացնելու համար։

Պնդում Բ — Այնուամենայնիվ այս ընկերությանը հաջողվում է Հայաստանում ստանալ Ամուլսարի շահագործման բոլոր թույլտվությունները՝ անտեսելով Խորհրդային տարիներին այդ տարածքներում հետախուզական աշխատանքների ոչ բարենպաստ պայմանները։ Lydian-ն արձագանքում է․ Խորհրդային տարիներին Ամուլսարում ոսկու կամ այլ մետաղների որոնահետախուզական աշխատանքներ չեն իրականացվել։ Որպես ապացույց՝ ներկայացվում է geo-fund.am կայքում հրապարակված բոլոր որոնողահետախուզական աշխատանքներ տարված տեղանքների ցուցակում Ամուլսարի բացակայությունը։

Պնդում Գ — Lydian Armenia ընկերությունը 2009 թվականին հայտարարում է, որ Ամուլսարում առկա է 17 տոննա ոսկի, ամիսներ անց՝ 53 տոննա, իսկ 2017 թվականի դրությամբ՝ 70 տոննա։ Lydian Armenia-ը հակադարձում է, ասելով․ մետաղների քանակների շարունակաբար աճը պայմանավորված է որոնողահետախուզական աշխատանքներով։ Ներկայիս դրությամբ (2017) ոսկու պաշարը գնահատվում է մոտավորապես 100 տոննա։ Ի դեպ, թիվը կարող է փոփոխվել։

Պնդում Դ — Lydian Armenia ընկերությունը իր գլխավոր կայքում հայտարարում է, թե հայտնաբերել է Հայաստանի ամենախոշոր ոսկու հանքը, մինչդեռ Սոթքի հանքի ոսկու պաշարները գնահատվում են 155 տոննա։ Lydian Armenia-ի հակապնդումը․ միջազգային ստանդարտներով գնահատման արդյունքում Ամուլսարում կան ավելի քան 4.750.000 ունցիա, այսինքն՝ 148.4 տոննա ոսկու նախնական գնահատված ռեսուրսներ։

Պնդում Ե — Ամուլսարի հանքը շահագործող Lydian Armenia ընկերությունը զրոյական փորձառություն ունի հանքարդյունաբերության ոլորտում, չնայած սրան՝ Հայաստանի կառավարությունն (2017-ի) անվերապահորեն աջակցում է Lydian Armenia-ին։ Հակադարձ պատասխանը․ ընկերության փորձառությունը կախված է աշխատակիցների փորձառությունից, մասնագետների և ղեկավար կազմի գիտելիքներից ու փորձից, այլ ոչ թե ընկերության գրանցման թվից։ Lydian Armenia ընկերությունում աշխատում են 10-30 տարվա փորձառություն ունեցող պրոֆեսիոնալ մասնագետներ տարբեր երկրներից։

Պնդում Զ — Lydian Armenia ընկերությունը ներմուծել է նոր մշակույթ։ Բացի հանքին անհրաժեշտ տարածքներից, Lydian-ը վարձակալել է մոտակա համայնքներին հարակից հողատարածքներ և տարիներ շարունակ վճարել է վարձը համայնքային բյուջեներ։ Lydian-ը Սարավանի, Գորայքի և Գնդեվազի համայնքային բյուջեներ վճարել է 3.3 միլիոն ԱՄՆ $-ին համարժեք դրամ։ Հակառակ պնդում․ Իրականում Lydian-ը վարձակալել է ոչ թե հարակից, այլ՝ Ամուլսարի ծրագրի լեռնահատկացման տարածքները։ Նոր մշակույթը օրենքի տառի պահպանում է։ 2017 թվականին՝ դեռևս շինարարության փուլում, Lydian Armenia-ն արդեն երկրի 16-րդ հարկատուն էր։

Պնդում Է — Lydian Armenia-ն ցիանային հարթակ կառուցելու համար գնել է Գնդեվազի բնակիչների հողերը, որպես փոխհատուցում համայնքային բյուջե վճարել՝ 260.000$։ Հակադարձում․ Իրականում Lydian Armenia ընկերությունը գնել է Գնդեվազ համայնքի այգիների շուրջ 20%-ը։ Իսկ 260.000$-ի փոխարեն վճարել է ավելի քանի 2.800.000$։

Պնդում Ը — Ամուլսարում բոլոր քիմիական նյութերը գտնվում են կարծրացած կամ «քնած» վիճակում։ Նրանք անվտանգ են, քանի դեռ կա սարի պաշտպանիչ շերտն՝ իր բուսականությամբ։ Հակադարձում․ Ամուլսարի պես հանքեր շահագործվում են ԱՄՆ-ից մինչև Արգենտինայից, Ավստրալիայից մինչև՝ Բրազիլիա։ Ամուլսարում կառուցվում են ջրերի կառավարման այնպիսի համակարգեր, որոնք հաջողությամբ կիրառվում են շատ ժամանակակից հանքերում։

Պնդում Թ — Ոսկեզուրկ կույտը մնում է հարթակում։ Այդ կույտի մեջ մնում են բազմաթիվ ծանր, ռադիոակտիվ և թունավոր մետաղներ։ Հակադարձում․ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռադիոակտիվության կոնցենտրացիաները ավելի ցածր են, քան հայկական հողերին բնորոշ ռադիոակտիվության կոնցենտրացիաները, ինչը հաստատել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն։

Պնդում Ժ — Մասնագետները պնդում են, որ Ամուլսարի շահագործման արդյունքում չաղտոտվեն Ամուլսարի ստորգետնյա ջրերը մետաղներով և այլ թունահարուստ նյութերով։ Հակադարձում․ Բուն Ամուլսարի ստորգետնյա ջրերը պաշտպանված են արտահոսքը կանխող ժամանակակից համակարգերով։

Գլուխ Բ․ Օրենքի կետեր, որոնք խախտվել են կամ շրջանցվել Ամուլսարի հանքի շահագործմանը թույլտվություն տալու համար։

Պնդում Ա — Սևանա լճի օրենքում հստակ գրված է, որ հանքաքարի մշակումն արգելվում է, եթե այն կազմակերպվում է լճի ավազանի անմիջական ազդեցության գոտում։ Կառավարությունը 2013 թվականի որոշմամբ* փոփոխության է ենթարկում Սևանա լճի ջրհավաք տարածքային հատակագծման նախագիծը, որը գործում էր 10 տարի շարունակ։ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը Ամուլսարի նախագծին տվել է դրական եզրակացություն։

* Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1787 — Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը։

Հակադարձ պատասխանը․ Ֆիլմում խեղաթյուրված է օրենքի փոփոխության մասին տեղեկատվությունը, միտումնավոր տպավորություն ստեղծելով, թե փոփոխությունը նպաստել է Ամուլսարի ծրագրին։ Իրականում ճիշտ հակառակը։ Օրենսդրության չհիմնավորված փոփոխությունը ավելի բարդացրեց ծրագրի իրականացումը, ինչի արդյունքում ընկերությունը ստիպված եղավ տեղափոխել արդեն հաստատված նախագծով կույտային տարալվացման հարթակի վայրը։ Սրա պատճառով 100 մլն դոլարով ավելացան կապիտալ ծախսերը, և երկարաձգվեց թույլտվությունների գործընթացը։ Օրենքի անսպասելի փոփոխությունը ստեղծեց ներդրումային անվստահություն երկրի նկատմամբ։

Պնդում Բ — 2014 թվականին անսպասելիորեն պարզվում է, որ հանքի շահագործման գոտում առկա է Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված Մատնունի ծիրանավոր բույսը։ Նույն թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է հակաօրենսդրական որոշում*, որով թույլ է տալիս կարմիր գրքում գրանցված բուսատեսակները տեղափոխել իրենց բնակատեղիներից և վերատնկել այլ վայրերում։

* Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման կարգը սահմանելու մասին օրենքի մեջ փոփոխություններ կատարելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի որոշումը։

Հակադարձ պնդումը․ Մատնունին, փաստորեն, հայտնաբերվել է ոչ թե 2014, այլ՝ 2012 թվականին, երբ Ամուլսարը հայտնի չէր որպես կարմիր գրքում գրանցված բուսատեսակների աճելավայր։ Հատկանշական է, որ կառավարության 2014 թվականի որոշումը որակվում է հակաօրենսդրական՝ որևէ կերպ չպատճառաբանելով, թե ինչու՞։ Մեջբերվում է Բուսական աշխարհի մասին օրենքի հատված, սակայն անտեսվում է Բուսական աշխարհի մասին օրենքի այն հատվածը, որի համաձայն Հայաստանի կարմիր գրքում գրանցված բույսերի օգտագործումը բացառիկ դեպքերում կարելի է/օրինական է։

Պնդում Գ — Կառավարությունը որոշում է* բաց հանքերի ավտոճանապարհների թեքության թույլատրելի սահմանները փոխել, որի արդյունքում Lydian Armenia ընկերությունը փոխում է շահագործման նախագիծը և նվազեցնում ոսկու կորզման ինքնարժեքը՝ խնայելով առնվազն 100 միլիոն դոլար։ Ինքնարժեքը 701$ դառնում է 585$։

* Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի N 51 — Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը։

Հակադարձում․ Հանքատար ճանապարհների թեքությունը ըստ Խորհրդային չափանիշների սահմանված էր հին մեքենաների համար, որով Հայաստանում աշխատում են շատ հանքեր։ Ժամանակակից տեխնիկան, որը ձեռք է բերել Lydian Armenia-ն հնարավորություն է ընձեռում աշխատել ավելի մեծ թեքությունների վրա։ Ի դեպ օրենքի փոփոխությունը և ճանապարհների թեքության կրճատումը հարյուրավոր տոննաներով նվազեցնում է խախտված հողի ծավալը ոչ միայն Lydian-ի, այլև՝ բոլոր նոր բացվող հանքատար ճանապարհների պարագայում։ Օրենքի այս փոփոխությունը լուծել է նաև բնապահպանական խնդիր՝ կրճատելով թափոնները։

Գլուխ Գ․ Նախկին և ներկա իշխանությունների դիրքորոշումները, մոտեցումներն ու քայլերը։

Վերոնշյալ կառավարության որոշումներն ու օրենքների փոփոխությունները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության իշխանություններին չէին մտահոգում բնապահպանական խնդիրները։ Ինչքան էլ, որ Lydian Armenia-ի այս ֆիլմը փորձի հակառակվել, ընդդիմանալ, միևնույնն է Ամուլսարի շահագործումը կա և կմնա կարևորագույն խնդիրներից մեկը։ Ինչ վերաբերվում է ներկա իշխանությունների դիրքորոշումներին, առաջարկում եմ դիտել ներքոհիշյալ տեսանյութերը։

Սեփական դիրքորոշում

Անշուշտ, Ամուլսարի շահագործումը ներկայումս բուռն քննարկման արժանացած թեմա է, և դժվար է պատասխանել՝ պետք է այն արդյո՞ք շահագործել, թե՝ ոչ։ Ես կողմնակիցն եմ չշահագործելու։ Ինչու՞։ Ըստ իս՝ դարը զարգանում է, տեխնոլոգիաները արդեն առաջին հորիզոնականներում են գտնվում։ Հանքերի շահագործումները ու ընդհանրապես հանքերը կամաց-կամաց, սակայն վստահորեն մղվում են հետին պլան։ Իսկ հիմա պետք է մտածել բնության մասին, քանի որ այս դարում մարդիկ ամենաշատն են աղտոտում բնությունը։ Եթե շարունակենք անտարբեր լինել բնության նկատմամբ, նույն վերաբերմունքը մեր հանդեպ կստանանք նրանից։

Կարծում եմ, որ հիմա պետք է փնտրել ալտերնատիվ ուղիներ պետական բյուջե բերելու այնքան գումար, ինչքան որ որպես հարկ բերում է Ամուլսարի հանքի շահագործումը։ Ես վերոնշյալում բազում վերլուծություններ եմ արել, և մեկ այս, մեկ՝ այն հաղորդման պնդումները մեջբերելով, փորձել եմ հստակ հայտնել, թե որի կողմնակիցն եմ ես։ Այնուամենայնիվ՝ այսպիսի քննարկում-վերլուծությունները պետք է լինեն պարբերաբար, որպեսզի սովորողները կարողանան հստակ դիրքորոշումներ ձևավորել այս խնդրի վերաբերյալ։