Ինչու՞ Տրդատն ու Վաղարշ I-ը պնդեցին, որ հաշտության պայմանագիրը կնքվի Հռանդեայում։ Որտե՞ղ և ե՞րբ թագադրվեց Տրդատը։ Ներկայացրե՛ք նրա գահակալման շրջանը։

Պատերազմը շարունակելու նպատակով Ներոնի կողմից Հայաստան ուղարկված Պետոս զորավարը հայտարարում է, թե Հայաստանում հաստատելու է հռոմեական իշխանություն։ 62 թ․ Պետոսի բանակը Հայաստանում Հռանդեա կոչված վայրում շրջապատվում է հայ-պարթևական զորքերի կողմից, և նրա մի մասը՝ անձնատուր լինում։ Պետոսի բանակը փախչում է Հայաստանից՝ օրական կտրելով 60 կմ ճանապարհ։ Կրկին Հայաստան է ուղարկվում Կորբուլոնը։ Ներոնը պահանջում էր, որպեսզի Տրդատը անձամբ գնա Հռոմ՝ իր ձեռքից ստանալու թագը։ Կորբուլոնը չէր շտապում նոր արշավանք սկսել և Վաղարշին ու Տրդատին խորհուրդ է տալիս կատարել Ներոնի պահանջը։ 64 թ․ Հռանդեայում կնքված համաձայնագրով Տրդատը իր թագը դնում է Ներոնի կիսանդրու առջև՝ կայսեր ձեռքից այն ետ ստանալու պայմանով։ Հենց Հռանդեայում կնքվեց համաձայնագիրը (հաշտության պայմանագիրը), քանի որ այդ քայլով հայ-պարթևական զորքերը ևս մեկ անգամ ծաղրաբար ցույց տվեցին, թե որտեղ են պարտվել հռոմեական զորքերը, որոնք իբրև ցանկանում էին Հայաստանում հաստատել հռոմեական իշխանություն։ Սա դիվանագիտական քայլ էր։

Որոշված էր, որ Տրդատը թագը ստանալու է Հռոմում՝ կայսեր կողմից։ Եվ ահա 65 թ․ Տրդատը՝ կնոջ, երեխաների, եղբայրների և 3000 հայ ու պարթև շքախմբի ուղեկցությամբ մեկնում է Հռոմ, որը տևում է մոտ 9 ամիս։ Ամբողջ ծախսը կատարում էր Հռոմեական կայսրությունը։ Ներոն կայսրը Հռոմի հրապարակում բնակչության և զորքի ներկայությամբ թագադրում է Տրդատին։ Ավերված Արտաշատն էլ վերաշինելու համար Տրդատին նվիրում է 50 միլիոն դինար-դրաքմե, այսինքն՝ մոտ 40 միլիոն ոսկի ռուբլի։ 66թ․ Տրդատը վերադառնում է Հայաստան։

Տրդատ I-ի (66-88 թթ․) օրոք վերաշինվում է ավերված Արտաշատը, 77 թ․ վերակառուցվում է Գառնիի բերդը, Գառնիի սյունազարդ և հոյակապ քանդակներով հեթանոսական տաճարը։ Տրդատ I-ի օրոք ամրապնդվում են երկրի սահմանները։

Սանատրուկ II-ը ո՞ր քաղաքը ընտրեց որպես գահանիստ և ինչու՞։

Տրդատին հաջորդած Սանատրուկ II-ի (88-110 թթ․) մասին հույն պատմիչ Արիանոսը գրել էր․ «հայոց թագավոր Սանատրուկն միջակ հասակ, բայց հակված էր ամեն մի մեծ բան և մանավանդ դեպի պատերազմական գործերը։ Նա հավատարիմ պահապանն էր արդարադատության և իր կենցաղավարության մեջ զուսպ էր, նաև չափավոր և ողջամիտ էր, ինչպես լավագույնները հույների և հռոմեացիների մեջ»։ Սանատրուկ II-ն հիմնադրում է Մծուրք քաղաքը Մշո դաշտում՝ Տիգրանակերտից Արտաշատ գնացող ճանապարհին՝ Արածանիի ափին, որը և դառնում է հայոց արքայի աթոռանիստը։ Այստեղով անցնում էր Տիգրանակերտից Արտաշատ գնացող առևտրական և ռազմական կարևոր նշանակության ճանապարհը։

Ինչո՞վ է նշանավորվել Վաղարշ I-ի գործունեությունը։

Վաղարշ I Արշակունու (51-80 թթ․) գործունեությունը: Հայաստանը հայտնվել էր Պարթևստանի և Հռոմեական կայսրության ազդեցության գոտում։ Սակայն նորընտիր (նորանշանակ) Վաղարշ I-ի կողմից Հայաստանում դրածո դարձած Տրդատ I-ն կարողացավ վերականգնել «անկախությունը»։

Երբ Պարթևստանում գահ է բարձրանում Վաղարշ I Արշակունին (51-80 թթ․), որն իր թագավորությունում գահակալական կռիվներին վերջ տալու և Հռոմի նվաճումներին դիմակայելիս դաշնակից երկրների զինակցություն ստեղծելու նպատակով որոշում է իր եղբայրներին բազմեցնել Հայաստանի և Ատրպատականի գահերին։ Վաղարշն առանց դժվարության դա իրագործում է Ատրպատականում, որտեղ թագավորեցնում է Բակուրին։ Հայաստանում Վաղարշի ծրագրի իրագործման համար նպաստավոր իրավիճակ էր ստեղծվել․ հայերը ցանկանում էին ազատվել իրենց համար ատելի Հռադամիզդից և ընդհանրապես հռոմեական որևէ միջամտությունից։ Հայոց ավագանին բաժանվել էր երեք ֆրակցիաների․ պարթևամետներ, հռոմամետներ և հայրենասերներ։ Դրանցից վերջինը ըստ շահեկան դիրքի կարող էր փոխել իր ռազմավարությունը։ Հայոց ավագանին ընդունում է Պարթևստանի առաջարկությունը, քանի որ պարթևները չէին սպառնում հայկական պետականության գոյությանը և համատեղ ուժերով կարող էին հակահարված տալ Հռոմի ծավալապաշտությանն Արևելքում։ Ստեղծվում է հայ-պարթևական զինակցություն ընդդեմ Հռոմի և նրա վրացի դրածոյի։ 52 թ․ Վաղարշը և Տրդատը պարթևական զորքով մտնում են Հայաստան, դուրս վռնդում Հռադամիզդին ու նրա մերձավորներին։ Արտաշատ մայրաքաղաքը և Տիգրանակերտը բացում են իրենց դռները նրանց առջև։ Սակայն ցրտաշունչ ձմռան և պարթևական զորքում սկսած հիվանդությունների պատճառով պարթևական զորքը հեռանում է երկրից։ Հռադամիզդը կատաղած վերադառնում է Արտաշատ և որոշում հաշվեհարդար տեսնել հայ բնակչության հետ։ Սակայն զինված ժողովուրդը շրջապատում է պալատը, և Հռադամիզդն իր կնոջ հետ փախուստի է դիմում։

Վաղարշ I-ի (117-140թթ․) գործունեությունը։ Նա Արարատյան դաշտում Շրեշ բլրի վրա Վարդգեսավան գյուղաքաղաքի շուրջ կառուցում է հզոր պարիսպների շերտ և հիմնում Արշակունյաց թագավորության երկրորդ մայրաքաղաքը՝ Վաղարշապատը (այն կոչում էին նաև նոր քաղաք)։

Ո՞ր թագավորից է սկսվել Արշակունիների ժառանգական իշխանությունը և ի՞նչ նշանակություն ունեցավ այն։ Ներկայացրե՛ք Խոսրով I-ի գահակալությունը։

Վաղարշ II-ի օրոք Հայաստանն այնքան է հզորանում, որ հայ Արշակունիների թագավորական իշխանությունը Հայաստանում ձեռք է բերում ժառանգական բնույթ։ Իսկ նշանակությունն այն էր, որ թե՛ դաշնակից, թե՛ ոսոխ երկրները չէին կարող դրածո թագավորներ ունենալ Հայաստանում։

Վաղարշ II-ից հետո Խոսրով I (198-215) օրոք հայկական զորքերը արշավում են կովկասյան լեռնականների դեմ՝ ձգտելով առնել հոր մահվան վրեժը։ 215 թվականին Կարակալա կայսրը Խոսրով I-ին կանչելով իր մոտ՝ ձերբակալում է, ինչն Հայաստանում առաջացնում է հակահռոմեական հուժկու տրամադրություններ։

Ներկայացրե՛ք Տրդատ II-ի գահակալման կարևոր իրադարձությունը։

Խոսրովի I-ի ձերբակալությունը Կարակալայի կողմից նրա որդու՝ Տրդատ II-ի (216-252թթ․) մոտ առաջացնում է զայրույթ, և նա Հայաստանում ջախջախում է Կարակալայի զորքերը։ Հռոմի նոր կայսր Մակրինոսը Տրդատ II-ի հետ կնքում է հաշտության պայմանագիր։ Ի նշանավորումն հայ-հռոմեական դաշինքի վերականգնման՝ կայսրը Տրդատին վերադարձնում է Հայաստանից տարված նրա մորը՝ թագուհուն, ավարը և այն կալվածքները Կապադովկիայում, որոնք ստացել էր դեռևս Խոսրով I—ը։