Պատմության ընտրությամբ դասընթացի շրջանակներում խմբով իրականացնում ենք «Ոչ խաղաղ պատմություն» նախագիծը, որի նպատակներն են։

  • Ներկայացնել մարդկության պատմության վճռական ճակատամարտերը
  • Ներկայացնել ճակատամարտերը բազմատեսանկյուն և բազմաբովանդակ

Որպես աշխատանքի թեմա ընտրել եմ «Շուշիի ազատագրումն ու անկումը»։

Շուշիի ազատագրում - Yerkrapah

Շուշիի ազատագրման գործողության նախապատրաստումը կատարվել է մի քանի փուլով՝ դիվանագիտական, լրատվաքարոզչական և ռազմական։ 1992-ի մայիսի 8-ին ժամը 2:30-ին ԻՊՈւ շուրջ 1200 մարտիկներից կազմված գրոհային 4 խմբեր ձեռնամուխ են եղել կենդանի ուժով ու միջոցներով գերազանցող հակառակորդի ջախջախմանը Շուշիի և Ստեփանակերտի շրջակա հենակետերում։ Մարտական գործողությունները ծավալվել են «26»-ի (հյուսիսային), Շոշի (արևելյան), Լաչինի (հարավային) և Ջանհասան-Քյոսալարի (հյուսիսարևմտյան) ուղղություններում։

1992 թվականի, մայիսի 7։ Տղաները մարտականորեն են տրամադրված, պետք է Շուշին ազատագրեն։ Շուշիի ազատագրումն Արցախի համար ռազմավարական նշանակություն ուներ։ Արդեն բնակչություն չունեցող քաղաքը վերածվել էր կրակակետի, որտեղից հակառակորդը հրետակոծում էր մայրաքաղաք Ստեփանակերտը։ Շուշիի ազատագրման մարտական հրամանը մայիսի 4-ին էր ստորագրվել, այդ օրն էլ պետք է սկսվեր գրոհը, սակայն անսպասելի տեղացած ձյունը փոխեց պլանները։ Գործողությունը սկսվեց մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը ու ստացավ «Հարսանիք լեռներում» անվանումը։ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը խոստացել էր՝ թե Շուշին ազատագրվի՝ կամուսնանա։

Քաղաքի վրա գրոհեց 1200 մարտիկ, հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով և սպառազինությամբ։ Մերոնց հակառակորդի հետ չշփոթելու համար տղաները մեջքներին սպիտակ խաչեր էին նկարել։ Գրոհը սկսվեց միանգամից չորս ուղղություններով։ Առաջինը բերդաքաղաք մտավ հայկական S-72 տանկը։ Ուղղությունը ղեկավարում էր Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը։ Մայիսի 8-ին թշնամին ընդամենը տարերային դիմադրություն էր ցույց տալիս, կեսօրին մոտ հարձակման էին անցել թշնամու մեկ ռազմական ինքնաթիռ ու ուղղաթիռներ, որոնք ռմբակոծել էին հայկական ուժերի մարտաշարքերը, ինչպես նաև Շուշին ու Ստեփանակերտը։ Ավելի ուշ պարզվել էր, որ այդ օդային հարձակման նպատակը Շուշիում մնացած զինապահեստները պայթեցնելն էր, դրանով ադրբեջանցիները հույս էին ունեցել կործանել ամբողջ քաղաքը։ Դա նրանց չէր հաջողվել։

Մայիսի 8-ի կեսօրից հետո ադրբեջանցիները հեռացան քաղաքից։ Վազգեն Սարգսյանը հայտարարեց․ «այն ինչ կատարվում է Արցախում հրաշալի է»։ Մայիսի 9-ի առավոտյան Շուշիում որևէ ադրբեջանցի չկար, քաղաքն ազատագրված էր։ Շուշիի ազատագրմամբ տպավորված էին նաև ադրբեջանցի զինվորականները, որոնք չէին կարողացել դիմադրել հայկական զինված ուժերին։

Մայիսի 11-ի երեկոյան Շուշիում դիրքերն ամրապնդելուց և ԼՂՀ սահմանների մի քանի հատվածներում հակառակորդի հարձակումները հետ մղելուց հետո ԻՊՈւ նախաձեռնել են Բերդաձորի ռազմական գործողությունը: Մայիսի 12-ին վերահսկողության տակ է առնվել Զառըսլու գյուղը, քանի որ ԻՊՈւ շտաբն օպերատիվ տեղեկություններ էր ստացել հակառակորդի հարձակման անցնելու մտադրության վերաբերյալ։ ԻՊՈւ ստորաբաժանումները հուսալիորեն փակել են դեպի Շուշի հակառակորդի հնարավոր սողանցքերը։ Լիսագոր — Զառըսլու ուղեհատվածը նախօրոք ականապատվել էր։

Մայիսի 13-ին հակառակորդի մարտական տեխնիկան ու հետևակը հարձակման է անցել՝ Զառըսլու ներխուժելու նպատակով, սակայն ականի վրա տանկը պայթել է, զրահամեքենան նռնականետով խոցվել, և կանխվել է զրահատեխնիկայի հետագա առաջխաղացումը։ Ծայր առած փոխհրաձգության ընթացքում կորցնելով շուրջ 40 զինվոր՝ հակառակորդը նահանջել է։ Լիսագոր-Բերդաձոր գծով ռազմական գործողությունը սկսվել է հիմնականում երկու ուղղություններով՝ խճուղու աջ ու ձախ կողմերով և Ջանհասան-Քյոսալար գյուղերից։ Ճնշելով հակառակորդի դիմադրությունը միայն 2 գյուղում՝ վերահսկողության տակ է առնվել Շուշիի շրջանի շուրջ 17 գյուղ։

Նյութը՝ Թշնամին ապշած էր. Շուշին ազատագրվել էր | PARA TV-ից, ekm.am-ից

«Հարսանիք լեռներում» օպերացիա

Ռազմագործողության ընդհանուր հրամանատար է նշանակվում Արկադի Տեր-Թադևոսյանը, ով առավել հայտնի է Կոմանդոս անունով։ Ի սկզբանե նախատեսվում էր ռազմագործողությունը սկսել 1992 թվականի մայիսի 5–ին, սակայն այդ օրը տեղացած առատ ձյան պատճառով հայկական զինված ուժերի հրամանատարությունը այն հետաձգեց, ինչպես արդեն նշվեց վերևում։

Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992 թ. մայիսի 8-9-ին և արմատական բեկում է առաջացել Արցախյան պատերազմում։

Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով։ Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը:

Շուշիի ազատագրումը. «Հարսանիք լեռներում» ռազմագործողությունը - Diario  Armenia

Հարձակումը նախատեսված էր սկսել դեռևս մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով (սպառազինության պակաս, վատ եղանակ և այլն) հետաձգվել էր։ ԻՊՈւ-ի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական և 1 պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցել են հարձակման։

Շուշիի ազատագրման մարտական հրամանը ստորագրվել է մայիսի 4-ին հետևյալ մանրամասներով.

Հակառակորդը շրջանաձև դիրքեր է գրավում Շուշիի բարձունքներում՝ մոտ 1200 մարդ կենդանի ուժով, Զառսլու գյուղում՝ մոտ 100 մարդ, Լիսագորում՝ մոտ 300-350 մարդ, Քյոսալարի ուղղությամբ՝ մոտ 300 մարդ։

Մեր խնդիրը՝

  • Ջախջախել հակառակորդին Լիսագոր, Զառսլու, Ջանհասան, Կարագյավ բնակավայրերում,
    ջախջախել հակառակորդին Շուշիի մատույցներում և այն ազատագրել կանաչներից (հակառակորդի պայմանական անվանումը), հետագայում հարձակվել Բերդաձորի ուղղությամբ և Բերդաձորի ենթաշրջանն ազատագրել կանաչներից։
  • Հակառակորդը հիմնական ուժերը կենտրոնացրել է Քյոսալարում, Լիսագորում, Զառսլուում, Շուշիի մատույցներում ու քաղաքի ամբողջ շրջագծով։
  • Հակառակորդին ջախջախելու միջոցները՝ գրավել բարձունքը և դիրքավորվել այնտեղ։ Ուժերի վերախմբավորումից հետո, նույն ժամանակում սկսել հարձակումը Լիսագորի ու Զառսլուի վրա և հարձակման անցնել 4 ուղղություններով.
Կոմանդոս. Հարսանիք լեռներում - PanARMENIAN Photo

Ռազմաճակատի ընդհանուր գիծը մոտավորապես 40 կիլոմետր էր և ընդգրկում էր չորս հարվածային ուղղություն։ Հյուսիսային ուղղության հրամանատար նշանակվեց Վալերի Չիթչյանը, Շոշի ուղղության հրամանատար՝ Արկադի Կարապետյանը, Հարավային (Բերձորի) ուղղության՝ Սամվել Բաբայանը, Ջանհասան–Քյոսալար ուղղության հրամանատար՝ Սեյրան Օհանյանը։

Շուրջ 300 զինվորից կազմված պահեստային ստորաբաժանման հրամանատար էր նշանակվել Յուրա Հովհաննիսյանը։

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Շուշիի Սբ. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին ադրբեջանական ուժերի կողմից վերածվել էր զինապահեստի։ Լաչինից ԻՊՈւ կամավորները դուրս են եկել ՀՀ սահմանը, միաժամանակ հետապնդել Քելբաջարի ու Կուբաթլուի ուղղությամբ նահանջող հակառակորդին։ Այդպիսով մաքառող Արցախն անմիջական ցամաքային կապ է հաստատել Հայաստանի հետ, ինչը նշանակում էր կյանքի ճանապարհի բացում, արհեստականորեն մասնատված ժողովրդի երկու հատվածների գործնական վերամիավորում։ Լաչինում կրած պարտությունն ավելի է սրել Ադրբեջանի ներքաղաքական լարվածությունը և միջազգային հանրությանը կանգնեցրել փաստի առաջ՝ ստիպելով վերանայել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ առկա մոտեցումները։ Հայկական կողմի այս ակնառու հաջողություններին հետևել է պարտադրված կարճատև հրադադար, ինչը սակայն խախտվել է 1992-ի մայիսի վերջերին ու հունիսի սկզբներին, երբ Ռուսաստանն Ադրբեջանին հանձնել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք (մոտավոր տվյալներով 150 տանկ, 120 ՀՄՄ, 170 զրահափոխադրիչ, մոտ 150 ականանետ, 90 զենիթահրետանային կայանք, ՍՈւ-25 և ՄԻԳ տեսակի ինքնաթիռներ):

Ռազմական գործողության մանրակրկիտ նախապատրաստության, հմուտ ղեկավարման, բոլոր աստիճանների հրամանատարների հնարամիտ փոխհամագործակցության, հայ ազատամարտիկների վճռական գործողությունների շնորհիվ երկու օրում հաջողվել է ճնշել հակառակորդի դիմադրությունը և ազատագրել ռազմավարական տեսակետից կարևոր Շուշի քաղաքը։ Շուշիի ազատագրմամբ հնարավոր է դարձել նաև Լաչինի ռազմագործողությունը՝ ԼՂՀ շրջափակման օղակի ճեղքումը։ Շուշիի ազատագրումը վերջնականապես հողմացրիվ է արել թվաքանակով ու միջոցներով գերակշռող հակառակորդին սեփական ուժերով հաղթելու անհնարինության մասին առասպելը։ Մյուս կողմից, այն բարոյահոգեբանական խորտակիչ հարված է հասցրել հակառակորդին, որն այդպես էլ հետագա մարտական գործողությունների ողջ ընթացքում չի կարողացել հաղթահարել պարտվածի բարդույթը։

Ինչպե՞ս ընկավ Շուշին

Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շուշիի մատույցներում հայկական ուժերին օգնության մեկնող՝ «Շուշիի արագ արձագանքման» անվանումը ստացած դասակի կամավորականները հայտնվում են շրջափակման մեջ։ Մի քանի ժամ տևած մարտերից հետո 24 հոգանոց անձնակազմից 10-ը զոհվում են, 9-ը` վիրավորվում։ Մյուսները վիրավորների հետ վերադառնում են Շուշի։ Նոյեմբերի 4-ի առավոտյան արդեն հակառակորդն իր վերահսկողության տակ է վերցնում Շուշի-Լիսագոր՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը։

Նոյեմբերի 3-ի ժամը 23:30-ին նորաստեղծ դասակը Շուշիի աշխարհազորի շտաբից խնդիր կատարելու հրաման է ստանում՝ տեղեկանալով, որ «Ջդրդուզի» մոտակայքում լարվածություն կա։ Դասակը գիշերով բունկերից գնում և դիրքավորվում է նախկինում իրենց փորած խրամատներում։ Տղաները զինված էին «AК» ինքնաձիգներով և «РПК» գնդացիրներով, հանդերձավորված՝ սաղավարտներով։ Չունեին գիշերային դիտման սարքեր։ «Ջդրդուզում» 2-3 ժամ դիրքավորված մնալու ժամանակ, բացի հրետակոծությունից, այլ իրադարձություն տեղի չի ունենում։

2020-ի արցախյան պատերազմի վերջում նոյեմբերի 4-ին ադրբեջանական զորքերը սկսեցին Շուշիի վրա հարձակման գործողությունները։ Նոյեմբերի յոթին քաղաքն ընկավ։ «Թշնամու գերնպատակն է գրավել Շուշին, տիրանալ Շուշիին, ինչպես ասում են՝ ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին», — ասում էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Հայկական ուժերն արձանագրել են, որ առաջին անգամ հակառակորդին հաջողվել է անցնել թիկունք՝ Բերձորից մինչև Շուշի ճանապարհի վրա աջ մասում գտնվող ենթակայանի մոտով՝ Քարին տակից։ Սա հիմնական հարձակումն էր։ Ադրբեջանական ուժերը ճանապարհով շարժվել են դեպի Շուշիի՝ խաչմերուկ քաղաքի ցուցանակի դիմաց, մեկ այլ խումբ էլ Ղազանչեցոց փողոցով մտել է քաղաք և տեղակայվել Շուշիի տարբեր հատվածներում։ Ականատեսների պնդմամբ՝ ավելի շատ ոչ թե շրջապատում էր, այլ՝ ծուղակ, որն ամեն վայրկյան նեղանում էր։

Ադրբեջանցիները կարողացել են նաև ճակատը ճեղքել Լիսագորից մինչև Շուշի ընկած հատվածում։ Անտառներով բարձրացել և փակել են ճանապարհը և զբաղեցրել նպաստավոր դիրք՝ հարակից բարձունքներում։ Այդ կերպ Շուշիի ենթակայանի մոտ շրջափակման մեջ պահելով հայկական ուժերին։ Բացի այդ՝ ադրբեջանական ուժերը շատ փոքր խմբերով տարբեր հատվածներում հնարավոր բոլոր անցքերով քաղաք են մտել՝ անցնելով հայկական ուժերի թիկունք։ Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ իրենց հաջողվել է նաև հայտնվել հայկական ուժերի թիկունքում՝ Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին։ Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ նոյեմբերի 5-ի գիշերը թեև քիչ քանակով, սակայն քաղաքում ադրբեջանական ուժեր կային։ Ըստ նրա՝ Վազգեն Սարգսյանի արձանի մոտից կրակոցներ էին լսվում։ Ադրբեջանցիները Շուշին ամբողջովին իրենց վերահսկողության տակ են վերցրել նոյեմբերի 7-ին։

Նոյեմբերի 7-ի կեսօրից հետո հայկական կողմը հակահարձակման է անցել։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ արձանագրվել է շուրջ երեք ծավալուն հակահարձակում։ Զոհված պայմանագրային զինծառայողի հայրը պատմում էր, որ երբ հայկական զորքերը հակահարձակման են անցել և մտել քաղաք, նրանց դեմը ադրբեջանցիներ են եղել։ Ըստ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի՝ նոյեմբերի 7-ին Շուշին այլևս հայկական զորքերի վերահսկողության ներքո չէր։ «Ամսի 7-ին մենք Շուշին արդեն լիովին կորցրած ենք եղել, 8-ին վերադարձրել ենք, 9-ին՝ նորից կորցրել», — ասել է նա։ Ականատեսներն ու ռազմական գործողությունների մասնակիցները մարտական գործողությունների կանոնակարգմանը տալիս էին «բարդակ» բնորոշիչը։ Խուճապի և անհանգստության մասին խոսք չկար էլ։ Ըստ հայկական որոշ լրատվականների՝ նոյեմբերի 9-10-ի՝ պատերազմը դադարեցնելու շուրջ եռակողմ հայտարարությունը՝ ստորագրված Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև, բանակցային սեղանին է հայտնվել հենց նոյեմբերի 7-ից, այն ժամանակ, երբ հայկական կողմն իմացավ, որ Շուշին ընկել է, իսկ հակահարձակման փորձերը՝ տապալվել։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն առաջարկում էր Շուշիի անկման պատճառները փնտրել ակունքներում, այսինքն՝ հայկական ուժերի կողմից քաղաքի ազատագրման պատմությունում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ անդրադարձել է Շուշիի անկմանը։ 2021 թվականի հունիսի արտահերթ խորհրդարանական ընտրություններին նա մեղադրում էր ընդդիմությանը։ Շուշիի օդային տարածքը բաց լինելը Արկադի Կարապետյանը բնութագրում էր ռուսական ասացվածքով՝ «թնդանոթով ճնճղուկ սպանել»։ Շուշիի ազատագրմանը մասնակցած, Շոշի ուղղության հրամանատար Արկադի Կարապետյանը հիշում էր, որ այն ժամանակ կար գաղափարախոսություն։

Նյութը՝ Շուշի․ բերդաքաղաքի վերջին դիմադրությունն ու անկումը | Civil.net-ից, Շուշիի անկումը #The fall of Shushi | Հետք-ից

Այսպիսով՝ Շուշիի ազատագրումը մեր պատմության լուսավոր և փառավոր էջերից մեկն է, որով մենք ամբողջ աշխարհին ցույց ենք տվել, որ ի զորու ենք պաշտպանելու մեր հայրենի սուրբ հողը։ Շուշիի ազատագրումը մեր դաժան և արյունոտ պատմության ամենապայծառ էջերից է, որը ցույց տվեց ազգային համախմբվածությունը համընդհանուր մեկ գաղափարի շուրջ։ Իսկ Շուշիի անկումը թեև անհավասար ուժերի դիմակայության պարտության գագաթնակետ հանդիսացավ, միևնույնն է այնտեղ ևս տվեցինք հարյուրավոր խիզախ և հայրենասեր որդիներ։ Շուշիի պատմությունը հստակ ցույց է տալիս, թե ինչպես կարող է ազգային գաղափարախոսության փոփոխությունն ազդել սեփական հայրենիքն ու պետությունն ընկալելու և նրա համար զոհվելու պատրաստակամության վրա։