Քաղաքականության հետազոտական կենտրոնը /Centre for Policy Studies/ հասարակագիտության ուսուցիչների և հետազոտական վարժարանի սովորողների համար կրթահամալիրում իրականացրեց մեկօրյա դասընթաց /կենտրոնի նախագահ՝ Արմեն Գրիգորյան, կապավորներ՝ Առնոլդ Բլեյան, Էլյա Սահակյան/, որի շրջանակներում դասավանդվեցին ապատեղեկատվությունից և կեղծ նորություններից ու լուրերից խուսափելու միջոցները, ընդհանուր աշխարհաքաղաքական փոփոխություններն ու զարգացումները։
Վստահաբար կարող եմ պնդել, որ դասընթացն արդյունավետ էր։ Ամենասկզբից մենք ծանոթացանք ապատեղեկատվության և վերջինիս տեսակների (դեզինֆորմացիա, միսինֆորմացիա, քլիքբեյթ և այլն․․․) հետ։ Մեզ բացատրեցին, թե յուրաքանչյուր տեսակ ինչ նպատակ է հետապնդում, ինչ շահ ունի և ինչպես է արտացոլվում։ Ընդհանուր առմամբ՝ ես ունեի որոշակի պատկերացումներ, տեղեկություններ նյութի մասին, սակայն ևս մեկ անգամ լսելն ու ավելի մանրամասն հասկանալն ինձ չխանգարեց։ Ապատեղեկատվությունից խուսափելու մեթոդներին քիչ անդրադարձ եղավ, սակայն պետք է նաև նշեմ, որ յուրաքանչյուր տեսակն անցնելիս, մենք կամա-ակամա արդեն ունեցանք սեփական կարծիքները, թե ինչպես կարելի է խուսափել նմանատիպ նորություններից։

Դասընթացի հաջորդ մասը նվիրված էր դիվանագիտական բաղկացուցիչով լիագումար նիստերին։ Ուրախալին այն էր, որ դասընթացը նվիրված չէր միայն մի ասպեկտի, այն է՝ ապատեղեկատվությանն ու նրանից խուսափելու միջոցներին, այլ նաև ուրիշ ոչ պակաս կարևոր ու արդիական թեմաներին։ Գոհացնող էր, որ կար նյութերի բազմազանություն։ Այսպիսով՝ մեզ բաժանվեցին թղթեր, յուրաքանչյուրս ունեցանք մեր կեղծանունները, պաշտոնները, դիրքորոշումներն ու շահերը։ Մասնակիցներից յուրաքանչյուրը ինչ-որ պետության կամ կազմակերպության ներկայացուցիչ էր․ կարող էր լինել արտաքին գործերի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, կամ էլ պարզապես որևէ կուսակցության անդամ։ Ես, ի զարմանս ինձ, դարձա ԵԱՀԿ-ում Ազգային փոքրամասնությունների հարցերով գլխավոր/գերագույն հանձնակատարը։ Դիրքորոշումս էր՝ երկու պետությունների միջև հակամարտությունը լուծել երկխոսության ճանապարհով։ Ըստ էության՝ դիրքորոշումս զարմանալի չէր։ Մի խոսքով՝ ունեցանք ընթացակարգ, օրակարգ։ Ես համատեղությամբ նաև նախագահողներից մեկն էի և Արմեն Ոսկանյանի, խաղի մեջ՝ Անդրեա Մարտինեզի հետ նախագահում էի լիագումար նիստերը։ Պետք է հատուկ նշեմ, որ ինձ համար սա երևի թե ամենակարևոր ու օգտակար հատվածներից մեկն էր, քանի որ սրա ընթացքում կարողացա զարգացնել լիագումար նիստեր վարելու, քվեարկություն կազմակերպելու, ազատ բանակցություններ վարելու ունակություններս։ Շնորհակալ եմ նաև Արմեն Ոսկանյանին՝ աջակցության և սատարման համար։






Երրորդ հատվածն էլ նվիրված էր ներկայիս արտաքին, թե ներքին խնդիրները հասկանալու, վերլուծելու և լուծումներ տալու ուղիներին։ Յուրաքանչյուր խումբ ընտրեց մի թեմա, որի շրջանակներում պետք է կազմեր քարտեզ (մասնակիցներով, դերակատարներով, սադրիչներով և այլն)։ Թիմիս թեման իմ առաջարկությամբ դարձավ իսրայելա-համասյան հակամարտությունը։ Մենք նախ սևագրում գծեցինք քարտեզը, թե ով ում հետ է հակամարտում, ինչ միջնորդներով, դերակատարներով, ովքեր են հովանավորները, դոմինանտները և այլն։ Վերջում հանրային կերպով ներկայացրեցինք աշխատանքը, այնուհետև՝ ստացանք վկայագրերը։



Մի խոսքով՝ դասընթացն իրապես օգտակար էր, արդյունավետ բոլորիս համար։ Ոմանք զարգացրեցին իրենց գիտելիքները, ոմանք՝ ստացան նորերը։ Շնորհակալություն ենք հայտնում Քաղաքականության հետազոտական կենտրոնին՝ երիտասարդությանը ապատեղեկատվությունից հեռու պահելու, հակամարտությունները ճիշտ վերլուծելու, ինչպես նաև որպես որոշող կերպար ֆորումներին մասնակցելու և կարծիք հայտնելու ունակությունները զարգացնելու և առարկայական հնարավորությունն ընձեռելու համար։ Վստահ ենք՝ համագործակցությունը դեռ շարունակական կլինի։
