Ճամբարային երկրորդ օրը մեկնարկեցինք ընդհանուր պարապմունքով։ Ի տարբերություն առաջին օրվա, երբ ծանոթանում էինք կատարվելիք նախագծերին, իրականացվելիք ճամփորդություններին ու այցերին, այսինքն՝ բուն օրակարգին, այս օրը սկսեցինք հետաքրքրաշարժ նախագծերով։

Մեր ջոկատավարը՝ Գոհար Իսկանդարյանը, միջին դպրոցի քիմիայի ուսուցչուհի Վարսենիկ Գրիգորյանի հետ պայմանավորվել էր անցկացնել ոչ պակաս հետաքրքրաշարժ նախագիծ՝ «Ուսուցողական խաղերի ու ծրագրերի կիրառություն»։ Մենք ջոկատի որոշ սովորողներով 45 րոպե դաս անցկացրինք քիմիայի մյուս մասնաճյուղում, 6-ից 8-րդ դասարանցիների հետ քննարկեցինք, սովորեցինք, թե ինչպես պետք է օգտվել Learning apps & Quizziz ծրագրերից։ Նրանց, բազում օգտակար գործիքների կիրառելիությունը ցույց տալուց հետո, արդեն հանձնարարվել է աշխատանք՝ պատրաստել բնագիտական բաղադրիչով վիկտորինա։ Համատեղ և ինքնուրույն ստեղծած բնագիտական ուսուցողական խաղերով սովորողները կմասնակցեն բնագիտատեխնիկական ստուգատեսին։ 

Քանի որ բնագիտատեխնիկական ստուգատեսն անցկացվելու է ձմեռային ճամբարի շրջանակներում, դրան նախօրոք պատրաստվելու համար մեզ առաջադրանք էր տրվել՝ ստեղծել տարբերանշաններ, որոնցից չորեքշաբթի օրն արդար ընտրություններով պետք է հաղթեր ամենագեղեցիկն ու տպավորիչը։ Այդպես էլ եղավ հաջորդ օրը։

Ընդհանուր առմամբ՝ երկրորդ օրը ևս անցավ արդյունավետ։ Ես կարողացա հետազոտական աշխատանքի որոշ նրբություններ քննարկել խորհրդատուներիս և ղեկավարիս հետ։ Բացի այդ՝ ունեցանք լիքը ժամանակ խաղալու, միմյանց հետ շփվելու, գիրք կարդալու, ինչպես նաև հաջորդ փորձերին ու նախագծերին պատրաստվելու համար։