Հունվարյան ճամբարի երկրորդ շաբաթի մեկնարկը տվեցինք։ Առջևում շատ ու շատ հետաքրքիր ու բազմատեսակ նախագծեր են սպասվում։ Ընդհանուր պարապմունքին մասնակցելուց հետո՝ ջոկատով վերջնական քննարկեցինք շախմատի մրցաշարը և ավագ դպրոցի սովորողներին ուղարկեցինք մասնակցության հայտի լրացման ձևաթուղթը։ Շախմատի մրցաշարն անցկացվելու է “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում։ Մասնակիցներն են լինելու ավագ դպրոց-հետազոտական վարժարանի 9-12 դասարանների սովորողները։ Նպատակն է խթանել տրամաբանությունը, ռազմավարությունն ու մարտավարությունը։ Անցկացման վայրը լինելու է մարմարյա սրահը։
Շախմատի մրցաշար ձմեռային ճամբարի շրջանակներում
Նախորդ օրը՝ հունվարի 15-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոց-հետազոտական վարժարանի հասարակագիտական և քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիայում տեղի ունեցավ հետազոտական աշխատանքների պաշտպանություն։ Պաշտպանությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սովորողները տպավորված էին աշխատանքներով, վարչապետը որոշ դիտարկումներ արեց և կարևորեց հետազոտական բաղադրիչը հանրակրթության ոլորտում։ Լուսաբանումը կարող եք ընթերցել ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։
Ի դեպ, այսօր ևս երկու շատ հետաքրքիր միջոցառումներ տեղի ունեցան։ Առաջինը, կրթահամալիրում մեկնարկել է թենիսի մրցաշարը, որին Գոհար Իսկանդարյանի ջոկատից գրանցվել է շուրջ 4 սովորող։ Այսօր շատ սպասված մրցաշարի առաջին փուլն էր։ Երկրորդ կարևոր միջոցառումը 11-րդ դասարանի սովորող Արի Ագոփի նախագծային խմբի առաջին դիջիդասընթացն էր, որի շրջանակներում Արի Ագոփը և Սյուզի Մելիքյանը ներկայացրին, թե ինչպես կարելի է ստեղծել հաշիվ Վիքիպեդիայում և ընդլայնել հայերեն լեզվով հրապարակված նյութերի, հոդվածների թիվը։ Դիջիդասընթացների մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել Արի Ագոփի ուսումնական բլոգում։ Ես՝ ինքս, շատ եմ կարևորում նման հանդիպումների և դասընթացների անցկացումը կրթահամալիրում, քանի որ այն խթանում է սովորողների սերը հայագիտության, հայրենաճանաչության հանդեպ։
Այսպիսով՝ լիովին վստահ եմ, որ դեռ ունենալու ենք նմանատիպ հետաքրքիր, բազմաբովանդակ, ուսումնական կարևոր նախագծեր մեր առօրյայում։












